Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Կենտրոնական բանկ. 2021 թ. օգոստոսի 3-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրություն
17/08/2021 17:18
Կիսվել

Կենտրոնական բանկ. 2021 թ. օգոստոսի 3-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրություն

2021 թվականի օգոստոսի 3-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Արթուր Ստեփանյանը, Օլեգ Աղասյանը, Հովհաննես Խաչատրյանը, Դավիթ Նահապետյանը:

Խորհրդի նիստը սկսվեց օգոստոսի 3-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային, ֆինանսական և դրամավարկային հատվածների զարգացումները:

Արձանագրվեց, որ 2021թ. հունիսին գրանցվել է 0.8% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 6.5%: Ամսվա ընթացքում գնանկմանը առավելապես նպաստել է «Սննդամթերք, խմիչք և ծխախոտ» ապրանքախմբի գների 2.1%-ով նվազումը, այն դեպքում, երբ ոչ պարենային ապրանքների և ծառայությունների գները մնացել են գրեթե անփոփոխ: Հունիսին 12-ամսյա բնականոն գնաճը ևս շարունակել է արագանալ՝ կազմելով 7.8%։

Ներկայացվեցին արտաքին հատվածում 2021թ. ընթացիկ զարգացումները, որոնց համաձայն երրորդ եռամսյակում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում, ինչպես և սպասվում էր, շարունակվում է տնտեսական ակտիվության և համախառն պահանջարկի արագ տեմպերով աճը՝ պայմանավորված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կիրառման դրական ազդեցություններով և զգալի խթանող քաղաքականությունների իրականացմամբ: Այս պայմաններում ապրանքահումքային միջազգային շուկաներում պահպանվում է բարձր գնաճային միջավայր, որտեղ հատկապես նշանակալի է նավթի գների շարունակվող աճը: Նշված միտումների ազդեցությամբ ՀՀ գործընկեր երկրներում դիտվում է գնաճի և գնաճային սպասումների արագացում, ինչն էլ արտացոլվել է այդ երկրներում 2021թ-ի գնաճի կանխատեսվող  մակարդակների դեպի վերև վերանայմամբ։  Նման  իրավիճակում առաջատար երկրների կենտրոնական բանկերը, ընթացիկ գնաճը համարելով առաջարկի ժամանակավոր գործոնների հետևանք, կանխատեսվող հորիզոնում կշարունակեն վարել խթանող դրամավարկային քաղաքականություն՝ միաժամանակ նախանշելով քանակական ընդլայնման ծրագրերն աստիճանաբար կրճատելու և դադարեցնելու հավանականության մասին: Մյուս կողմից, մի շարք զարգացող երկրների կենտրոնական բանկեր, այդ թվում՝ Ռուսաստանի կենտրոնական բանկը խստացրել են դրամավարկային պայմանները՝ բարձրացնելով քաղաքականության տոկոսադրույքը:

Խորհուրդը քննարկեց ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումները և արձանագրվեց, որ երկրորդ եռամսյակում ևս տնտեսական ակտիվության և ներքին պահանջարկի աճի տեմպերը որոշակիորեն գերազանցել են ԿԲ սպասումները: Տնտեսական ակտիվության աճի որոշակի դրական շեղումը հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտներում դիտված մեծ աճերով, որոնք, ըստ ԿԲ գնահատականների, կշարունակվեն նաև առաջիկա եռամսյակներում։ Դիտարկվող ժամանակահատվածում համախառն պահանջարկի սպասվածից ավելի արագ աճին շարունակել են նպաստել մասնավոր սպառման բարձր աճը, արտասահմանից դրամական փոխանցումների մեծ ծավալները և արտաքին պահանջարկի արագ աճը: Ընդ որում, արձանագրվեց, որ դեռևս դրամական փոխանցումների սպասվածից մեծ ծավալներ են ստացվում ԱՄՆ-ից և այլ երկրներից, չնայած Ռուսաստանից փոխանցվող գումարների տեսակարար կշիռը սպասումներին համահունչ ավելանում է: Նշվեց նաև, որ էականորեն բարելավվում է ՀՀ արտաքին հաշվեկշռի դիրքը, որին նպաստում են արտաքին պահանջարկի և արդյունաբերական մետաղների միջազգային գների աճի պարագայում ՀՀ-ից արտահանման դրական զարգացումները, արտերկրից դրամական փոխանցումների արագացումը և զբոսաշրջության ներհոսքի ավելացումը, ինչն արտահայտվում է նաև ՀՀ արժութային շուկայում։

Խորհուրդը քննարկեց ՀՀ ֆինանսական շուկայում ձևավորված իրավիճակը և արձանագրեց, որ հունիս-հուլիս ժամանակահատվածում կարճաժամկետ տոկոսադրույքները շարունակել են ձևավորվել ԿԲ քաղաքականության տոկոսադրույքի շրջակայքում: Նշված ժամանակահատվածում պետական պարտատոմսերի շուկայում դիտվել է եկամտաբերության աճ՝ կորի ողջ երկայնքով: Արձանագրվեց, որ բանկային համակարգի կողմից տնտեսության վարկավորման գործընթացում ձևավորված միտումները պահպանվում են, այն է՝ ընդհանուր վարկավորման 12-ամսյա աճի տեմպը դանդաղում է՝ հիմնականում սպառողական վարկերի նվազման հաշվին, իսկ հիպոտեկային վարկավորումը շարունակում է աճել նախորդ ամիսներին արձանագրվող գրեթե նույն տեմպերով:

Խորհուրդն անդրադարձավ նաև պահպանվող 12-ամսյա բարձր գնաճային միջավայրի պայմաններում  գնաճային սպասումների հնարավոր ավելացման խնդրին: Այս համատեքստում արձանագրվեց, որ համաձայն գնահատականների վերջին շրջանում ներքին գների փոփոխություններն առավել ճկուն են բարձրացման ուղղությամբ, իսկ իջեցման ուղղությամբ առկա են որոշակի կոշտություններ՝ պայմանավորված գնաճի ապագա սպասումների հետ կապված դեռևս պահպանվող անորոշություններով: Միաժամանակ նշվեց, որ առաջիկայում սպասվում է 12-ամսյա ընդհանուր գնաճի ավելացում՝ հիմնականում սեզոնային պարենային ապրանքների գների աճի հաշվին, իսկ բնականոն գնաճը, որպես գնաճային սպասումների հիմնական կրող, նախկին գնահատականների համեմատ որոշ չափով կնվազի՝ պայմանավորված դրամի արժևորման ազդեցությամբ: Այդուհանդերձ, ԿԲ-ն գնաճային սպասումների ներկա զարգացումները գնահատում է կառավարելի և ԿԲ նպատակին հիմնականում խարսխված, չնայած պահպանվող անորոշությունների ներքո Խորհուրդը դիտարկում է նաև դրանց հետագա փոփոխության ռիսկերի հնարավոր դրսևորման և քաղաքականության համապատասխան արձագանքման սցենարներ:

Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցավ դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Հաշվի առնելով մի կողմից խորհրդարանական ընտրություններից հետո տնտեսաքաղաքական անորոշությունների որոշակի նվազման, արտաքին հաշվեկշռի բարելավմամբ պայմանավորված փոխարժեքի արժևորման ներքո գնաճի ակնկալվող թուլացման, իսկ մյուս կողմից թե՛ արտաքին, թե՛ ներքին պահանջարկի զարգացումներից շարունակվող գնաճային ազդեցությունները՝ Խորհրդի քննարկմանն էր ներկայացվել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով բարձրացնելու առաջարկ: Խորհրդի քննարկման ժամանակ նիստին մասնակցող անդամների խիստ գերակշիռ մեծամասնությունը կարծիք արտահայտեց, որ դրամավարկային պայմանները անհրաժեշտ է խստացնել ավելի մեծ քայլով։ Որպես հիմնական փաստարկներ նշվեցին արտաքին հատվածից սպասվող՝ կանխատեսումների համեմատ առավել բարձր գնաճային ազդեցությունները (համաշխարհային պահանջարկի ավելի խթանող միջավայր, միջազգային գների և բեռնափոխադրումների սակագների առավել բարձր աճեր), փոխարժեքի արժևորման պայմաններում գների ոչ բավարար և հետաձգված արձագանքը, ինչպես նաև գնաճային սպասումների և ՀՀ ռիսկի հավելավճարի վերաբերյալ Խորհրդի՝ առաջարկի հիմքում դրվածի համեմատ առավել բարձր գնահատականները։ Ելնելով նշվածից՝ ԿԲ խորհուրդը ընդունեց վերաֆինանսավորման տոկոսադրույքն ավելի մեծ քայլով՝ 0.5 տոկոսային կետով բարձրացնելու որոշում։ Ընդ որում, նման որոշմամբ Խորհուրդը կարևորեց նաև խթանող դրամավարկային դիրքի արագ չեզոքացումը և հետագայում նաև տոկոսադրույքները դեպի միջնաժամկետ հավասարակշիռ մակարդակը ուղղորդելու անհրաժեշտությունը։ Միաժամանակ, վերահաստատելով ներքին պահանջարկի ավելացմանը զուգահեռ գնաճային սպասումների արագացման ռիսկերի չեզոքացման ուղղությամբ քաղաքականության հետևողականությունը, Խորհուրդը դիտարկեց առաջիկայում դրամավարկային պայմանների հնարավոր խստացման անհրաժեշտությունը։ Նման պայմաններում կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կնվազի և կանխատեսվող 3 տարվա հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

ԿԲ Խորհուրդը գնահատեց, որ տնտեսական հեռանկարների մասով դեռևս պահպանվող անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համարժեքորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը: Որպես առավել ակնառու ռիսկեր Խորհուրդն առանձնացրեց աշխարհում և ՀՀ-ում համավարակի նոր ալիքի տարածման ու դրա տնտեսական հետևանքների հետ կապված ռիսկը և սահմանափակ առաջարկի պայմաններում համաշխարհային պահանջարկի վերականգնման ներքո խորը գնաճային ազդեցության ռիսկը:

Խորհուրդը հաստատեց ԿԲ գործիքների տոկոսադրույքների վերաբերյալ որոշումը և առաջարկվող մամուլի հաղորդագրությունը, որոնք կցվում են:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58