ՊԵԿ. կեղծ փաստաթղթերով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս
Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է կեղծ փաստաթղթերի միջոցով պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու դեպք: ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 20-րդ (Հրազդանի) բաժնի կողմից «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲ ընկերությունում իրականացված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը 2014 թվականին «Բիլդ Քընստրաքշն» ՍՊԸ-ի հետ կնքել է ՀՀ Կոտայքի մարզի «Լուսաջուր» տարածքի մուտքային տարածքի ճանապարհի շինարարության համար նախագծային և աշխատանքային փաստաթղթեր կազմելու վերաբերյալ պայմանագիր: Կողմերը 2015 թվականին կազմել են աշխատանքների կատարման ընդունման-հանձնման ակտ՝ հաստատելով, որ աշխատանքները կատարվել են ամբողջ ծավալով: Աշխատանքի արժեքը սահմանվել է շուրջ 52 մլն դրամ: ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության Հրազդանի բաժնի կողմից հիմնավորվել է, որ նշված ընկերությունների պաշտոնատար անձինք, առանց փաստացի ծառայությունների մատուցման, եկամուտների ու ծախսերի վերաբերյալ ներկայացրել են կեղծ փաստաթղթեր՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս: ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: