Պաշտոնական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00-1.00
EUR BUY - 412.00-1.00 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 85.60-3.17 WTI - 81.11-1.74
COMEX:  GOLD - 2294.50-1.96 SILVER - 26.67-2.06
COMEX:  PLATINUM - 944.90-1.41
LME:  ALUMINIUM - 2591.50+0.06 COPPER - 9991.00-1.43
LME:  NICKEL - 19238.00+0.47 TIN - 31216.00-4.15
LME:  LEAD - 2217.00-0.61 ZINC - 2926.00-0.59
FOREX:  USD/JPY - 157.85+0.65 EUR/GBP - 1.0654-0.44
FOREX:  EUR/USD - 1.0654-0.44 GBP/USD - 1.2469-0.57
STOCKS RUS:  RTSI - 1177.42-0.79
STOCKS US: DOW JONES - 37815.92-1.49 NASDAQ - 15657.82-2.04
STOCKS US: S&P 500 - 5035.69-1.57
STOCKS JAPAN:  NIKKEI - 38405.66+1.24 TOPIX - 2743.17+2.11
STOCKS CHINA:  HANG SENG - 17763.03+0.09 SSEC - 3104.82-0.26
STOCKS EUR:  FTSE100 - 8144.13-0.04 CAC40 - 7984.93-0.99
STOCKS EUR:  DAX - 17932.17-1.03
30/04/2024  CBA:  USD - 388.00+0.19 GBP - 486.55+0.66
30/04/2024  CBA:  EURO - 416.21+0.59
30/04/2024  CBA:  GOLD - 29109.84-104.82 SILVER - 341.55-2.89
Ազգային ժողով. մայիսի 22-ի նիստի մասին
23/05/2014 11:13
Կիսվել

Ազգային ժողով. մայիսի 22-ի նիստի մասին

Մայիսի 22-ին խորհրդարանը շարունակեց աշխատանքը:

Նիստի մեկնարկին պատգամավորները ողջունեցին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողով այցելած Հայաստանի Հանրապետության ագրարային համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դասախոսներին եւ ուսանողներին:

Այնուհետեւ պատգամավորները շարունակեցին քննարկել «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկումը:

Պատգամավոր Ստեփան Մարգարյանի խոսքով` նորակազմ կառավարությունը ստացել է ծանր ժառանգություն: Կառավարության ծրագրում, ըստ պատգամավորի, չկա նախորդի աշխատանքի վերլուծությունը: Մհեր Շահգելդյանը իր ելույթում կարեւորեց ծրագրի կոնկրետ ձեւակերպումները: Կառավարության ծրագրում նա հատկապես կարեւորեց ավանդների վերադարձի խնդիրը, երկրում աշխատատեղերի ստեղծումը, արդյունաբերական բլոկի ընդլայնումը: Արծվիկ Մինասյանը, չնայած վերապահումներ հայտնեց ծրագրի վերաբերյալ, այդուհանդերձ նշեց, որ դաշնակցության ներկայացրած 34 առաջարկներից 11-ը ընդունվել են: Հովհաննես Մարգարյանը անդրադարձավ ավանդների փոխհատուցմանը, սահմանամերձ բնակավայրերի անվտանգությանը, կուտակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչին, ճանապարհատրանսպորտային տուգանքներին, տեսչությունների օպտիմալացմանը: Վարդան Այվազյանը նշեց, որ կառավարության ծրագիրը քաղաքական փաստաթուղթ է, որին պետք է տրվի նաեւ քաղաքական գնահատական: Ըստ նրա՝ մարտահրավերների առումով կառավարությունը իր հստակ տեսլականն ունի: Վարդան Այվազյանը եւս մեկ անգամ կարեւորեց կառավարության որդեգրած փոքր եւ միջին բիզնեսին արտոնություններ տրամադրելը, համայնքների խոշորացումը: Կորյուն Նահապետյանը կարեւորեց կառավարության ծրագրում պաշտպանության ոլորտի շարունակական բարփոխումները: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ ծրագրում արտացոլված են քաղաքական ուժերի համադրելի գաղափարները, ուստի ծրագիրը արժանի է հավանության եւ այն պետք է միասին կյանքի կոչել: Լեւոն Դոխոլյանն իր ելույթում անդրադարձավ փոքր եւ միջին ձեռնարկությունների խնդրին, հարկային վարչարարությանը, արտահանման եւ ներմուծման խնդիրներին, ենթակառուցվածքների արդիականացմանը, աշխատատեղերի ստեղծմանը: Նրա խոսքով՝ տնտեսությունը պետք է միտված լինի արտահանման խթանմանը: Ըստ Գուրգեն Արսենյանի՝ վճռական քայլեր են պետք տնտեսության զարգացման համար: Նա ցանկություն հայտնեց, որ կառավարության գործունեությամբ էական փոփոխություններ լինեն եւ նշեց, որ գործադիրի առաջին քայլերը ողջամիտ են:

Արտահերթ ելույթում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, անդրադառնալով Հայաստանի տնտեսական քաղաքականությանը, նշեց, որ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հիմքում դրված են կառավարության այն պատկերացումները, որով մեր երկիրը ներկայանալու է քաղաքացուն եւ արտաքին աշխարհին: Ըստ նախարարի՝ թեեւ Հայաստանը ունի փոքր ներքին շուկա, սակայն մասն է համաշխարհային տնտեսությանը իր ուրույն նկարագրով, արժեքներով, մեծ եւ փոքր ձեռքբերումներով, մարդկային բնական ձգտումներով եւ պահանջներով: Կարեն Ճշմարիտյանն իր ելույթում ընդգծեց, որ պետության կայացման եւ ձեւավորման միակ աղբյուրը գործարարությունն է: Նախարարը նշեց, որ ծրագրում հստակ ընդգծված է, որ շարունակվելու է տնտեսական զարգացման քաղաքականությունը, բարենպաստ ներդրումային միջավայր է ստեղծվելու, աջակցելու են սահմանամերձ հեռավոր շրջաններին, խրախուսելու են ձեռներեցությունը հնարավոր բոլոր միջոցներով եւ մակարդակով:

Արտահերթ ելույթ ունեցավ եւ ոլորտի գերակա խնդիրներին անդրադարձավ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ նշելով, որ կառավարության գործունեության ծրագրում էական քայլեր են կատարված մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում եւ առավել արդյունավետ դատական համակարգ ունենալու հարցում: Նա ասաց, որ ծրագրով նախատեսվում է քաղաքացիների եւ իրավաբանական անձանց համար ավելի հեշտացնել դատարան դիմելու ընթացակարգը, առավել արդյունավետ դարձնել դատական համակարգը, բարձրացնել քաղաքացիների իրավական պաշտպանության մակարդակը եւ ոլորտի խնդիրներին տալ օրենսդրական լուծումներ:

Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն արտահայտեցին նաեւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, խոսելով կառավարության ծրագրի դրույթներից, կարեւորեց ընդդիմությանը վերահսկողական գործառույթների տրամադրումը: Նա նշեց, որ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունները քվեարկությանը չմասնակցելու միասնական որոշում են կայացրել:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ խմբակցությունը չի մասնակցելու կառավարության ծրագրի քվեարկությանը: Նա նշեց, որ ճանաչում է ՀՀ վարչապետին, կառավարության որոշ անդամների, ովքեր գործնական ու փորձառու մարդիկ են եւ հույս հայտնեց, որ շատ քայլեր կարվեն, քան գրված է ծրագրում:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ ՕԵԿ-ն ամենայն մանրամասնությամբ քննարկել է կառավարության ծրագիրը եւ որոշել է չմասնակցել քվեարկությանը: Նա անդրադարձավ եւ իր մտահոգությունները հայտնեց ծրագրում կենսաթոշակային բարեփոխումներին, ծնելիության խթանմանը, աղքատության նվազեցմանը եւ նվազագույն աշխատավարձի բարձրացմանն ուղղված քայլերի եւ այլ խնդիրների վերաբերյալ:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ներկայացնելով խմբակցության տեսակետը ծրագրի վերաբերյալ, անդրադարձավ կուտակային կենսաթոշակներին վերաբերող օրենքի բարեփոխմանը, շքեղության հարկին, հարկերի ու մաքսերի հավաքագրման գործընթացին, պարտադիր աուդիտին եւ այլընտրանքային հարկային ստուգումների մասին օրենքը շրջանառության մեջ դնելուն վերաբերող մի շարք խնդիրների:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ն քննարկել է ներկայացված ծրագրի հանդեպ դիրքորոշման հարցը եւ որոշել է չմասնակցել կառավարության ծրագրի քվեարկությանը: Նա հիշեցրեց, որ կա խնդիրների մեծ խումբ, եւ հասարակությունը պահանջում է դրանց հրատապ լուծմանը: Նա խնդիրների շարքում առանձնացրեց կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը, կարմիր գծերը, արագաչափերը, բանկային բարձր տոկոսները:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ կառավարության գործունեության ծրագիրն իրատեսական է եւ չափավոր, լուծումներ է առաջարկում արդիական խնդիրների համար, այն է՝ գործարար միջավայրի բարելավում, ներդրումների ներգրավում, կրթական ծրագրերի բարելավում, աշխատատեղերի ստեղծում, արդյունաբերության զարգացում: Պարոն Բաղդասարյանի կարծիքով՝ ծրագրի առանցքային խնդիրը բնակչության կենսամակարդակի բարձրացումն է, եւ այդ նպատակի համար կոնկրետ լուծումներ են առաջարկված:

Կառավարության գործունեության ծրագրի վերաբերյալ իր տեսակետն արտահայտեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա մասնավորապես ասաց.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Հարգելի պատգամավորներ,

Կառավարության հարգելի անդամներ,

Թույլ տվեք նախ եւ առաջ շնորհավորել Հայաստանի Հանրապետության նոր կառավարությանը` լիարժեք կազմավորման եւ իր գործունեության ծրագրի ներկայացման կապակցությամբ:

Քաղաքական այս կարեւորագույն փաստաթղթի քննարկումով, կարծում եմ, մենք ազդարարում ենք Հայաստանի զարգացման նոր փուլի սկիզբը, ինչը պայմանավորված է ոչ միայն մեր հանրապետությունում, այլեւ տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում վերջին տարիներին ծավալվող գլոբալ իրադարձություններով, աշխարհաքաղաքական նոր միտումներով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից այդ միտումներին համարժեք արձագանքման անհրաժեշտությամբ:

Այս առումով ՀՀ կառավարության ծրագիրը, կարծում եմ, հնարավորինս արտացոլել է այն մարտահրավերներն ու հիմնախնդիրների հայեցակարգային լուծումները, որոնք թույլ կտան առաջիկա մի քանի տարիների ընթացքում ստեղծելու Հայաստանի սոցիալ-տնտեսական եւ հասարակական-քաղաքական կայուն զարգացման ամուր հիմքեր` ապահովելով առաջընթաց զարգացում եւ ինտեգրացիոն գործընթացներին ակտիվ մասնակցություն:

Մյուս կողմից, կառավարության այս ծրագիրը մշակվել եւ ներկայացվել է որակապես նոր իրողությունների պայմաններում, բնականաբար, պահպանելով եւ շարունակելով նախորդ կառավարության կողմից ձեռնարկած այն բոլոր բարեփոխումներն ու ծրագրերը, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունն ու կենսունակությունը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարու՟թյան, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված` նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները: Մասնավորապես, Հայաստանի հանրապետական կուսակցությունն այս անգամ միայնակ է ստանձնել երկրի կայունության ապահովման եւ զարգացման քաղաքական պատասխանատվությունը, գործնական փուլ է մտել Մաքսային միությանը եւ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության գործընթացը, Եվրամիության հետ հարաբերություններում համագործակցության նոր մոտեցումների ու մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն է առաջացել, որոնք ստիպում են վերանայել դեռեւս մեկ տարի առաջ նախորդ կառավարության ծրագրում արձանագրված եւ մեր կողմից հավանության արժանացրած որոշ մոտեցումներն ու գաղափարները:

Ես ողջունում եմ այն հիմնական գաղափարախոսությունը, որ դրված է այս ծրագրի հիմքում, այն է` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ազատության, անվտանգության ու բարեկեցության ապահովումը, որին հասնելու ուղիներն ու միջոցառումները ներկայացված են ծրագրի համապատասխան բաժիններում: Ես նպատակահարմար չեմ համարում մանրամասն անդրադառնալ այդ ուղիներին ու միջոցառումներին, առավել եւս, որ դրանք արդեն իսկ ներկայացվեցին եւ դրանց վերաբերյալ հնչեցին մի շարք մեկնաբանություններ ու կարծիքներ: Սակայն, չեմ կարող չշեշտադրել այն ոլորտներն ու դրանց զարգացման ուղիները, որոնք, իմ կարծիքով, առաջնահերթ նշանակություն ունեն մեր հանրապետության համար` սոցիալ-տնտեսական զարգացման ներկա փուլում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է՝

– հավասար հնարավորությունների եւ իրական մրցակցություն ապահովող տնտեսական միջավայրի ձեւավորմանը,

– տնտեսական աճի հետ անմիջականորեն շաղկապված նոր աշխատատեղերի եւ մասնավոր ու պետական հատվածներում արժանապատիվ վարձատրության համակարգի ստեղծմանը,
 
– չորս նոր ջրամբարների նախագծմանը եւ շինարարությանը, որոնք կլուծեն ոչ միայն բնապահպանական, այլեւ գյուղատնտեսության զարգացման առաջնահերթ խնդիրները,

– պետության ու մասնավոր հատվածի համագործակցության սկզբունքի կիրառմանը եւ բարենպաստ գործարար միջավայրի ձեւավորմանը, որի գործնական ապացույցը ՀՀ վարչապետի կողմից արդեն իսկ կազմակերպված առաջին հանդիպումն ու անկեղծ երկխոսության ծավալումն էր հանրապետության գործարար շրջանակների հետ,

– ակտիվ արդյունաբերական քաղաքականության իրականացմանը (այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը) եւ գյուղատնտեսության համար առաջնահերթ աջակցության ապահովմանը,

– տնտեսական մրցակցության խրախուսմանը եւ մրցակցային առողջ մթնոլորտի ձեւավորմանը,

– ինտեգրացիոն նոր միտումների ֆոնին հարկային եւ մաքսային կարգավորումների պարզեցմանն ու կատարելագործմանը,

– ժողովրդագրական քաղաքականության ու միգրացիոն հոսքերի կարգավորման ակտիվացմանը,

– սոցիալական քաղաքականության հասցեականու-թյան ու արդյունավետության մակարդակների բարձրացմանը,

– կառավարման համակարգի բարեփոխումներին, այդ թվում` տեղական ինքնակառավարման դերի ու նշանակության էական բարձրացմանը, համայնքների խոշորացմանն ու նրանց ֆինանսական հնարավորությունների ընդլայնմանը եւ այլն:

Արդյունքում ակնկալում ենք կոնկրետ եւ շոշափելի արդյունքներ, այդ թվում` զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջինժամկետ 5 տոկոս աճի միջոցով, նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացում՝ մինչեւ 65 հազար դրամի, աղքատության կրճատման ապահովում՝ մինչեւ 10 տոկոսային կետով:

Հարգելի գործընկերներ.

Շատ են արդյոք այս արդյունքները, թե քիչ, բավարար են ներկայացված միջոցառումները, թե՝ ոչ: Սրանք այն հարցադրումներն են, որոնք մշտապես հնչում են կառավարության ծրագրերի քննարկման ժամանակ, եւ հասկանալի է, որ գործնականում, այն էլ կարճ ժամանակահատվածում անհնարին է հասնել իդեալական կամ բոլորի համար ցանկալի վիճակին: Սակայն, ես վստահ եմ, որ նշված ուղղություններով արդյունավետ աշխատելու պարագայում մենք կհասնենք այս ցուցանիշներին ու արդյունքներին, որոնք միանգամայն իրատեսական եւ դրանով իսկ` հուսադրող են:

Ես հասկանում եմ նաեւ կառավարության ծրագրի կապակցությամբ ոչ իշխանական ուժերի կողմից որդեգրված ռազմավարությունն ու մարտավարությունը: Բնականաբար, նրանք պետք է խիստ քննադատական մոտեցում ցուցաբերեին այս հարցում եւ ես հորդորում եմ իմ գործընկերներին ու կառավարության անդամներին ըմբռնումով մոտենալ հնչած քննադատություններին` փորձելով դրանցից առողջ եւ համադրելի գաղափարներ քաղել` առաջիկա տարիներին կառավարության գործունեության մեջ կիրառելու նպատակով: Սակայն, չեմ կարող չանդրադառնալ նաեւ այս քննարկումների ընթացքում հնչած որոշ մտքերի` մեր հասարակությանը թյուրըմբռնումներից հեռու պահելու ակնկալիքով:

Ինչ են ասում մեր ընդդիմախոսները: Ասում են, որ մեր տնտեսության մեջ ստվեր կա եւ այդ ստվերի դեմ պայքարողները բիզնես ունեն: Իսկ որ երկրում չկա ստվեր, կարող եք նման մի երկիր գտնել: Իհարկե, խնդիրը ոչ թե ստվերի գոյության, այլ դրա չափերի մեջ է: Առանց չափելու թվեր եք ասում` 40 տոկոս, 50 տոկոս…: Կայացման գործընթացում գտնվող երկրի համար դա նույնիսկ օրինաչափ երեւույթ է, որի դեմ պայքարողն էլ ենք մենք: Իսկ ո՞վ է այս տարիների ընթացքում կրճատել նախկինում գոյություն ունեցող շատ ավելի մեծ ստվերը: Տարեց տարի հարկային եւ մաքսային վարչարարության կատարելագործման արդյունքում հսկայական գումարներ են պետական բյուջե մտնում` նույնիսկ տնտեսական անկման տարիներին: Կամ ասում են, որ պատգամավորները, կառավարության ներկայացուցիչները բիզնեսմեններ են: Մեկ անգամ էլ կրկնեմ` նրանք բիզնեսմեններ չեն, բիզնեսում սեփականատերեր են, բաժնետերեր են, իրենց սեփականությունից եկամուտ են ստանում, ինչի իրավունքն ունեն բոլորը, եւ դա ոչ մի կերպ չի հակասում Սահմանադրությանը, եւ չի խաթարում ոչ խորհրդարանի, ոչ էլ կառավարության աշխատանքները: Ասում են վերահսկողական գործառույթները տվեք մեզ: Ես հասկանում եմ, որ վերահսկելը «հաճելի» գործառույթ է, բայց իշխանությունը կամ հակակշիռների ստեղծումը միայն վերահսկողության մեջ չէ, նաեւ պատասխանատվություն ստանձնելու մեջ է, պետական մասշտաբով ամենօրյա հոգսերը թեթեւացնելու մեջ է…: Մենք մշտապես առաջարկել ենք բոլոր քաղաքական ուժերին` կազմել կոալիցիա եւ համատեղ աշխատել: Վերցրեք որեւէ ոլորտ եւ գործնականում ապացուցեք, որ մեզանից լավ կարող եք կառավարել: Երբ կհամոզվենք, որ մեզանից ավելի պետականամետ եք, վերահսկողական գործառույթներ էլ կտանք, ի՞նչ է պատահել: Ասում կամ ուզում են բաներ, որոնք հսկայական ֆինանսական միջոցներ են պահանջում` հասկանալով, որ այդ միջոցները ներկա պահին չի բավարարում:

Ինչեւէ, փորձում էի այս կերպ ավարտել ելույթս, բայց ասեմ հետեւյալը: Երբեւէ չեք տեսնի, որ ես ու իմ թիմակիցները որեւէ կուսակցության կամ անձի վիրավորենք, փորձենք պիտակներ կպցնել. մենք հակադարձողի դերում ենք: Ինչպես մեծ բանաստեղծը, երգահանն է ասում՝ էստի աշեցեք: Սադայելը սկսել է Աստվածաշնչից օրինակներ բերել: Մեզանում ստեղծվել եւ ընթացք է ստանում քաղաքական աղանդավորությունը»:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եզրափակիչ ելույթում շնորհակալություն հայտնեց պատգամավորներին շահագրգիռ քննարկումների համար եւ անդրադարձավ հնչեցված առաջարկներին ու մտահոգություններին: Վարչապետն ընդգծեց, որ բոլոր առաջարկներին անդրադառնալու են քաղաքականության մշակման կամ իրականացման փուլում` ներգրավելով շահագրգիռ կողմերին: Նա նշեց, որ իր ցանկությունն ու նպատակը հանդուրժողականության եւ համերաշխության մթնոլորտում աշխատելն է:

Խորհրդարանը քննարկեց պատգամավորների մեկ երրորդի նախաձեռնած «ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ ԱԺ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծը: Հեղինակ Խոսրով Հարությունյանը նշեց, որ հաշվի առնելով ՀՀԿ խմբակցության եւ ԱԺ մյուս խմբակցությունների թվական հարաբերակցությունը՝ առաջարկվում է ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի կազմում ՀՀԿ խմբակցությունից ընդգրկված պատգամավորների թիվն ավելացնել երկուսով:

ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Էդմոն Մարուքյանը, Վարդան Այվազյանը, Լեւոն Զուրաբյանը, Աղվան Վարդանյանը եւ Միքայել Մելքումյանը անդրադարձան խնդրին քաղաքական պայմանավորվածության համատեքստում:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարվեց ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանի, Հովհաննես Սոֆոյանի, Արմեն Մխիթարյանի եւ Միքայել Մելքումյանի հեղինակած «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ իրենց խմբակցության անդամ Կարեն Բոթոյանը խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:

Այնուհետեւ տեղի ունեցավ քննարկված հարցերի քվեարկությունը: Ազգային ժողովը 70 կողմ, 1 դեմ եւ 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հավանության արժանացրեց ՀՀ կառավարության ծրագիրը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց կառավարությանը եւ ցանկացավ արգասաբեր ու բեղմնավոր աշխատանք:

Քվեարկությամբ ընդունվեցին նաեւ «ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ ԱԺ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծը եւ «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագիծը եւ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրանից բխող մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվեց նաեւ «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրանով պայմանավորված մի շարք օրենքներում փոփոխություններ լրացումներ առաջարկող օրենսդրական փաթեթը, որում ներառված «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը քննարկվեց առաջին ընթերցումով:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հաջորդ նիստում:

Խորհրդարանն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը:

30/04/2024
դրամ
Դոլար (USD)
388.00
+0.19
Եվրո (EUR)
416.21
+0.59
Ռուբլի (RUR)
4.16
-0.01
Լարի (GEL)
144.68
+0.38
29109.84
-104.82
Արծաթ
341.55
-2.89