Տնտեսական

USD BUY - 367.00-0.50 USD SELL - 369.50-1.50
EUR BUY - 429.00+0.00 EUR SELL - 435.50-0.50
OIL:  BRENT - 105.21+4.95 WTI - 99.15+3.91
COMEX:  GOLD - 4728.10+0.16 SILVER - 85.90+6.84
COMEX:  PLATINUM - 2107.30+2.33
LME:  ALUMINIUM - 3579.50+2.18 COPPER - 13943.00+2.73
LME:  NICKEL - 19253.00+1.91 TIN - 55708.00+3.40
LME:  LEAD - 1987.50+0.63 ZINC - 3480.00+1.46
FOREX:  USD/JPY - 157.57+0.59 EUR/GBP - 1.1757-0.23
FOREX:  EUR/USD - 1.1757-0.23 GBP/USD - 1.3583-0.36
STOCKS RUS:  RTSI - 1126.55+2.28
STOCKS US: DOW JONES - 49704.47+0.19 NASDAQ - 26274.13+0.10
STOCKS US: S&P 500 - 7412.84+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 62742.57+0.52 TOPIX - 3872.90+0.83
STOCKS CHINA:  HANG SENG - 26347.91-0.22 SSEC - 4214.49-0.25
STOCKS EUR:  FTSE100 - 10269.43+0.36 CAC40 - 8056.38-0.69
STOCKS EUR:  DAX - 24350.28+0.05
12/05/2026  CBA:  USD - 368.62-0.34 GBP - 498.82-2.6
12/05/2026  CBA:  EURO - 432.76-1.47
12/05/2026  CBA:  GOLD - 56047-197 SILVER - 952.85-3.73
Գյուղատնտեսության փոխնախարարն ամփոփել է գյուղոլորտում իրականացված միջազգային ծրագրերի արդյունքները
20/12/2017 09:01
Կիսվել

Գյուղատնտեսության փոխնախարարն ամփոփել է գյուղոլորտում իրականացված միջազգային ծրագրերի արդյունքները

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանն ամփոփել է 2017 թվականին գյուղոլորտում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքները և ներակայացրել  առաջիկա ծրագրերն ու անելիքները:

Փոխնախարարի խոսքով` միջազգային կառույցների հետ իրականացվող ծրագրերի հիմնական թիրախում  եղել է փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը:

«Մենք ավելացրել ենք ՓՄՁ-ներին  ուղղված  ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը, իսկ խոշոր ձեռնարկությունների համար միջավայրի բարելավում ապահովել, որպեսզի նրանք կարողանան ավելացնել ներդրումների ծավալները գյուղատնտեսության ոլորտում:  Մեր նպատակն է  խթանել բարձրարժեք գյուղատնտեսությունը և բարձրացնել արտադրողականությունը: Մենք աշխատում ենք ավելացնել ավանդական շուկաներ արտահանման ծավալները, ինպես նաև դիվերսիֆիկացնել արտահանման աշխարհագրությունը` հաշվի առնելով ազատ առևտրի համաձայնագրերը և  Եվրամիության հետ GSP+, իսկ ԱՄՆ-ի հետ GSP  Արտոնությունների ընդհանրացված համակարգը: Ինչ վերաբերում է տեղական շուկային, ապա մեր նպատակներից է  խթանել առողջ ապրելակերպը և ավելացնել գյուղատնտեսությունում զբաղվող անհատների և կազմակերպությունների թիվը` օրգանական գյուղատնտեսության զարգացման միջոցով»,-մասնավորապես նշել է Արմեն Հարությունյանը:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ Եվրամիության և Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող օրգանական գյուղատնտեսոււթյան զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակում հաջողվել է կրկնապատկել արտադրողների թիվը, այս պահին հանրապետությունում առկա է 86 արտադրող:

Փոխնախարարն ընդգծել է, որ ծրագրերը նպատակաուղղված են եղել 6 հիմնական ուղղությունների ֆինանսավորմանը` գյուղական ենթակառուցվածքներ, ֆինանսական միջոցների մատչելիություն, մարդկային կապիտալի զարգացում, ինստիտուցիոնալ բարեփոխումներ, գյուղատնտեսական ռիսկերի նվազեցում, նորագույն տեխնոլոգիաների ներդրում:

Գյուղական ենթակառուցվածքների զարգացում

Արմեն Հարությունյանը մասնավորապես տեղեկացրել է, որ այսօր ԵՄ-ի կողմից ստորագրվել է Ֆրանսիայի զարգացման գործակալությանը տրամադրվող 10 մլն եվրո դրամաշնորհը, որը 2018-2020 թվականներին կուղղվի Արարատի և Արմավիրի մարզերում երկրորդային ոռոգման, կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրմանը ու հողերի կոնսոլիդացմանը: Այս ծրագրի շրջանակներում գյուղացիական տնտեսությունները նշված մարզերում կստանան ֆինանսական և տեխնիկական օժանդակություն: Առանձին բաղադրիչով նախատեսվում է նաև կոոպերատիվների զարգացման օժանդակություն: Այս ուղղության ներքո փոխնախարարը կարևորել է նաև ՀԲ-ի կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության», և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության» ծրագրերը:

Ֆինանսական միջոցների մատչելիություն

Արմեն Հարությունյանը նշել է, որ աշխատանքներ են իրականացվում միջազգային կառույցների հետ, որոնք իրենց ռեսուրսները տեղաբաշխում են տեղական բանկերի միջոցով,  և դրանք էլ իրենց հերթին այս միջոցները ցածր տոկոսադրույքներով տրամադրում են գյուղացիական տնտեսություններին: Նա կարևորել է նաև տարբեր ուղղություններով պետական սուբիսդավորման ծրագրերի իրականացումը:

Մարդկային կապիտալի զարգացում

Արմեն Հարությունյանի խոսքով` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կարևորում է կրթության որակի,  խորհրդատվական համակարգի և գիտական կառույցների հզորությունների բարելավումը: Այս առումով այժմ Միավորված ազգերի զարգացման ծրագրի (UNDP) հետ համատեղ մշակվում է «Սոցիալական ներդրումների բաժնետոմսեր» փորձնական ծրագիրը,  որի շրջանակում կընտրվեն և կֆինանսավորվեն դաշտում գործող առավել արդյունավետ խորհրդատվական կազմակերպությունները:

Ջերմոցային տնտեսությունների զարգացման նպատակով Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի հետ համատեղ միջոցներ են ձեռնարկվում ջերմատնային ագրոնոմների վերապատրաստման ուղղությամբ:

Ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներ

Ինստիտուցիոնալ բարեփոխումների տեսանկյունից նոր մեկնարկած ծրագրերից է Ճապոնիայի կառավարության կողմից և Համաշխարհային բանկի միջնորդությամբ Գյուղատնտեսության քաղաքականության մոնիթորինգի և գնահատման կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագիրը,  որի հիմնական նպատակը գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի մոնիթորինգի և գնահատման նոր համակարգերի ներդրումն է:

Օրենսդրական դաշտի բարելավման ուղղությամբ ներկայումս ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ընթացքի մեջ են «Գյուղատնտեսության մասին օրենքի» և «Օրգանական գյուղատնտեսության մասին օրենքի» նոր նախագծերի մշակումը:

Գյուղատնտեսական ռիսկերի  նվազեցում

Փոխնախարարը  գյուղատնտեսական ռիսկերի նվազեցման հարցում կարևորել է գյուղատնտեսական ապահովագրության ներդրումը և ֆիզիկական պաշտպանության միջոցները: Նրա խոսքով` 2018 թվականից կմեկնարկի կարտապաշտապան ցանցերի ներդրման նպատակով պետական սուբսիդավորման ծրագիրը` զուգահեռ գյուղապահովագրության համակարգի ներդրմանը: Այս նպատակով  նախօրեին KfW բանկի հետ ստորագրվել է 5 մլն  եվրո արժողությամբ դրամաշնորհի համաձայնագիր, որից 4,8 մլն-ը կուղղվի  ապահովագրության սուբիսդավորման վճարներին, իսկ 200 000-ը տեխնիկական օժանդակություն է: Բացի այդ, Կլիմայի ներդրումային հիմնադրամի կողմից տրամադրվել է 2 մլն եվրո, որից 200,000-ը կտրամադրվի սուբիսդավորման վճարներին, 1,8 մլն-ը` խորհրդատուի վարձրատրությանը: KfW բանկի կողմից հայտարարված խորհրդատուի մրցույթի արդյունքում  ընտրվել է երեք կազմակերպություններից («MF Strategy», «Microfinance», «Agro Insurance Europe» ) բաղկացած կոնսորցիում, որի հետ համատեղ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Կենտրոնական բանկը կպատրաստեն առաջին փորձնական ծրագիրը:

Դրա շրջանակում կստեղծվի  «Նարմա» անվանումը կրող բյուրո, որը կլինի այն գործիքը, որով կգնահատվեն բնածին աղետների վնասները, բյուրոն կզբաղվի նաև ապահովագրական պոլիսների մշակմամբ: Փոխնախարարը հույս է հայտնել, որ 2018 թվականի վերջին կամ 2019 թվականին առաջին եռամսյակում արդեն հնարավոր կլինի ձեռք բերել ապահովագրական պոլիսներ: «Մենք վստահ ենք, որ համակարգն աշխատելու է, և կնպաստի ոչ միայն գյուղատնտեսությամբ զբաղվողների ռիսկերի էական նվազեցմանը, այլև ներդրումների ներգրավմանը», – շեշտել է փոխնախարարը:

Նորագույն տեխնոլոգիաների կիրառում

Փոխնախարարն առանձնահատուկ կարևորել է  նորագույն տեխնոլոգիաների ներդրման և զարգացման անհրաժեշտությունը Հայաստանի գյուղատնտեսությունում:    Նրա խոսքով` Եվրամիության  նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը նվիրած հարթակի  շրջանակում քննարկվել է մեթոդոլոգիա, երբ նկարահանումների միջոցով վաղ փուլում հայտնաբերվում են բույսերի հիվանդությունները, նախատեսվում է նաև տեղեկատվական համակարգերի ներդրում` վիճակագրական տվյալների հավաքագրման, ամփոփման աշխատանքներում:

Ամփոփելով խոսքը` Արմեն Հարությունյանը  նշել է, որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության օժանդակությամբ վերջերս բացվել է ջրախնայողական համակարգով ձկնաբուծարան, որը  մոդելային է մյուս արտադրողների համար:

Փոխնախարարը նաև հավելել է, որ այժմ նախարարությունը վերջնականացնում է համագործակցության էլեկտրոնային հարթակի ստեղծումը, որի միջոցով յուրաքանչյուր ոք կարող է ծանոթանալ ոլորտում իրականացվող ծրագրերին:

12/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.62
-0.34
Եվրո (EUR)
432.76
-1.47
Ռուբլի (RUR)
4.9787
-0.0174
Լարի (GEL)
137.73
+0.06
56047
-197
Արծաթ
952.85
-3.73