
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ` ՀԱՐԿԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունում հարուցվել է քրեական գործ` կեղծ ձեռնարկատիրության եւ խոշոր հարկերը վճարելուց խուսափելու դեպքի առթիվ:
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Էլիտ Պրոֆայլ» ՍՊ ընկերության տնօրեն Գ. Այվազյանն իր վաղեմի ծանոթ Ս. Գրիգորյանի օժանդակությամբ 2005թ. օգոստոսից 2006թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում առանց ապրանքների մատակարարման եւ ծառայությունների մատուցման թվով 7 կազմակերպությունների տրամադրել է 49 740 100 դրամի կեղծ հաշվապահական փաստաթղթեր, որոնց հետ կապված ծախսերի ու եկամուտների վերաբերյալ կազմել եւ Քանաքեռ-Զեյթուն տարածքային հարկային տեսչություն է ներկայացվել կեղծ հաշվետվություններ` այդկերպ օժանդակելով նշված կազմակերպություններին խուսափելու պետբյուջե վճարել գանձման ենթակա խոշոր չափերի հասնող` 8 289 500 դրամ ԱԱՀ-ի գումարը:
Հարուցվել է քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ, 38-189-րդ հոդվածների 3-րդ եւ 205-րդ, 38-205-րդ հոդվածների 1-ին մասերով` կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելու համար: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության ` քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու: