ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՍԻԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի տրանսպորտի և կապի բաժնի տնօրեն Հոնգ Վանգին:
Ողջունելով հյուրերին` վարչապետ Սարգսյանը կարևորել է Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության միջև ծավալված համագործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը: Կառավարության ղեկավարն անդրադարձել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին` գոհունակություն հայտնելով ծրագրի նախագծման և իրականացման հարցում ԱԶԲ-ի ցուցաբերած աջակցության համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Հոնգ Վանգը նշել է, որ Ասիական զարգացման բանկը պատրաստակամ է աջակցել Հայաստանի տրանսպորտային սեկտորի զարգացմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման ընթացիկ մանրամասներ: Մասնավորապես, արծարծվել են ծրագրի կառավարման ռազմավարությանն առնչվող մի շարք հարցեր: