
Կառավարությունում քննարկվել է Հյուսիս-Հարավ ճանապարհի Տրանշ 2-ի շուրջ ստեղծված իրավիճակը
Մայիսի 31-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանն ընդունել է Հյուսիս-Հարավ ճանապարհի Տրանշ 2-ի շինարարական աշխատանքներն իրականացնող ենթակապալառու ընկերությունների ներկայացուցիչներին: Քննարկման առանցքում է եղել կապալառու ընկերության՝ իսպանական «Կորսան Կորվիամ»-ի, կողմից ենթակապալառու ընկերությունների հանդեպ չիրականացված պարտավորությունների հետ կապված իրավիճակը:
Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը շեշտել է, որ հարցը առաջնային տեղ է զբաղեցնում «Կորսան Կորվիամ»-ի հետ Կառավարության վարած բանակցությունների օրակարգում:
Ձեռք է բերվել համաձայնություն հետևյալի մասին՝
1. Ենթակապալառու ընկերությունները կառավարության հետ երկխոսությունում խուսափելու են վերջնաժամկետների առաջ քաշումից և փողոցներ փակելու գործելաոճից,
2. Կառավարության կողմից 1.5 ամսվա ընթացքում ուսումնասիրվելու են խնդրի լուծման տարբերակները և աշխատանքներ են իրականացվելու ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով: