ՀՀ ՆԱԽԱԳԱՀ. ՀՀ-ԵՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ՎԵՐԸՆԹԱՑ ՈՒՂԻՈՎ
Արևելյան գործընկերության մեկնարկից հետո Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը զարգանում է վերընթաց ուղիով՝ որակական և բովանդակային լուրջ առաջընթաց արձանագրելով համագործակցության բոլոր բնագավառներում: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում:
Նախագահն ընդգծել է, որ մեր երկիրն այսօր Արևելյան գործընկերության առաջատարներից է և՛ Ասոցացման բանակցությունների, և՛ նախաձեռնված լայնածավալ բարեփոխումների առումով: «Մենք ողջունում ենք այս գագաթնաժողովի հռչակագիրը Միասնական շուկայի վերաբերյալ: Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրն ապագայում Հայաստանին նույնպես թույլ կտա օգտվելու Միասնական շուկայի հնարավորություններից»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահն իր ելույթում անդրադարձել է նաև Հայաստանի կառավարության կողմից ԵՄ և Շենգենյան համաձայնագրի երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրեր ստանալու պահանջը վերացնելու փաստին և և հույս հայտնել, որ եվրոպական երկրների հազարավոր քաղաքացիներ կօգտվեն Հայաստան անխոչընդոտ այցելելու նոր հնարավորությունից: