ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺ Է ԳՐԱՆՑՎԵԼ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարությունն իր նիստում որոշել է «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատազմ» ՊԿՀ հաշվեկշռում գտնվող 24236.3 հազար դրամ արժողությամբ գույքը հետ վերցնել և հանձնել ՀՀ մարզպետարանների աշխատակազմերին։ Խոսքը վերաբերում է տարածքային կառավարման մարմիններում փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Մալբերի» համակարգի կիրառումը հասանելի դարձնելու նպատակով ձեռք բերված 120 համակարգիչները մարզպետարաններին հանձնելուն։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ` վերջին երկու տարում մեծ փոփոխություն է եղել փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ։ Առաջիկայում ձեռք են բերվելու ևս 1100 համակարգիչներ, որոնք ծառայելու են նույն նպատակին։