Կոնյակի արտադրության ծավալները կրճատվել են
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 14 մլն 684.9 հազար լիտր կոնյակ: Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ կոնյակի արտադրության ծավալները նվազել են 5,6%-ով:
Հատկանշական է, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ցուցանիշներից է կախված, թե արդյոք մեր երկրում կպահպանվի կոնյակի արտադրության ծավալների՝ վերջին 4 տարիների ընթացքում գրանցված շարունակական աճը:
Նշենք, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո Հայաստանում կոնյակի արտադրության ծավալներն անընդմեջ աճում էին: 2013 թվականին Հայաստանում արտադրվել էր շուրջ 20,2 մլն լիտր կոնյակ, 2012 թվականին` 18,5 մլն լիտր:
2011 թվականին արտադրվել էր 15,3 մլն լիտր, 2010 թվականին` 12.6 մլն լիտր, 2009 թվականին` 9.8 մլն լիտր, իսկ 2008 թվականին` 15.9 մլն լիտր կոնյակ: