ԵՄ-ում շարունակվող բանակցությունները Բելգիայի հետ Ուկրաինային տրամադրվելիք վարկի շուրջ անվանել են «կառուցողական»
ԵՄ դիվանագիտական աղբյուրի և ԵՄ պաշտոնյայի փոխանցմամբ՝ Բելգիան, որտեղ պահվում է Ռուսաստանի սառեցված ակտիվների հիմնական մասը, ակտիվորեն քննարկում է գործընկերների հետ Կիևին նախատեսված «ռեպարացիոն վարկի» նախագիծը:
Նրանց խոսքով՝ Բելգիան վարում է կառուցողական կարծիքների փոխանակում առաջարկվող միջոցառումների շուրջ, ակտիվորեն ներկայացնում է առաջարկներ և փոփոխություններ այն փաստաթղթում, որը ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները պետք է քննարկեն դեկտեմբերի 15-ին։ Politico-ն հիշեցնում է, որ մշտական ներկայացուցիչների հանդիպումը, որը սկզբնապես նախատեսված էր կիրակի երեկոյան, տեղափոխվել է երկուշաբթի։
Ավելի վաղ մտահոգություններ էին հնչել, որ ԵՄ-ն չի կարողանա համաձայնեցնել վարկը մինչև տարեվերջ։ Սակայն պարբերականի զրուցակիցները վստահեցրել են, որ քննարկումներն ընթանում են ըստ ծրագրի, այլընտրանքներ չեն դիտարկվում։
Անցյալ շաբաթ Իտալիան՝ Բելգիայի հետ միասին, առաջարկել էր սկսել Կիևի ֆինանսավորման այլընտրանքային տարբերակների որոնումը. համապատասխան նամակը ստորագրել էին Մալթան և Բելգիան։ Ռեպարացիոն վարկի նախագծի դեմ հանդես էին եկել նաև Սլովակիան և Հունգարիան։
«Որքան շատ լինեն նման դեպքերը, այնքան շուտ մենք ստիպված կլինենք որոնել այլ լուծումներ», – խոստովանել է ԵՄ դիվանագետներից մեկը։
Գերմանիայի իշխանությունների անանուն ներկայացուցիչը հայտնել է պարբերականին, որ ռուսական ակտիվների վերաբերյալ որոշումը կսահմանի Եվրոպայի ապագան և ցույց կտա, «արդյոք ԵՄ-ն ազդեցիկ ուժ է»։ Նրա խոսքով՝ «պլան Բ գոյություն չունի»։
Եվս մեկ ԵՄ ներկայացուցիչ ընդգծել է, որ եթե Եվրամիությունն այս շաբաթ ևս ցուցադրի պառակտվածություն, դա ծայրահեղ բացասական ազդեցություն կունենա Կիևի վրա։
Բրյուսելում տեղակայված Euroclear դեպոզիտարիան իր կառավարման ներքո պահում է Ռուսաստանի սառեցված ակտիվների հիմնական մասը՝ ընդհանուր առմամբ 210 մլրդ եվրո, որոնք Եվրահանձնաժողովը ցանկանում է օգտագործել Ուկրաինային աջակցելու համար։
Ավելի վաղ ԵՀ-ն առաջարկել էր օգտագործել ԵՄ-ում սառեցված՝ 210 մլրդ եվրոյի չափով ռուսական ակտիվները՝ Ուկրաինային վարկ տրամադրելու նպատակով։ Սկզբնական փուլում նախատեսվում է օգտագործել 90 մլրդ եվրո, որը կտրամադրվի երկու տարվա ընթացքում։ Այս հարցը կքննարկվի ԵՄ գագաթնաժողովում՝ դեկտեմբերի 18-ին։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան դեկտեմբերի 12-ին հայտարարել է, որ ԵՄ-ում սառեցված Ռուսաստանի ակտիվները չեն ապասառեցվի մինչև ուկրաինական հակամարտության ավարտը։
