Կարեն Ճշմարիտյանն ընդունել է ՀԲ զբոսաշրջության ոլորտի վարկային ծրագրի պատվիրակությանը
Սեպտեմբերի 29-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Համաշխարհային բանկի «Տուրիզմի ենթակառուցվածքներ և տեղական տնտեսության զարգացում» վարկային ծրագրի ղեկավար, կայուն զարգացման ոլորտի պատասխանատու Ահմեդ Այվեյդայի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին քաղաքաշինության զարգացման ոլորտի մասնագետ Ռոսաննա Նիտտին և քաղաքաշինության և կայուն զարգացման ոլորտի վերլուծաբան Նոռա Միրզոյանը:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը և Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արման Խաչատրյանը:
Ողջունելով Ահմեդ Այվեյդային և պատվիրակության անդամներին` Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ զբոսաշրջության ոլորտի ենթակառուցվածքների բարելավումը ոլորտում վարվող պետական քաղաքականության հիմնական խնդիրներից է, իսկ ՀԲ «Տուրիզմի ենթակառուցվածքներ և տեղական տնտեսության զարգացում» վարկային ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի հարավային շրջաններում զբոսաշրջության զարգացումը ենթակառուցվածքային ծառայությունների բարելավման և ինստիտուցիոնալ կարողությունների ավելացման միջոցով:
Էկոնոմիկայի նախարարը հատկապես ընդգծել է ծրագրի ճկուն լինելու անհրաժեշտությունը, որպեսզի հնարավորություն ընձեռվի ռեսուրսներն օգտագործել առավել արդյունավետ և զարգացնել ոչ միայն Հայաստանի հարավային, այլ նաև մյուս շրջանների զբոսաշրջային ենթակառուցվածքները: