ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՊԱՐԶԵՑՆԵԼ ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Եվրամիության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Գուննար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից, կողմերը քննարկել են Եվրոպական հարեւանության քաղաքականության «Հայաստան-Եվրամիություն» գործողությունների ծրագրի իրականացման հետ կապված հարցեր, ինչպես նաեւ «Արեւելյան գործընկերության» շրջանակում քաղաքական համագործակցության հեռանկարները:
Գուննար Վիգանդը գոհունակություն է հայտնել ծրագրի իրականացման ընթացքից եւ կարեւորել ԵՄ խորհրդատվական խմբի աշխատանքը Հայաստանում: Կողմերն ընդգծել են Հայաստանում ԵՄ տեղեկատվական կենտրոնների բացման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը:
Ա. Բաղդասարյանի առաջարկով քննարկվել է Եվրամիության անդամ երկրների հետ վիզային պարզեցված համակարգի ձեւավորման հնարավորությունը: Գ. Վիգանդը Եվրամիության օժանդակությունն է հայտնել այս խնդրի լուծմանը:
Ա. Բաղդասարյանը նշել է, որ քննարկումների արդյունքում ստեղծվել է աշխատանքային խումբ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարինե Ղազինյանի գլխավորությամբ, որը ձեռնամուխ կլինի անհրաժեշտ համաձայնագրերի մշակմանը: