
Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Մուդիզ միջազգային վարկանշային կազմակերպության ներկայացուցիչ
Օգոստոսի 12-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց «Մուդիզ» միջազգային վարկանշային կազմակերպության ներկայացուցիչներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին, երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին։
Եվրամիության հետ համագործակցության համատեքստում ԱԳ նախարարն արժևորեց Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը՝ որպես կարևոր գործիք Հայաստանում ընթացող բարեփոխումները խթանելու համար:
Զոհրաբ Մնացականյանը զրուցակիցներին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները՝ առանձնահատուկ կարևորելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը և ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացումը: