Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Արթուր Ջավադյան. «Հայաստանի ֆինանսական համակարգը բազմիցս ապացուցել է ցնցումներին դիմակայելու իր ունակությունը»
26/12/2014 22:30
Կիսվել

Արթուր Ջավադյան. «Հայաստանի ֆինանսական համակարգը բազմիցս ապացուցել է ցնցումներին դիմակայելու իր ունակությունը»

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ելույթ է ունեցել Կենտրոնական բանկում հրավիրված՝ 2014 թվականի տարեվերջյան ավանդական ընդունելության ժամանակ: ԿԲ նախագահի խոսքը ներկայացնում ենք ստորև.

«Մեծարգո Նախագահ, հարգելի հյուրեր, գործընկերներ

Ողջունում եմ բոլորիդ ավանդական դարձած այս տոնական միջոցառման կապակցությամբ: Ուրախ եմ, որ հաջողվեց վերջին շրջանում ֆինանսական շուկաներում հավասարակշիռ վիճակը վերականգնել և կայուն պայմաններում դիմավորել ամանորը: Մեր քաղաքացիների և տնտեսվարողների մոտ դեռևս կան մտավախություններ գալիք տարվա առաջին ամիսների հետ կապված, սակայն մեր կողմից արդեն իսկ գործի դրված միջոցառումները երաշխավորելու են ֆինանսական շուկայում կայունությունը:

Ցանկանում եմ երախտիքի խոսքս ուղղել մեր այն քաղաքացիներին և տնտեսվարողներին, ովքեր վստահում են դրամին` մեր անկախության և պետականության կարևոր խորհրդանիշներից մեկին և շեշտել անկախ միջազգային փորձագետների կարծիքը, որ հայկական դրամը զարգացող երկրների և հատկապես մեր տարածաշրջանի երկրների ամենակայացած արժույթներից է: Նրանք, ովքեր վստահեցին ազգային արժույթին և անհարկի գործարքներ չիրականացրեցին, զերծ մնացին արտարժույթի փոխարկումների արդյունքում առաջացած վնասներից:   

Ներկայումս էլ շատ տնտեսվարող սուբյեկտներ փորձում են արհեստականորեն, զանազան ուղիներով ձևավորել դրամի արժեզրկման սպասումներ՝ փորձելով մեղմել իրենց իսկ սպեկուլյատիվ գործարքների արդյունքում ձևավորած վնասները: Ժամանակն է համապատասխան դասեր քաղելու:  

Թե՛ աշխարհում, թե՛ տարածաշրջանում ընթացող տնտեսական և քաղաքական խորը կառուցվածքային տեղաշարժերն իրենց խտացված անդրադարձն են թողնում Հայաստանի տնտեսության վրա: Սակայն, Հայաստանի տնտեսությունը տարբերվում է իր հիմնարարներով և այդ առումով Ռուսաստանի տնտեսության ազդեցությունը, կամ վերջինիս բանկային համակարգի խնդիրները չեն կարող ամբողջությամբ տեղափոխվել մեր տնտեսություն: Դա պարզապես անհնար է:

Միևնույն ժամանակ, նոր մոտեցումներ և ճկունություն է անհրաժեշտ աշխարհում առկա մարտահրավերներին արձագանքելու և երկարաժամկետ կայուն տնտեսական աճի հիմքերը ամրապնդելու համար: Վերջին ամսվա ընթացքում Հայաստանի ֆինանսական շուկայի տարերային զարգացումները միայն ստանդարտ մոտեցումներով չէին կարող հաղթահարվել: Մենք գիտակցում ենք, որ գործում ենք նոր միջավայրում, որտեղ անհրաժեշտ է հաշվի նստել նաև հասարակության վարքագծի արագ փոփոխությունների հետ:

Երկարաժամկետ տնտեսական աճի ձեռքբերման և դրա համար կարևոր նախապայման հանդիսացող գների կայունության ապահովման նպատակին էր ուղղված 2014 թվականի ընթացքում Կենտրոնական բանկի խորհրդի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական նվազեցման  քաղաքականությունը: Տարվա վերջի զարգացումները փոխեցին մեր քաղաքականության ուղղությունը, և այսօր կարող ենք արձանագրել, որ մեզ հաջողվեց զսպել ֆինանսական շուկայի գերարձագանքը և որոշակիորեն մեղմել գնաճային ճնշումները: Այս գործընթացն ուղեկցվեց պետական մյուս մարմինների և միջազգային ֆինանսական կառույցների հետ սերտ համագործակցությամբ:  

Ֆինանսական կայունության տեսանկյունից անհրաժեշտ եմ համարում շեշտել, որ Հայաստանի ֆինանսական համակարգը բազմիցս ապացուցել է և տարեվերջին կրկին ապացուցեց ցնցումներին դիմակայելու իր ունակությունը: Այդուհանդերձ, պետք է նշեմ, որ չնայած բանկային համակարգը բավարար կապիտալացված է, 2015 թվականին էապես մեծացնելու ենք բանկային համակարգի կայունության պահանջները: Այն է՛լ ավելի կամրապնդի դրսից եկող ցնցումների նկատմամբ ֆինանսական համակարգի դիմադրողականությունը և կմեծացնի տարածաշրջանում բանկային համակարգի մրցունակությունը: Դրա համոզիչ ուղին բանկային համակարգի խոշորացումն է:

Ընդհանուր առմամբ 2014 թվականը ֆինանսական համակարգի համար նշանավորվեց որպես մարտահրավերներով լեցուն, սակայն նաև ձեռքբերումների տարի: Ֆինանսական համակարգը տարվա ընթացքում շարունակեց ցուցաբերել դինամիկ կայուն աճի միտումներ՝ իր դերակատարումն ունենալով տնտեսական աճի խթանմանը: Տարվա ընթացքում շարունակվել են պահպանվել տնտեսության իրական և ֆինանսական հատվածների ինտեգրման խորացման միտումները: Սա են փաստում ֆինանսական համակարգի ակտիվների ու վարկերի համախառն ներքին արդյունքի հետ հարաբերակցության ցուցանիշների 6 և 8 տոկոսային կետերով աճերը: Ներկայումս ֆինանսական համակարգի ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմում է 83%, իսկ վարկեր/ՀՆԱ ցուցանիշը՝ 50%` առաջ անցնելով տարածաշրջանի երկրներից:

Նշեմ նաև, որ այս տարի Կենտրոնական բանկը Կառավարության հետ համատեղ շարունակել է ակտիվ աջակցություն ցուցաբերել սոցիալական վարկային ծրագրերի իրականացմանը՝ մասնավորապես հիփոթեքային, գյուղատնտեսական, զինծառայողներին, ուսանողներին, երիտասարդ տարբեր մասնագետներին տրվող և այլ վարկային ծրագրերով:

Կենտրոնական բանկը շարունակել է խորացնել համագործակցությունը տարբեր միջազգային կառույցների հետ` տարեվերջին կնքելով շուրջ 100 միլիոն դոլարի նոր պայմանագրեր: Մեր կողմից վարվող մակրոտնտեսական քաղաքականության դրական գնահատականով հանդես եկավ ԱՄՀ-ն՝ դեկտեմբերի 19-ին իր խորհրդում հաստատելով Հայաստանի և ԱՄՀ եռամյա համատեղ ծրագրի առաջին պարբեաշրջանի գնահատումը և դեկտեմբերի 23-ին Կենտրոնական բանկի հաշվին փոխանցելով ԱՄՀ վարկի հերթական տրանշը:

Ամփոփելով՝ ցանկանում եմ նշել, որ Կենտրոնական բանկը արդյունավետ աշխատելու պատրաստակամությամբ և բարձր պատասխանատվությամբ է մուտք գործում 2015 թվական:

Մեծարգո Նախագահ, հարգելի հյուրեր և գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Թող նոր՝ 2015 թվականը լինի խաղաղության, մարտահրավերների հաղթահարման և ձեռքբերումների տարի:

Շնորհակալություն»:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11