Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Կարեն Կարապետյան. ՏՏ ոլորտում տարեկան ստեղծվում է շուրջ 100 ընկերություն
27/09/2017 16:17
Կիսվել

Կարեն Կարապետյան. ՏՏ ոլորտում տարեկան ստեղծվում է շուրջ 100 ընկերություն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 10-րդ՝ «ԱրմԹեք 2017» գլոբալ համաժողովի բացմանը:

Ողջունելով մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ ամենամյա այս միջոցառումը կարևոր հարթակ է ոլորտի ձեռքբերումների ներկայացման, նոր գործարար և ներդրումային հնարավորությունների հայտնաբերման, համագործակցության խթանման և փորձի փոխանակման համար: «Հայաստանի Հանրապետության կառավարությունը, առաջնորդվելով տնտեսության մրցունակության բարձրացման և շարունակական տնտեսական աճի ապահովման հրամայականներով, կարևորում է այս ոլորտը, կարևորում է գիտելիքի վրա հիմնված տնտեսություն կառուցելու անհրաժեշտությունը: Պետք է նշենք, որ վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացման բնագավառում և ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ներուժը՝ դառնալու տարածաշրջանային կենտրոն և կարևոր դերակատար: 2008-2016 թթ. ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 20-22 տոկոս աճ, ինչը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությամբ: Բայց դա մեզ պետք է չհանգստացնի, դա այս ոլորտի գագաթնակետը չէ, և աճի տեմպերը, իմ պատկերացմամբ, կարող են լինել շատ ավելի բարձր», – իր ելույթում ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետի խոսքով՝ ներկայում ՀՀ կառավարության կողմից մասնավոր հատվածի հետ համատեղ հաջողությամբ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը, արտահանման և ներդրումների ծավալների ավելացմանը, վերազգային կազմակերպությունների ներգրավմանը, ոլորտի տարածքային համաչափ զարգացմանը, որակյալ տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանն ու կրթական կարողությունների հզորացմանը, ինչն իր հերթին խթանում է համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա Հայաստանի կայուն դիրքավորումը: «Հատկանշական է համագործակցությունը վերազգային ընկերությունների հետ: Այսօր Հայաստանում գործում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այնպիսի առաջատար անդրազգային ընկերություններ, ինչպիսիք են` «Սինոփսիս», «Մենթոր Գրաֆիքս», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Մայքրոսոֆթ», «Վի Էմ Ուեր», «Դ-Լինկ», «Օրաքլ», «Սիսկո» և այլ ընկերություններ: «Մայքրոսոֆթ» և «ԱյԲիԷմ» ընկերության հետ համատեղ Հայաստանում հիմնվել ու ներկայում հաջողությամբ գործում են «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը և Նորարարական լուծումների ու տեխնոլոգիաների կենտրոնը: Ոլորտի զարգացմանը նոր թափ հաղորդելու և նոր ընկերությունների ու աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ: Արդյունքում, վիճակագրությունը ցույց է տալիս, որ ոլորտում տարեկան ստեղծվում է շուրջ 100 ընկերություն։ Կարծում եմ, որ մենք այստեղ նույնպես աճի տեղ ունենք», – նշել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարության կարևոր խնդիրներից է նաև տեխնոլոգիական ոլորտի որակյալ կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը: Վերջին տարիներին հիմնվել են մի շարք ուսումնական կենտրոններ և լաբորատորիաներ, այդ թվում` Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL), «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական դեպարտամենտը, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը և այլն: Ուշադրության կենտրոնում է գտնվում նաև ոլորտի տարածքային համաչափ զարգացումը, ինչի ապացույցն են գործող Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները: «Կարևորում ենք նաև, որ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող հայկական կազմակերպությունները նախկին արտապատվիրման ուղղվածությունից աստիճանաբար վերաճում են հետազոտություններ և մշակումներ իրականացնող և ամբողջական բարդ ինժեներական լուծումներ առաջարկող կազմակերպությունների, որոնց կողմից թողարկված մրցունակ տեխնոլոգիական լուծումներն ու արտադրանքն իրացվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկաներում: Այսօր մենք ունենք լուրջ մրցակցային առավելություններ թե´ տարածաշրջանում, թե´ այլ երկրների համեմատ», – ասել է վարչապետը՝ տեղեկացնելով, որ ՏՏ ոլորտի օրինակով ՀՀ կառավարությունը ներկայում քայլեր է իրականացնում նաև ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների և տեխնոլոգիական այլ ուղղությունների զարգացման նպատակով:

Կառավարության ղեկավարը կարևորել է այն հանգամանքը, որ «Արմթեք 2017»-ն անցկացվում է շատ արդիական՝ կիբերանվտանգության թեմայով։ «Տեխնոլոգիաների զարգացման այսօրվա իրավիճակում աշխարհն ունի բազմաթիվ մարտահրավերներ, որոնց լուծումն անհնար է պատկերացնել առանց կիբերանվտանգության, տեղեկատվական անվտանգության խնդիրների լուծման։ Եվ որքան մեզ հաջողվի արդյունավետ լինել այս դաշտում, այնքան ավելի արագ կապահովենք տեխնոլոգիաների մուտքն առօրյա կյանք։ Սա վերաբերում է ոչ միայն կառավարության, այլև մեր տնտեսության բոլոր ճյուղերի արդյունավետության բարձրացմանը՝ սկսած բանկային համակարգից ավարտած գյուղատնտեսությամբ»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկեր տեղական, վերազգային և միջազգային կազմակերպություններին` Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում ցուցաբերած կանոնավոր աջակցության համար: «Մենք հետևողականորեն շարունակելու ենք Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ որդեգրված քաղաքականությունը և խորացնելու և ընդլայնելու ենք համագործակցությունը միջազգային, այս բնագավառի վերազգային և տեղական կազմակերպությունների հետ, ինչը կխթանի ոլորտի մրցունակության բարձրացումը ու ոլորտում կայուն տնտեսական աճի ապահովումը:

Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ նորից ողջունել ձեզ, մաղթել արդյունավետ աշխատանք: Մեր տեղական ընկերություններին ցանկանում եմ շատ ավելի ակտիվ և համարձակ լինել, որովհետև մենք հայտարարել ենք, որ կառավարությունը պատրաստ է յուրաքանչյուր տրամաբանական, նույնիսկ եթե անհրաժեշտ է, հեղափոխական լուծումների գնալուն: Շատ ակտիվ եղեք նաև կրթական համակարգում: Մենք հայտարարել ենք, որ կրթական համակարգի կառավարումը կարող ենք տրամադրել ձեզ, եթե հաշվի ենք առնում, որ ոլորտի զարգացման համար դա մեր նեղ տեղերից է: Այդ իսկ պատճառով ձեզ լավ տրամադրություն, հաջողություններ և լավ աշխատանք», – խոսքը եզրափակել է վարչապետ Կարապետյանը:

«ԱրմԹեք 2017» գլոբալ համաժողովը նպատակ ունի աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների աճը: Այս տարի ֆորումը նվիրված է կիբերանվտանգության ոլորտին: Քննարկման գլխավոր թեմաներն են՝ կիբերանվտանգության զարգացման մարտահրավերները և ռազմավարական ուղղությունը, կիբեր սպառնալիքները և պաշտպանվելու հնարավորությունները մասնավոր և հանրային հատվածում, կիբերանվտանգության ապագան՝ իրերի ինտերնետ, արհեստական բանականություն, ավտոմատացում և այլն: Նախատեսվում է, որ «ԱրմԹեք 2017»-ը կներգրավի ավելի քան 200 մասնակից: Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41