
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԽԱՐԿՈՎԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ԱՐՍԵՆ ԱՎԱԿՈՎԻՆ
Կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի Հանրապետության Խարկովի նահանգի նահանգապետ Արսեն Ավակովին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին` ՀՀ կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նահանգապետի այցը կնպաստի Հայաստանի Հանրապետության եւ Ուկրաինայի փոխշահավետ համագործակցության խորացմանը։
Նահանգապետ Արսեն Ավակովը ՀՀ վարչապետին տեղեկացրել է, որ Խարկովի նահանգի եւ ՀՀ Լոռու, Շիրակի, Տավուշի եւ Վայոց Ձորի մարզերի միջեւ համագործակցության լայն հնարավորություններ եւ զարգացման հեռանկարներ կան, մասնավորապես` գյուղատնտեսության, գինեգործության եւ զբոսաշրջության ոլորտներում, ինչը կարող է նոր թափ հաղորդել երկու երկրների միջեւ ծավալված փոխգործակցությանը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայ-ուկրաինական առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի` հոկտեմբերի 16-ին կայանալիք չորրորդ նիստին, ինչպես նաեւ կրթության եւ գիտության, էներգետիկայի բնագավառներում հնարավոր գործակցությանը։
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարականներ է տվել ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ։