
Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը նշել է թվային ռուբլու կիրառման մեկնարկի ժամկետները
Ըստ ՌԴ ֆինանսների նախարարության մշակած նախագծի՝ թվային ռուբլու կիրառումը դաշնային բյուջեի կատարման ժամանակ, այն ծախսերի մասով, որոնք կառավարությունը կհաստատի՝ համաձայնեցված ՌԴ Կենտրոնական բանկի հետ, նախատեսվում է սկսել ընթացիկ տարում, իսկ բյուջետային համակարգի փոխանցումների և դաշնային ու ինքնավար հաստատություններին դրամական միջոցների տրամադրման դեպքում՝ 2026-ի հունվարի 1-ից։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նախատեսվում է, որ 2027-ի կեսերից փոփոխությունները կընդլայնվեն՝ ընդգրկելով նաև Ռուսաստանի ամբողջ բյուջետային համակարգի միջոցներով իրականացվող գործարքները։ Նշվում է, որ դաշնային գանձարանը կստանա լիազորություն՝ թվային ռուբլու հարթակում հաշիվ բացելու և Կենտրոնական բանկ ներկայացնելու այդ արժույթով փոխանցումների հանձնարարականներ։
Այս գարնանը ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել էր, որ թվային ռուբլու լայնածավալ ներդրումը Ռուսաստանում մեծ հավանականությամբ կիրականացվի արդեն հաջորդ տարում։ Հուլիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է համապատասխան օրենքը։
Ըստ Կենտրոնական բանկի առաջարկների՝ երկրի խոշորագույն վարկային կազմակերպությունները պետք է իրենց հաճախորդներին թվային ռուբլով գործարքներ իրականացնելու հնարավորություն տրամադրեն 2026-ի սեպտեմբերի 1-ից։ Նույն ժամկետից թվային ռուբլու հետ աշխատանքի պետք է անցնեն նաև այն ընկերությունները, որոնց տարեկան շրջանառությունը գերազանցում է 120 միլիոն ռուբլին։ Ավելի փոքր բանկերն ու բիզնեսները կկարողանան դա անել մեկ կամ երկու տարի անց՝ կախված իրենց ցուցանիշներից։ Իսկ այն առևտրային կետերը, որոնց տարեկան շրջանառությունը չի անցնում հինգ միլիոն ռուբլին, կազատվեն թվային ռուբլով պայմանավորված աշխատանքի պարտականությունից։