Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովում
29/11/2013 13:54
Կիսվել

Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովում

Լիտվայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում մասնակցել է Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների երրորդ գագաթնաժողովին:

Գագաթնաժողովի լիագումար նիստում Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

Ստորև ներկայացնում ենք Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովում.

Մեծարգո՛ Նախագահ Գրիբաուսկայտե,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախ և առաջ շնորհակալություն եմ հայտնում Լիտվայի իշխանություններին ու Եվրոպական Հանձնաժողովին՝ Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովը հյուրընկալելու և բարձր մակարդակով կազմակերպելու համար: Արևելյան գործընկերության ծրագրի հնգամյա պատմությունը վկայում է այս ձևաչափի անհրաժեշտության և կենսունակության մասին: Այն արդյունավետ կերպով համալրում է համաեվրոպական համագործակցության ճարտարապետությունը՝ հնարավորություն ընձեռելով եվրոպական ընդհանուր արժեքների հիման վրա որակապես նոր, առավել սերտ ու ընդլայնված հարաբերություններ կառուցելու համար: Այդպիսի հարաբերությունների ձևավորումը Հայաստանի ու հայ ժողովրդի հոգևոր-մշակութային և պատմա-քաղաքական ժառանգության կանչն է, մեր հասարակության՝ գիտակցված պահանջարկը:

Արևելյան գործընկերությունը հնարավորություն տվեց նոր թափ հաղորդել ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա մեր պետության ու հասարակության արդիականացմանն ուղղված ջանքերին: Այն խթանեց մեր լայնածավալ բարեփոխումների օրակարգը: Որպես չափելի արդյունք կնշեմ ընդամենը վերջին մեկ ու կես տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած երեք խոշոր ընտրական գործընթացները, որոնք նոր նշաձող սահմանեցին այս ոլորտում՝ էապես ամրապնդելով Հայաստանի ընտրական համակարգը:

Վիլնյուսի գագաթնաժողովի հռչակագրով մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը շարունակելու նոր թափ հաղորդել մեր երկրներում իրականացվող բարեփոխումներին: Հայաստանը վճռական է շարունակելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների առանցքը կազմող խորքային և լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը, կառավարության գործունեության թափանցիկության բարձրացմանը, դատական համակարգի անկախության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Եվրոպական մոդելով Հայաստանի պետականության կառուցումն ու ամրապնդումը մեր գիտակցված ընտրությունն է եղել, և այդ գործընթացն այլևս անշրջելի է:

Մեր գլխավոր նպատակն է Եվրոպական միության հետ ձևավորել այնպիսի գործուն կառուցակարգեր, որոնք մի կողմից արտացոլում են մեր սոցիալ-քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորքային բնույթը, մյուս կողմից՝ համատեղելի են համագործակցության այլ ձևաչափերի հետ: Արևելյան գործընկերությունը պետք է բնական կամուրջ դառնա՝ տարածելով տնտեսական ինտեգրումը Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս: Այս իմաստով մենք հանձնառու ենք հետևողական ջանքեր գործադրել առավել ընդգրկուն,բաժանարար գծերից զերծ Եվրոպա կառուցելու ուղղությամբ։

Հենց այս գիտակցմամբ ենք մենք առաջնորդվում մեր արտաքին հարաբերություններում և մեր հարևանների հետ խնդիրները փորձում ենք կարգավորել հենց այդ սկզբունքով` փորձելով Եվրոպայում հաջողված հաշտեցման փորձը տեղայնացնել նաև մեր տարածաշրջանում: Կարծում եմ, որ եվրոպական արժեքների հետևողական որդեգրումը կարող է օգնել Թուրքիային սեփական անցյալի հետ հաշտվելու հարցում: Այսօր հազարավոր թուրքեր դատապարտում են Հայոց ցեղասպանությունը և կանգնում մեր կողքին՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը: Կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին Թուրքիայի իշխանությունները պետք է կարողանան կամք ցուցաբերել ու հրաժարվել ժխտողական քաղաքականությունից: Եվրամիության հետ ինտեգրումը որպես եվրոպական երկիր շարունակելու հարցում Թուրքիայի առջև դեռևս շարունակում են ծառացած մնալ Եվրոպայի վերջին փակ սահմանը բացելու և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մարտահրավերները: Եվրոպական Միության անդամ-պետություններից, որպես մեր գործընկերներից, մենք ակնկալում ենք Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման վերացման հարցում լիարժեք ներգրավում և հետևողականություն:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մի քանի օր առաջ Վիեննայում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, գրեթե երկու տարի տևած դադարից հետո կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Թեև արդյունքների մասին դեռ շատ վաղ է խոսել, այդուհանդերձ հանդիպման փաստն ինքնին դրական երևույթ է: Հարկ եմ համարում ընդգծել, որ բանակցությունների հաջող ելքն իրականում կախված է այն բանից, թե որքանով մենք մեր ժողովուրդներին կպատրաստենք խաղաղության, թե որքանով կկարողանանք հրաժարվել բացասական հռետորաբանությունից և թուլացնել լարվածությունը շփման գծում: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ձեռնպահ են եղել իրավիճակն ապակայունացնող հայտարարություններից ու քայլերից և որդեգրել են ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատ տնտեսական մրցակցության, ազատ խոսքի հիման վրա պետություն կառուցելու ճանապարհը՝ հաստատակամ քայլերով առաջ ընթանալով այդ ուղիով:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ակնկալիքները վիլնյուսյան այս գագաթնաժողովից մեծ են։ Մենք այս գագաթնաժողովը դիտում ենք որպես ԵՄ հետ մեր հարաբերություններն առավել իմաստավորված և իրատեսական հիմքերով զարգացնելու կարևոր հանգրվան: Հենց այդ համատեքստում ենք մենք ընթերցում գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթը և Հայաստան-Եվրոպական Միություն Համատեղ հայտարարությունը:

Շնորհակալություն:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08