
Կենտրոնական բանկ. Հրապարակվել է 2024թ. Ֆինանսական կայունության հաշվետվությունը
ՀՀ կենտրոնական բանկը «Բիզնես 24»-ին տեղեկացնում է, որ հրապարակվել է 2024 թ. ֆինանսական կայունության հաշվետվությունը։
2024 թվականին ՀՀ ֆինանսական համակարգը ապահովել է ֆինանսական միջնորդության անընդհատությունը՝ երաշխավորելով ֆինանսական ծառայությունների անխափան մատուցումը բնակչությանը և տնտեսավարող սուբյեկտներին: Տարվա ընթացքում բանկային համակարգի վարկային և ավանդային պորտֆելներն աճել են։ Աճել են ինչպես տնային տնտեսություններին, այնպես էլ բիզնեսին տրամադրված վարկերը։ Ընդ որում, աճ արձանագրվել է վարկավորման գրեթե բոլոր հիմնական ուղղություններում։ Բարձր աճի տեմպեր շարունակել են գրանցվել հատկապես սպառողական, հիպոտեկային և շինարարության ոլորտին տրամադրված վարկերի մասով։ Ավանդների աճը մեծապես պայմանավորվել է ռեզիդենտներից ներգրավված ավանդների աճով։
Տնային տնտեսությունների վարկավորման բարձր ակտիվության պայմաններում վերջիններիս պարտքի բեռն աճել է, մինչդեռ վարկերի ժամկետայնության աճի արդյունքում պարտքի սպասարկման բեռի էական աճ չի արձանագրվել։ Տնային տնտեսությունների վարկավորման բարձր աճին գրեթե հավասարապես նպաստել է սպառողական և հիպոտեկային վարկերի աճը։ Տնտեսության եկամուտների աճը վերջին տարիներին ուղեկցվել է նաև վարկային պարտավորությունների ժամկետայնության աճով, ինչը տնային տնտեսություններին հնարավորություն է տվել պահպանելու պարտքի սպասարկման բեռի համեմատաբար կայուն մակարդակը։ 2023-2024 թթ. դիտարկվել է սպառողական վարկերի նկատմամբ բարձր պահանջարկ և վարկավորման աճ։ Վերջինս կարելի է բացատրել տնտեսության եկամուտների աճով, նախորդ տարիներին սպառողական վարկերի նվազող կամ չափավոր աճի ճշգրտման/փոխլրացման գործընթացներով (convergence), ինչպես նաև, անշարժ գույքի շուկայի ակտիվության պայմաններում, նոր բնակարանների համար երկարաժամկետ օգտագործման ապրանքների ձեռքբերման անհրաժեշտությամբ։
Հիպոտեկային վարկերի դեպքում վարկավորման մեծածավալ հոսքեր արձանագրվել են հատկապես 2024 թ. վերջին։ Դա անշարժ գույք ձեռք բերելու որոշումները արագացնելու վարքագծային փոփոխության արդյունք էր՝ պայմանավորված Երևան քաղաքում եկամտային հարկի վերադարձի մեխանիզմի աստիճանական դադարեցմամբ։ ԿԲ-ն իր հրապարակումներում և մամլո ասուլիսներում պարբերաբար հաղորդակցել է անշարժ գույքի շուկայում գերտաքացման և դրանից ածանցված վարկային ռիսկի հնարավոր կուտակման մասին:
Անշարժ գույքի շուկայում դիտարկվել են գների աճի տեմպերի դանդաղման միտումներ։ Եկամտահարկի վերադարձի աստիճանական դադարեցման և անշարժ գույքի պահանջարկի հնարավոր հագեցվածության պայմաններում այս շուկայում ակտիվության հետագա դանդաղումը հնարավոր է համարվում։
Վերջին տարիներին շինթույլտվությունների և բնակարանային շինարարության բարձր աճը, զուգակցված անշարժ գույքի շուկայում պահանջարկի հնարավոր հագեցման և հետագա հնարավոր նվազման միտումների հետ, կարող է ստեղծել ավելցուկային առաջարկի ձևավորման ռիսկեր։ Միևնույն ժամանակ, շինարարության ոլորտին տրամադրված վարկերի մեծածավալ աճը կարող է ոլորտում նախագծերի ֆինանսավորման աղբյուրների հնարավոր փոխարինման, պարտքային բեռի և դրանից ածանցված վարկային ռիսկերի կուտակման ազդակ հանդիսանալ։
Աշխարհաքաղաքական անորոշությունները և առևտրատնտեսական լարվածությունների աճը շարունակել են մնալ որպես համաշխարհային տնտեսական աճին և ֆինանսական կայունությանը սպառնացող հիմնական ռիսկեր:
Նախորդ տարիների խիստ դրամավարկային պայմանների լագային ազդեցությունների արդյունքում համաշխարհային գնաճը դանդաղել է՝ երկրների մեծ մասում հասնելով կամ մոտենալով թիրախային մակարդակներին։ Աճող աշխարհաքաղաքական անորոշությունների և առևտրատնտեսական լարվածությունների ներկայիս միջավայրում բարձր են գնահատվում նաև համաշխարհային տնտեսական աճի հեռանկարի ռիսկերը։ Մասնավորապես՝ սպասվածից ավելի ցածր համաշխարհային տնտեսական աճի ռիսկերը գերակա են դիտարկվում բարձր գնաճի պահպանման ռիսկերի համեմատությամբ։ Այս ռիսկերի նյութականացումը կարող է անդրադառնալ նաև ՀՀ ներքին մակրոֆինանսական միջավայրի վրա՝ ստեղծելով տնտեսական աճի նվազման, մասնավոր հատվածի պարտքային բեռի աճի և դրանից ածանցված վարկային կորուստների նյութականացման ռիսկեր։
Բանկային համակարգը բնութագրվում է կապիտալացման և իրացվելիության բարձր մակարդակով։ Տարվա արդյունքներով բանկային համակարգում գրանցվել է բարձր շահութաբերություն։ Շահութաբերությանը նպաստել են զուտ տոկոսային եկամուտների աճը, ինչպես նաև ցածր վարկային կորուստները։ Զուտ տոկոսային եկամուտների աճը հիմնականում պայմանավորվել է բանկերի հաշվեկշիռների կառուցվածքային փոփոխություններով, ինչպիսիք են սպառողական վարկերի բարձր աճը, վարկային պորտֆելի դրամայնացումը, ռեզիդենտների ավանդների կառուցվածքում ցպահանջ միջոցների մասնաբաժնի աստիճանական աճը։ Որոշակի ազդեցություն է ունեցել նաև արտաքին և ներքին շուկաներում դեռևս պահպանվող հարաբերականորեն բարձր տոկոսադրույքների միջավայրը։ Տնտեսական աճի և վարկային շուկայի ակտիվության ընդլայնման պայմաններում վարկային պորտֆելի որակը բարելավվել է։ Այնուամենայնիվ, վարկավորման որոշակի ոլորտային ուղղություններում ռիսկերի հնարավոր կուտակման և անորոշությունների բարձր մակարդակի ներկայիս միջավայրում վարկային ռիսկը շարունակում է գերակա մնալ։
Մակրո սթրես թեստավորման արդյունքները վկայում են ՀՀ բանկային համակարգի կողմից ռիսկերի կլանման բարձր կարողությունների մասին։ Ուղղորդիչ սցենարով ենթադրվող զարգացումների պարագայում բանկային համակարգի կապիտալի համարժեքությունը պահպանվում է բարձր մակարդակում։ Սթրեսային սցենարով ենթադրվող խիստ վատատեսական հիպոթետիկ զարգացումների պարագայում վարկային և շուկայական ռիսկերից ածանցվող կորուստները կտրուկ աճում են, սակայն բանկային համակարգը դիտարկվող հորիզոնի ողջ ընթացքում մնում է բավականաչափ կապիտալացված։ Ավելին, բանկային համակարգի կապիտալի պաշարները բավարար են տնտեսության անխոչընդոտ վարկավորման ապահովման համար։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ առկա անորոշությունների բարձր մակարդակի պայմաններում մեծ են նաև վատատեսական սցենարի, դրա տևականության և ազդեցության չափի վերաբերյալ անորոշությունները։
ՀՀ ԿԲ խորհուրդը կապիտալի հակացիկլիկ բուֆերի դրույքաչափը (այսուհետ՝ ԿՀԲ) բարձրացրել է 0.25 տոկոսային կետով, ինչի արդյունքում 2025 թ. մայիսի 1-ից ԿՀԲ գործող դրույքաչափը կազմում է 1.75%: 2024 թվականի ընթացքում ֆինանսական ցիկլի ինդեքսը աճել է, իսկ վարկեր/ՀՆԱ ցուցանիշի բացասական ճեղքվածքը՝ զգալիորեն կրճատվել։ Այս պայմաններում ԿԲ մակրոպրուդենցիալ քաղաքականության որոշումները նպատակաուղղված են եղել հասցեագրելու վարկավորման առաջանցիկ աճից ածանցվող հնարավոր ռիսկային զարգացումները։ Դրույքաչափի բարձրացման վերաբերյալ որոշումը կայացնելիս ԿԲ-ն հաշվի է առել նաև բանկերի հաշվեկշիռներում արդեն իսկ կուտակված ռիսկերի գնահատականները, բանկերի կողմից կապիտալի հնարավոր համալրումների ծախսատարությունը, իրականացված սթրես թեստավորման արդյունքները, ինչպես նաև տնտեսության վարկավորման անընդհատության վրա ԿՀԲ դրույքաչափի ավելացման հնարավոր ազդեցությունը։