ՓԵՏՐՎԱՐԻՆ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՍՏԱՑԵԼ Է 91 ԲՈՂՈՔ
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը 2011 թվականի փետրվար ամսվա ընթացքում ստացել է ֆինանսական կազմակերպություններին վերաբերող ընդհանուր քանակությամբ 91 բողոք: Ինչպես տեղեկացնում են Հաշտարարի գրասենյակից` քաղաքացիների` ֆինանսական կազմակերպություններին չվերաբերող զանգերն ու այցելությունները Հաշտարարի գրասենյակ բազմաթիվ են եղել: Միևնույն ժամանակ, ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 91 բողոքներից 19-ը, համաձայն օրենքի, ենթակա չեն քննության Հաշտարարի կողմից (հաճախորդների մի մասը իրավաբանական անձինք են, մյուսների բողոքները կապված են մինչ Հաշտարարի մասին օրենքն ուժի մեջ մտնելը տեղի ունեցած իրադարձությունների հետ, որոշ պահանջների վերաբերյալ արդեն իսկ առկա է դատարանի որոշում կամ գործը գտնվում է դատարանի վարույթում, մնացած դեպքերում բողոքները կրում են ընդհանուր բնույթ և, ըստ էության, չեն պարունակում գույքային պահանջ):
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն անկախ կառավարման համակարգով կառույց է, որի հիմնադիրն է ՀՀ կենտրոնական բանկը: Հաշտարարի գրասենյակը կոչված է լուծելու ֆիզիկական անձ սպառողների և ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած գույքային վեճերը: Հաշտարարի ծառայություններն անվճար են, իսկ բողոքի քննման գործընթացը պարզ է, արագ և թափանցիկ: