ԱՄՆ-ի բանկային համակարգը պառակտում է առաջացրել ԵՄ-ում
Բրյուսելը բախվում է աճող ճնշման՝ ԵՄ բանկային հատվածի բարեփոխման ծրագրերի պատճառով։ Մի շարք երկրներ և պաշտոնյաներ առաջարկում են բարեփոխումների փաթեթը բաժանել մի քանի մասի և առաջին հերթին ընդունել բանկերի մրցունակության բարձրացմանն ուղղված որոշումները։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Գերմանիան ոչ հրապարակային ձևաչափով հանդես է գալիս նախաձեռնությունը մի քանի մասի բաժանելու օգտին։ Իրավիճակին ծանոթ աղբյուրների փոխանցմամբ՝ անցյալ շաբաթ այս գաղափարը մերժել է ֆինանսական ծառայությունների հարցերով եվրահանձնակատար Մարիա Լուիշ Ալբուկերկեն։
Այս մոտեցմանն աջակցում է նաև տնտեսության հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։ Աղբյուրների խոսքով՝ նա առաջարկում է արագացնել բյուրոկրատական բեռի կրճատմանն ուղղված բարեփոխումները, իսկ ավելի վիճահարույց նախաձեռնությունները, այդ թվում՝ համաեվրոպական ավանդների ապահովագրման համակարգի ստեղծումը հետաձգել։
Տարաձայնությունները կարող են բարդացնել բանկային բարեփոխումների փաթեթի առաջմղումը, որը Եվրահանձնաժողովը ներկայացրել էր հուլիսին։
Նախաձեռնությունը նախատեսում է մի քանի երկրներում գործող բանկերի համար ազգային խոչընդոտների կրճատում, կապիտալի նկատմամբ որոշ պահանջների պարզեցում, ինչպես նաև որոշակի գործունեության տեսակների, այդ թվում՝ առևտրի ֆինանսավորման կարգավորման փոփոխություն։
Եվրոպական բանկերը մտահոգված են, որ հայտնվել են Ուոլ Սթրիթի մրցակիցների համեմատ պակաս շահավետ դիրքում, քանի որ ԱՄՆ-ում ֆինանսական կարգավորման մեղմացումը նպաստում է ամերիկյան բանկերին։
Գերմանիայի ֆինանսների նախարար Լարս Կլինգբայլը ԵՄ ֆինանսական գերատեսչությունների ղեկավարների՝ անցած հանգստյան օրերին կայացած հանդիպման ժամանակ առաջարկել է առաջ շարժվել երկու փուլով։ Աղբյուրների խոսքով՝ նախ նա առաջարկում է քննարկել կարգավորման պարզեցման միջոցները, իսկ ավելի բարդ հարցերը քննարկել առանձին։
Նույն մոտեցումն ունի նաև Դոմբրովսկիսը։ Նա համակարգում է վարչական բեռի կրճատման ուղղությամբ Եվրահանձնաժողովի աշխատանքը և առաջարկում է առաջին հերթին կենտրոնանալ հենց այդ միջոցների վրա։
Այսպիսով, Գերմանիան և տնտեսության հարցերով եվրահանձնակատարը փաստացի աջակցել են եվրոպական բանկերի դիրքորոշմանը, որոնք նույնպես հանդես են գալիս բարեփոխումների փուլային ընդունման օգտին։
Գերմանիայի ֆինանսների նախարարությունը Bloomberg-ին հայտնել է, որ կողմ է այն մոտեցմանը, ըստ որի՝ «առաջնահերթություն» պետք է տրվի այն միջոցներին, որոնք «ուղղակիորեն նպաստում են մրցունակության բարձրացման նպատակին և խթանում են ներդրումները»։
«Փորձը ցույց է տվել, որ միասնական շուկայի և բանկային միության հետ կապված կառուցվածքային հարցերն ավելի բարդ են», – հավելել են գերատեսչությունում։
