ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԵՎՐԱԶԷՍ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԱՊՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՆԻՍՏԻՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 26-րդ նիստին` կառավարությունների ղեկավարների մակարդակով, եւ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը« պաշտոնատար այլ անձինք։
Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովսկի պալատում ԵվրԱզԷՍ-ի անդամ եւ դիտորդ երկրների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումից եւ կառույցում հետագա գործակցության առաջնային ուղղությունների քննարկումից հետո հանդիպումը կշարունակվի «1+2+4» ձեւաչափով, որին կմիանան պատվիրակության անդամները։ Կառույցի անդամ են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, դիտորդներ` Հայաստանը, Մոլդովան, Ուկրաինան։ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի անունից կտրվի աշխատանքային ճաշ, դրան կհաջորդի ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված են ավելի քան քսան փաստաթղթերի նախագծեր` միտված կառույցի անդամ-երկրների միջեւ համագործակցության ակտիվացմանն ու խորացմանը տնտեսական եւ հումանիտար ոլորտներում, անվտանգության ապահովման բնագավառներում։ Քննարկվելիք հարցերի շարքում առաջնային տեղ է գրավում ԱՊՀ տարածքում տնտեսական համագործակցության բլոկը։
Գործադիր մարմինների ղեկավարները կքննարկեն ԱՊՀ մասնակից-պետությունների էներգետիկայի ոլորտում համագործակցության կոնցեպցիայի իրագործման առաջնային միջոցառումների մասին որոշումը։ Նախատեսվում է, որ վարչապետները կհաստատեն ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձեւավորման փուլերի վերաբերյալ արձանագրությունը։ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները հավանություն կտան Մոսկվայի գեոդեզիայի եւ քարտեզագրության պետական ինստիտուտին կադաստրի, երկրաբանության, քարտեզագրության մասնագետների պատրաստման բազային կազմակերպության կարգավիճակի շնորհման հարցին։ Ուշադրության կենտրոնում կլինի նաեւ ԱՊՀ երկրների վետերանների կազմակերպությունների առջեւ ծառացած սոցիալական խնդիրների լուծման ծրագիրը։
Այսօրվա նիստի օրակարգում է նաեւ անկախ պետությունների համագործակցության կառույցի գյուղատնտեսական արդյունաբերական համակարգի գործունեության վերաբերյալ որոշման կայացումը։ ԱՊՀ մասնակից-պետությունների վարչապետները քննարկելու են կառույցի 20-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը նույնպես։ Կառավարությունների ղեկավարները կնախանշեն խորհրդի հաջորդ նիստի անցկացման ժամկետը եւ վայրը։