ՀԱԼԵՊՈՒՄ ԿԲԱՑՎԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՒՆ»
Սիրիայի Առեւտրի պալատների միության հետ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատը պայմանավորվածություն է ձեռք բերել Հալեպում բացել Հայկական տուն, որի միջոցով հնարավոր կլինի ոչ միայն այդ երկրում ներկայացնել Հայաստանի արտադրանքը, այլեւ կազմակերպել դրա վաճառքը: Այսօր այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը` կարծիք հայտնելով, որ դա լուրջ խթան կհանդիսանա Հայաստանից Սիրիա արտահանվող ապրանքների ծավալների ավելացման համար: Միեւնույն ժամանակ այդպես նոր գործարար կապես կհաստատվեն, նոր ծանոթություններ կլինեն, կգտնվեն ընդհանուր եզրեր ոչ միայն արտահանման եւ ներմուծման, այլեւ համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հարցում:
Մ. Սարգսյանը նաեւ տեղեկացրեց, որ Հալեպի առեւտրի պալատի հետ արդեն պայամանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերին Երեւանում անցկացնել սիրիական ապրանքների ցուցահանդես, իսկ հայկական ապրանքների հերթական ցուցահանդեսը կկայանա ընթացիկ տարվա նոյեմբերին Հալեպում: