ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐՆ ԸՆՏՐՈՒՄ ԵՆ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԷԺԱՆ ՓԱԹԵԹՆԵՐ
Այս տարի Հայաստան ժամանող զբոսաշրջիկներն ընտրում են տուրիստական ավելի էժան փաթեթներ: «Արմենիա թրավլ պլյուս-Մ» տուրիստական գործակալության մենեջեր Արմեն Գրիգորյանը «Բիզնես 24»-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի «թանկ ուղղություններով»` դեպի Իտալիա, Իսպանիա, զբոսաշրջային փաթեթներ չեն տրամադրում: Վերոնշյալ երկրներում հյուրանոցային ծառայությունները թանկ են, հետեւաբար ճգնաժամի պայմաններում դրա պահանջարկը չկա: Փոխարենն ավելի էժան եւ քիչ ծախեր պահանջվող ուղղություններով զբոսաշրջություն կկազմակերպվի, օրինակ` դեպի Անթալիա, Ուկրաինա: Մասնագետի խոսքով` իրենք զեղչեր են կիրառում միայն մշտական հաճախորդների համար, ովքեր երկար տարիներ օգտվում են իրենց ծառայություններից:
«Արգո տուր» գործակալության տուր-մենեջեր Աննա Սիմոնյանը եւս հաստատեց այն տեղեկությունը, որ ներգնա տուրիզմի դեպքում ընտրվում են ավելի էժան փաթեթներ: Նման ծառայություններ ցանկացողների թվում են նաեւ մեր հայրենակիցները` սփյուռքահայերը:
Ա.Սիմոնյանը նշեց, որ, չնայած ճգնաժամին, «Արգո տուր»-ն այս տարի էլ կշարունակի դեպի Իսպանիա եւ Իտալիա տուրփաթեթների տրամադրումը, քանի որ դեռևս պահանջարկ կա: