Քննարկվել են ֆինանսական ու տնտեսական ոլորտներում հայ-իտալական համագործակցությանն առնչվող հարցեր
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիին:
Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը Դավիթ Սարգսյանը բարձր է գնահատել հայ-իտալական գործընկերությունը՝ Իտալիան համարելով նաև Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու կարևոր օղակ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ֆինանսական ու տնտեսական ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու, ինչպես նաև երկու երկրներում առկա ներուժն ամբողջությամբ օգտագործելու անհրաժեշտությունը: Մասնավորապես խոսվել է «Հայ-իտալական առևտրաարդյունաբերական ասոցացիայի» շրջանակներում փոխադարձ ծրագրեր իրականացնելու, գործարարների ներգրավելու և տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու մասին:
Թե նախարարը, և թե դեսպանը պատրաստակամություն են հայտնել անել հնարավորը՝ երկկողմ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու և տնտեսական փոխշահավետ նախաձեռնություններն ավելացնելու համար: