ՀՀ ՏՄՊՊՀ – ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵՆ ՊԱՆՐԻ ԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Այսօր` նոյեմբերի 3-ին, ՀՀ ՏՄՊՊՀ-ն գումարված նիստում ի թիվս այլ հարցերի անդրադարձավ նաեւ պանրի շուկայում ստեղծված իրավիճակին:
Հիշեցնենք, որ պանրի գների բարձրացման մասին մամուլի հրապարակումներից եւ Հանձնաժողովի պարբերական մոնիթորինգի արձանագրած գների աճից անմիջապես հետո` հոկտեմբերի 22-ին Հանձնաժողով էին հրավիրվել պանրի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ: Նրանք պարզաբանել էին, որպանրի թանկացումը պայմանավորված չէ մրցակցությանն առնչվող խնդիրներով, այլ հետեւանք է մթերվող կաթի գնի բարձրացման: Այս շուկան խիստ ցածր կենտրոնացվածություն ունի, չկան խոշոր տնտեսվարող սուբյեկտներ: Ըստ ՊԵԿ-ի տվյալների, շուկայում գործում է 78 գրանցված սուբյեկտ` չհաշված պանիր արտադրող բազմաթիվ գյուղացիական տնտեսությունները:
Բայց հաշվի առնելով, որ պանրի գնի բարձրացումը մեծ սոցիալական արձագանք է ստացել, եւ մամուլում թանկացման վերաբերյալ տարբեր վարկածներ են առաջ քաշվում, Հանձնաժողովը որոշեց սեփական ուսումնասիրությունն իրականացնել` պանրի գնի բարձրացման պատճառները բացահայտելու նպատակով:
Միաժամանակ, Հանձնաժողովը խնդրում է մամուլում հանդես եկող բոլոր այն տնտեսագետներին, քաղաքական եւ հասարակական գործիչներին, որոնք պանրի գնի բարձրացումը մեկնաբանում են մրցակցության ոլորտին առնչվող խնդիրներով, աջակցել Հանձնաժողովի ուսումնասիրությանը` ներկայացնելով խնդրին առչվող կոնկրետ փաստեր եւհանգամանքներ:
Ուսումնասիրության ավարտին արդյունքները կներկայացվեն հանրությանը: