
Միջազգային հետազոտական պրակտիկա ՀՀ կենտրոնական բանկում՝ աշխարհի առաջատար համալսարանների ուսանողների մասնակցությամբ
Այս ամառ ՀՀ կենտրոնական բանկը կրկին հյուրընկալեց ուսանողների համաշխարհային լայն ճանաչում ունեցող 27 համալսարաններից՝ այդ թվում MIT, Հարվարդ, Փրինսթոն, Կոլումբիա, Լոնդոնի համալսարանական քոլեջ և այլն՝ կազմակերպելու հետազոտական պրակտիկա:
Այս տարի պրակտիկային մասնակցում է 40 ուսանող, որոնցից 23-ը իրենց պրակտիկան կանցնեն՝ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում, 17-ը՝ Երևանում։ Այս տարի մասնակցությունն ավելի քան կրկնապատկվել է նախորդ տարվա համեմատ։
Մասնակցելու համար ուսանողները հաղթահարել են մրցույթի փուլը և ստացել հնարավորություն մաս դառնալու այս բացառիկ ծրագրին: Մասնակիցների թվի աճը վկայում է ինչպես ՀՀ ԿԲ-ի միջազգային ակադեմիական համագործակցության ընդլայնման, այնպես էլ՝ նոր սերնդի տնտեսագետների, վերլուծաբանների և հետազոտողների զարգացմանն ուղղված հանձնառության մասին։
Հուլիսի 18-ին, Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացվեց ծրագրի անդրանիկ շնորհանդեսը, որի ընթացքում Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Լևոն Սահակյանի ղեկավարած թիմի ուսանողներ՝ Ալեքսանդր Ջունը Հարվարդի համալսարանից, Էմանուել Ուզանը Փարիզ II Պանթեոն-Ասաս համալսարանից և Սեթ Քալբերսոնը Փրինսթոնի համալսարանից առաջինը ներկայացրեցին իրենց՝ Կենտրոնական բանկի թվային արժույթի հեռանկարին նվիրված աշխատանքը։
Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ընդգծում է Կենտրոնական բանկի տեսլականը՝ Հայաստանը դարձնել տարածաշրջանային ակադեմիական և հետազոտական հարթակ, որտեղ ձևավորվում է ապագայի տնտեսական միտքը։