
ԵԿԲ-ն նախատեսում է ընդլայնել թվային արժույթի կիրառումը եվրագոտում
ԵԿԲ-ն նախատեսում է ընդլայնել թվային եվրոյի կիրառությունը և տարեկան մշակել ավելի քան 50 միլիարդ գործարք։ Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ թվային արժույթը կարող է փոխել մանրածախ վճարումների շուկան և ճնշում գործադրել գործող վճարային համակարգերի հիմնական եկամտային աղբյուրների վրա։ Համակարգի առավելագույն ծանրաբեռնվածության դեպքում թվային եվրոն կկարողանա իր վրա վերցնել եվրագոտու բոլոր գործարքների շուրջ մեկ երրորդը։
Ներկայումս վճարային միջնորդավճարների հիմնական մասն ստանում են Visa-ն և Mastercard-ը, որոնք ԵՄ-ից դուրս են գործում։ Թվային եվրոյի կիրառման ընդլայնման նպատակներից մեկն է կանխել փողի արտահոսքը միության սահմաններից դուրս և թուլացնել Եվրոպայի կախվածությունը միջազգային ֆինանսական ընկերությունների ենթակառուցվածքից։
Թերթի տվյալներով՝ եթե այս ծրագրերը կյանքի կոչվեն, եվրոպացի սպառողները կկարողանան գնել ապրանքներ ավելի ցածր գնով, իսկ միությունն ինքնին կուժեղացնի իր տնտեսական ինքնավարությունը։ Սակայն մյուս կողմից այս քայլերը հարված կհասցնեն բանկային հատվածին, քանի որ մարդիկ կպահեն իրենց միջոցները էլեկտրոնային դրամապանակներում, ոչ թե բանկային ավանդներում։ ԵԿԲ-ի անանուն աշխատակիցը շեշտել է, որ նախագծի իրագործման համար կառավարման խորհուրդը պետք է հաստատի շուրջ 1.5 միլիարդ եվրոյի հատկացում։
Առաջին անգամ թվային եվրոյի ստեղծման գաղափարը ԵԿԲ-ն բարձրաձայնել է 2020 թվականին։ Ըստ կարգավորիչի վերջին հայտարարությունների՝ ակնկալվում է, որ թվային վճարային գործիքի գործարկման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքը ԵՄ մակարդակով պատրաստ կլինի 2025 թվականի աշնանը։