
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎՏՐԵԼ Է ԷՆԵՐԳԵՏԻԿՆԵՐԻՆ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Իրան-Հայաստան գազատարի կառուցման ավարտի եւ էներգետիկի մասնագիտական օրվա առթիվ ոլորտի մի խումբ աշխատակիցներ պարգեւատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով եւ խրախուսվել վարչապետի շնորհակալագրով։ Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիսավոր պայմաններում անձամբ է նրանց հանձնել պարգեւները։
Խոսելով էներգետիկայի բնագավառում ձեռքբերումների եւ ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին` կառավարության ղեկավարն ասել է. «Այսօր այս դահլիճում հավաքվել են մարդիկ, ովքեր մեծ ներդրում ունեն ոլորտում։ Համակարգի առջեւ համարձակ խնդիրներ են դրված. դա ե՛ւ ատոմակայանի նոր բլոկի կառուցումն է, որը որակապես կփոխի իրավիճակն էներգետիկայում եւ կունենա ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական մեծ բովանդակություն, ե՛ւ ջերմաէլեկտրակայանի կառուցումը, որը հաջողությամբ մոտենում է ավարտին, ե՛ւ մյուս նոր ծրագրերը»։
Բարձր գնահատելով էներգետիկների աշխատանքը, վարչապետը վստահեցրել է, որ կառավարությունը մշտապես օժանդակելու է բոլոր ծրագրերի իրականացմանը, այնուհետեւ շնորհավորել է նրանց գալիք Նոր տարվա կապակցությամբ եւ մաղթել, որ 2010 թվականը լինի զարգացման եւ հաջողությունների տարի։