ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՍՏԱՑԵԼ Է 86 ԲՈՂՈՔ
Ֆինանսական հաշտարարի գրասենյակից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ գրասենյակն իր գործունեության երրորդ եռամսյակում ստացել է ֆինանսական կազմակերպություններին վերաբերող ընդհանուր քանակությամբ 86 բողոք: Ֆինանսական կազմակերպություններին չվերաբերող Գրասենյակի ստացած քաղաքացիների զանգերն ու այցելությունները բազմաթիվ են: Ֆինանսական կազմակերպություններին վերաբերող ութսունվեց բողոքներից քառասունհինգը, համաձայն օրենքի, ենթակա չեն քննության Հաշտարարի կողմից (հաճախորդների մի մասը իրավաբանական անձինք են, մյուսների բողոքները կապված են մինչ Հաշտարարի մասին օրենքն ուժի մեջ մտնելը տեղի ունեցած իրադարձությունների հետ, որոշ պահանջների վերաբերյալ արդեն իսկ առկա է դատարանի որոշում, կամ գործը գտնվում է դատարանի վարույթում, մնացած դեպքերում բողոքները կրում են ընդհանուր բնույթ և ըստ էության չեն պարունակում գույքային պահանջ):
Հաշտարարի քննությանը ենթակա 41 բողոքներից 12-ը երրորդ եռամսյակում ստացվել են գրավոր տեսքով, որոնցից 2-ի քննությունը դադարեցվել է նոր ի հայտ եկած հանգամանքների հիման վրա: Քննած 10 պահանջներից 1-ի վերաբերյալ կայացվել է պահանջը մերժելու վերաբերյալ որոշում, 5 պահանջները բավարարվել են` Հաշտարարի միջամտությամբ հաճախորդին և կազմակերպությանը հաշտեցնելու միջոցով, իսկ մնացած չորս պահանջները դեռևս գտնվում են քննության գործընթացում:
Հաշտարարի քննությանը ենթակա 41 բողոքներից քսանը ներկայացնողները նախապես չէին դիմել ֆինանսական կազմակերպությանը: Նշված քսան բողոքները ներկայացրած հաճախորդները բանավոր դիմել են Հաշտարարի գրասենյակ, որոնց Գրասենյակի աշխատակիցները պարզաբանել են իրենց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև օգնել են շարադրել կազմակերպությանն ուղղված բողոք-պահանջները: Այդ բողոք-պահանջներում նշվել է, որ հաճախորդը պատրաստվում է դիմել Հաշտարարին: Սրա արդյունքում, 7 բողոք բավարարվել է կազմակերպությունների կողմից` առանց Հաշտարարի միջամտության: Ընդհանուր 41 պահանջներից 9-ը (41-20-12=9) չեն քննվել, քանի որ նախնական ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ֆինանսական կազմակերպության գործողություններն օրինական են, հաճախորդի` որպես սպառողի շահերը չեն ոտնահարվել, և պահանջը ենթակա չէ հատուցման: Առաջնորդվելով օրենքով ամրագրված Հաշտարարի գործունեության հիմնական սկզբունքով, այն է` արդյունավետությամբ, հաճախորդները տեղեկացվում են պահանջի հավանական բացասական ելքի վերաբերյալ և իրենք են որոշում` հանձնել պահանջը քննության, թե` ոչ: