Եվրագոտում նոր թղթադրամները շրջանառության կդրվեն 2030-ականների սկզբից
Նոր եվրո թղթադրամները եվրոգոտում շրջանառության մեջ կդրվեն 2030-ականների սկզբից: Այս մասին հայտնել է Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ)։
«Նոր թղթադրամները կունենան կատարելագործված պաշտպանիչ տարրեր, կլինեն ավելի էկոլոգիական և օգտագործման համար ավելի հարմար։ Նախատեսվում է, որ դրանք աստիճանաբար շրջանառության մեջ կդրվեն 2030-ականների սկզբից», – ասվում է ԵԿԲ-ի կայքում հրապարակված հաղորդագրությունում։
Բացի այդ, ԵԿԲ-ն հայտնել է, որ թղթադրամների նոր դիզայնին նվիրված հարցմանը մասնակցել է Եվրոպայում և դրա սահմաններից դուրս բնակվող շուրջ 10 միլիոն մարդ։ Հարցման մասնակիցները գնահատել են դիզայնի 10 տարբերակ, որոնք բաժանված էին «Եվրոպական մշակույթ» և «Գետեր ու թռչուններ» թեմաների։
ԵԿԲ-ի կառավարիչների խորհուրդը թղթադրամների վերջնական դիզայնի վերաբերյալ որոշում կայացնելիս հաշվի կառնի հարցման արդյունքները, տեխնիկական գնահատականը և անկախ ժյուրիի առաջարկությունները։ Բանկի տվյալներով՝ որոշումը կկայացվի 2026 թվականի վերջին։
ԵԿԲ-ն նաև հստակեցրել է, որ շրջանառության մեջ գտնվող եվրո թղթադրամները կշարունակեն մնալ օրինական վճարամիջոց և կօգտագործվեն նոր շարքի թղթադրամներին զուգահեռ։
