ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱ ԿՄԵԿՆԻ ՄԻԱՅՆ ԲԱՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Սերբիայի Հանրապետության Նախագահ Բորիս Տադիչի համատեղ հայտարարությունը մամուլի համար
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան.
Հարգելի տիկնա΄յք եւ պարոնա΄յք,
Այսօր մեզ համար պատիվ է Հայաստանի Հանրապետությունում հյուրընկալել Սերբիայի Հանրապետության Նախագահ, իմ հարգարժան գործընկեր Բորիս Տադիչին:
Մեր ժողովուրդների միջեւ դարեր շարունակ բարեկամական հարաբերություններ են ձեւավորվել: Սերբիան այն երկիրն է, որ սրտաբաց ընդունել է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից եւ մասնավորապես 1922թ. Իզմիրի ջարդերից փրկված բազմաթիվ հայերի:
Մեր ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում նաեւ 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո սերբ բարեկամ ժողովրդի անուրանալի նյութական եւ հոգեւոր աջակցությունը։ Մենք հավերժ վառ կպահենք մարդասիրական օգնություն տեղափոխող սերբ օդաչուների հիշատակը, որ զոհվեցին հանուն վեհ նպատակի՝ օրհասական պահին ձեռք մեկնելով բարեկամ ժողովրդին:
Սերբիայի Նախագահի հետ փոխըմբռնման եւ կառուցողական մթնոլորտում մենք քննարկեցինք հայ-սերբական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, կարծիքներ փոխանակեցինք միջազգային եւ տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության վերաբերյալ:
Քաղաքական երկխոսության խթանումը, միջխորհրդարանական կապերի հաստատումն ու ամրապնդումը, Հայաստանի եւ Սերբիայի միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացումը` մեր գործընկերային հարաբերությունների կարեւոր տարրերն են:
Ելնելով մեր երկրների ոչ վաղ անցյալի փորձից, Սերբիայի Նախագահի հետ հանգել ենք միեւնույն եզրակացության, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորվեն առանց ուժի կիրառման եւ բացառապես խաղաղ ճանապարհով ու բանակցությունների միջոցով` միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի համաձայն:
Մենք համոզված ենք, որ չկան հակամարտությունները կարգավորող ունիվերսալ ձեւեր: Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր ծագման պատմությունը, դրդապատճառները, իր յուրահատուկ ընթացքը: Առանց դրանք հաշվի առնելու հնարավոր չէ գտնել արդարացի եւ կայուն լուծում:
Նախագահ Տադիչին ես պատմեցի նաեւ հայ-թուրքական հարբերությունների կարգավորմանն ուղղված իմ նախաձեռնությանը հետեւած զարգացումների մանրամասները: Տեղեկացրեցի այդ գործընթացի ներկա փուլի մանրամասների մասին: Դուք գիտեք, որ Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան խաղին քիչ ժամանակ է մնացել, որին ներկա գտնվելու հրավեր ունեմ Թուրքիայի Նախագահ պարոն Գյուլից: Ներկա իրողությունների պայմաններում, անշուշտ, մենք ակնկալում ենք շուտով ականատեսը լինել կառուցողական քայլերի, որոնցով մեր գործընկերները կփորձեն համապատասխան միջավայր ապահովել Հայաստանի Նախագահի պատասխան այցի համար: Նախագահ Տադիչին ես կրկնել եմ իմ նախկին հայտարարությունները, համաձայն որոնց կընդունեմ արված հրավերը միայն ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, իրական քայլերի տեսանելիության դեպքում, այսինքն Թուրքիա կմեկնեմ, եթե արդեն իսկ ունենանք բաց սահման կամ գտնվենք Հայաստանի ապաշրջափակման նախաշեմին:
Պարոն Նախագահ, վստահ եմ, որ Ձեր գլխավորած պատվիրակությունն արդյունավետ հանդիպումներ կունենա Երեւանում, ինչը թարմ լիցք կհաղորդի մեր երկրների միջեւ հարաբերությունները նոր որակի բարձրացնելու գործին: