Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայացավ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ավանդական միջոցառումը
Հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ կազմակերպել էր տոնական միջոցառում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Հայաստանի բոլոր անկյուններից ժամանած հազարավոր երեխաներ իրենց ծնողների հետ հնարավորություն ունեցան մասնակցելու ստեղծագործական խմբակների։ Մանկական երաժշտական խմբերն իրենց հրաշալի ելույթներով անսպառ ուրախություն պարգևեցին բոլոր մասնակիցներին, իսկ վերջում անակնկալ ելույթով հանդես եկավ սիրված ՄԻԿԱԴՈ խումբը:
«Գաֆէսճեան արվեստի կենտրոնը յուրաքանչյուր տարի մեծ հանդիսությամբ է նշում Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ նախապատրաստելով ստեղծագործական և ժամանցային տոնական ծրագիր իր փոքրիկ այցելուների համար: Ամբողջ տարվա ընթացքում նրանք կարող են մասնակցել կենտրոնում կազմակերպվող բազմազան մանկական կրթական ծրագրերին և վայելել թանգարանի ստեղծագործ միջավայրը: Շնորհակալություն եմ հայտնում նաև «ԱրմենՏել» ընկերությանը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի, միջոցառմանը տրամադրած աջակցության համար»,- ասաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
Ողջունի խոսքով հանդես եկավ նաև «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը նշելով. «Երեխաների պաշտպանության միջազգային օրն ինձ համար ամենալուսավոր օրերից մեկն է։ Սրտանց շնորհավորում եմ բոլորին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ և ցանկանում, որ այսօրվա պայծառ տրամադրությունը և մեծ ոգևորությունն ուղեկից լինի Ձեզ ողջ տարվա ընթացքում։ Իսկ մենք որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր կշարունակենք աջակցել բոլոր այն ծրագրերին, որոնք կյանքը կդարձնեն ավելի լավ»։
Նշենք, որ 2011թ–ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը «ԱրմենՏել» ընկերությանը շնորհել է «Բարերար» մակարդակի կորպորատիվ անդամակցության վկայագիր` 2011 թվականին մանկական ու երիտասարդական, կրթական ու ստեղծագործական ծրագրերին աջակցելու համար։