Ֆինանսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 411.50-0.50 EUR SELL - 416.50-2.50
OIL:  BRENT - 98.70-1.96 WTI - 89.31-2.86
COMEX:  GOLD - 4067.60+0.52 SILVER - 58.66+1.49
COMEX:  PLATINUM - 1604.10+0.76
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.84+0.03 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3319+0.05
STOCKS RUS:  RTSI - 874.26+1.44
STOCKS US: DOW JONES - 51947.25+0.46 NASDAQ - 24975.82-0.64
STOCKS US: S&P 500 - 7411.98+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 64611.15-2.73 TOPIX - 4011.31-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 24963.23-0.98 SSEC - 3814.20-1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10736.23+0.91 CAC40 - 8372.28+0.88
STOCKS EUR:  DAX - 25099.00+1.36
24/07/2026  CBA:  USD - 365.87-0.08 GBP - 487.41-1.72
24/07/2026  CBA:  EURO - 416.43-0.86
24/07/2026  CBA:  GOLD - 47580-1307 SILVER - 690.02-8.15
Հայաստանի հարկային համակարգը 25 տարեկան է
03/10/2016 18:10
Կիսվել

Հայաստանի հարկային համակարգը 25 տարեկան է

Հայաստանի հարկային համակարգը բոլորել է գործունեության 25-ամյակը: 1991թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի գլխավորած կառավարության որոշմամբ ստեղծվել է պետական հարկային տեսչությունը: Անկախ հանրապետության այս կառույցն աշխատանքն սկսել է առանց սեփական հարկային օրենսդրության, պետական բյուջեի և վերջինի հարկային եկամուտների ծրագրման՝ չունենալով նյութատեխնիկական բազա, շենքային պայմաններ, անգամ ծանրակշիռ կադրեր: «Ստեղծման պահին մեր երկիրը պատմականորեն չուներ նման փորձ, բացի տեսական պատկերացումներից, և առանց արտաքին օգնության պետք է ստեղծվեր մի ամբողջ համակարգ»,-հիշում է Արմեն Ալավերդյանը, ով այսօր ՊԵԿ նախագահի առաջին տեղակալն է: Նա մտաբերում է 1994թ., երբ առաջին անգամ պետբյուջեի հարկային եկամուտների պլանավորումն իրականացվեց հայկական դրամով. «Այդ ժամանակ կար ընդամենը մոտ 3000 հարկ վճարող: Դրանք հիմնականում պետական ձեռնարկություններն էին, որոնք բյուջեի եկամուտների գերակշիռ մասն էին ապահովում՝ 95%-ից ավելին, իսկ մյուս հարկ վճարողները խորհրդային կարգերի ժամանակ ստեղծված կոոպերատիվներն էին, որոնք տնային պայմաններում զանազան ծառայություններ մատուցելու թույլտվություն էին ստացել»: Այսօր արդեն հաշվառված է 230 000 հարկ վճարող, որոնցից գործող են 80-90 հազարը, իսկ առանց լուրջ ռեսուրսների ստեղծված տեսչությունը 25 տարում դարձել է կայուն գործող համակարգ: Այն բաղկացած է վերադաս մարմնից և 20 տարածքային հարկային տեսչություններից:

Արմեն Ալավերդյանը հարկային ոլորտի ձեռքբերումներից առանձնացնում է սպասարկման ժամանակակից ծառայությունների ապահովումը, որն 90-ականներին բացակայում էր: «Միջազգային առաջավոր փորձի հիման վրա՝ մենք բոլոր տեսչություններում առանձնացրել ենք սպասարկման բաժիններ: Եթե նախկինում միայն թղթային կրիչով էինք ստանում հաշվետվությունները՝ ունենալով մեծ հերթեր, ապա էլեկտրոնային համակարգի ներդրման շնորհիվ դրանց 92%-ը էլեկտրոնային է: Այս ցուցանիշով ՀՀ-ն առաջատար է ոչ միայն տարածաշրջանում, այլև զարգացող երկրների ցանկում»:

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը վստահեցնում է, որ այսօր հարկային հսկողությունն իրականացվում է՝ բացառապես ռիսկային չափանիշների հիման վրա: Գործող 80-90 հազար հարկ վճարողներից ստուգման ենթարկվում է միայն 1.5%-ը, փոխարենը աճել է ստուգումների արդյունավետությունը. «Վերջին տարիների և 2016թ. 9 ամիսների ցուցանիշները վկայում են, որ առաջադրվում է լրացուցիչ այնքան հարկային պարտավորություն, որքան պետբյուջեի եկամուտները կազմում էին 1993թ.-ին: Այսօր ունենք հարկային եկամուտների կանխատեսման արդյունավետ համակարգ, որը հնարավորություն է տալիս ըստ տարածքների, առանձին հարկ վճարողների, գործունեության ոլորտների հաշվառում վարել և գնահատել առանձին ոլորտներում ստվերի տոկոսը»: Ի դեպ, եթե 1995թ. հարկային եկամուտների փաստացի մուտքագրված գումարը եղել է 54 մլրդ 200 մլն դրամ, ապա հիմա հարկային մարմինը 20 անգամ ավելի հարկային եկամուտներ է ապահովում պետբյուջե: Արդյունքն անդրադառնում է նաև հարկեր-ՀՆԱ հարաբերակցության վրա. եթե 90-ականներին 8-9% էր վերադարձվում պետբյուջե, ապա այսօր այդ ցուցանիշը հասել է 22%-ի:

Արմեն Ալավերդյանը հարկային համակարգի վերընթաց կենսագրությունը ներկայացնելիս չի մոռանում նաև աշխատակիցներին. «Հարկային ծառայությունը միշտ եղել է կադրերի դարբնոց, որտեղ աշխատել են հաշվապահական հմտություններով, գրագետ մարդիկ, ովքեր օրենսդրության պահանջով շարունակաբար կատարելագործվում են»: Հարկային համակարգի 25-ամյակի առթիվ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանի հրամանով «շնորհակալություն» է հայտարարվել համակարգի 18 աշխատակցի և հարկային 106 ծառայողի:

Հարկային համակարգի ստեղծումից առայսօր ոլորտում աշխատող Արմեն Ալավերդյանը, խոսելով հարկային համակարգի զարգացման հայեցակարգի մշակումից, առանձնացնում է նաև այն հիմնական խնդիրները, որոնց ուղղությամբ հարկային մարմինն առաջիկա տարիներին պետք է աշխատի. «Ձգտելու ենք ապահովել ստվերային շրջանառությունների հարկման արդյունավետ մեխանիզմներ, կատարելագործել հարկման նոր մեխանիզմներն ու տեղեկատվական տեխնոլոգիները՝ հարկային օրենսգրքի կիրառության մեջ դրվելու ընթացքում: Մյուս գերատեսչությունների հետ տեղեկությունների փոխանակման մեխանիզմներն ենք կատարելագործելու: Լուծելու ենք նաև սոցիալական պաշտպանվածության խնդիրը, որը կոռուպցիոն ռիսկերի հաղթահարման ևս մեկ ուղիներից է»: Կոմիտեի նախագահի տեղակալը նկատում է, որ հարկային համակարգը մշտապես կարևորվել է հանրապետության բոլոր ղեկավարների կողմից, անգամ Սերժ Սարգսյանն այն անվանել է տնտեսության անվտանգության կարևոր բաղադրիչ: Դա, ինչպես նաև հասարակական պահանջը ստիպում են գիտակցել երկրի համար հարկային ծառայողի աշխատանքի կարևորությունը:

24/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.87
-0.08
Եվրո (EUR)
416.43
-0.86
Ռուբլի (RUR)
4.6763
+0.0228
Լարի (GEL)
139.27
-0.04
47580
-1307
Արծաթ
690.02
-8.15