Հայկական արտադրության ոսկերչական զարդերի պահանջարկը կրճատվել է
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, մեր երկրի հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման ճյուղում գրանցվել է շուրջ 35% աճ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Նախարարության կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքների համաձայն՝ հաշվետու ամիսներին էներգետիկայի ոլորտում աճը կազմել է 4.6%, մշակող արդյունաբերության ճյուղերում` 4.0%:
Մշակող արդյունաբերության աճին նպաստել են պատրաստի մետաղական արտադրատեսակների, մանածագործական արտադրատեսակների, դեղագործական արտադրանքի, ինչպես նաև ծխախոտի արտադրության ծավալների աճը:
Միևնույն ժամանակ, անկում է գրանցվել ոսկերչական զարդերի արտադրության ոլորտում՝ շուրջ 30.6%-ով, քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրության ոլորտում՝ 22.9%-ով, էլեկտրական սարքավորանքի արտադրության ոլորտում՝ 21.3%-ով, ինչպես նաև խմիչքների արտադրությունում` 10.7%-ով: