ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԲԱՐՁՐԱՑՎՈՒՄ Է
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխել է իր սոցիալական քաղաքականությունը` ձեռնամուխ լինելով Հայկական երկաթուղու աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը: Այս տարվա ապրիլից դրանք բարձրացվել են եւս 24 տոկոսով: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ Հայկական երկաթուղու աշխատակիցների միջին աշխատավարձն արդեն կազմում է 115 հազ. դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ բարձրացվել է 46 տոկոսով:
Աշխատավարձերի բարձրացումն ընկերության տնօրենն անհրաժեշտություն համարեց` նշելով, որ բեռների եւ ուղեւորների անվտանգ փոխադրումն ապահովող անձինք պետք է համապատասխան վարձատրություն ստանան: Միաժամանակ նա նշեց, որ սա դեռ բավարար չէ. աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ հետագայում նույնպես քայլեր կձեռնարկվեն: