Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Նախագահի մասնակցությամբ բացվել է Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնը
15/09/2014 17:44
Կիսվել

Նախագահի մասնակցությամբ բացվել է Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնը

Հանրապետության Նախագահը այցի շրջանակներում նախ ներկա է գտնվել Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությանը, շրջայցի ընթացքում ծանոթացել կենտրոնի ընթացիկ և առաջիկա ծրագրերին, իրականացված աշխատանքներին:

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում: 2014թ. կառավարության որոշմամբ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) գործունեության ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր է ճանաչվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը:

Գյումրիի տեխնոպարկի ստեղծման նպատակն է նպաստել քաղաքի զարգացմանը` այն վերածելով ժամանակակից գիտելիքային և նորամուծական ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական գոտու, որտեղ ներկայացված կլինեն բարձր տեխնոլոգիաներ կիրառող կազմակերպությունները, խոշոր կրթօջախներն ու գիտահետազոտական կենտրոնները։ Ծրագիրն էական նշանակություն ունի գործարար և ներդրումային միջավայրի բարելավման, փոքր և միջին բիզնեսի խթանման, նոր աշխատատեղերի ստեղծման և Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման տեսանկյունից՝ այդպիսով նպաստելով նաև տարածքային համաչափ զարգացմանը, երկրի ընդհանուր մրցունակության բարձրացմանն ու Գյումրի քաղաքում տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտության ճյուղերի զարգացմանը: Տեխնոլոգիական կենտրոնը միաժամանակ հնարավորություն կընձեռնի արտադրական գործընթացներում ընդգրկելու Շիրակի մարզի բարձր որակավորման մասնագետներին:

Հանրապետության Նախագահը կենտրոնում այցելել է «Ջի-Այ-Թի-Սի սթարթ-ափ» ակումբ, ուսումնական և «ԱրմԹաբ» լաբորատորիաներ, Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների նորարական ծրագրի սենյակ, ճարտարագիտության և մեխանիկական լաբորատորիաներ, «Ռոստելեկոմ»-ի գրասենյակ, ցուցասրահ, «Դ-Լինք» և «Ի-Վորկս» ընկերությունների սենյակներ, մուլտիմեդիայի տաղավար և լսարան, որտեղ հանդիպում է ունեցել Գյումրիի դպրոցներից կենտրոն այցելած շուրջ 130 ուսուցիչների հետ: Տեխնոլոգիական կենտրոնում Նախագահն ազդարարել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի մեկնարկը:


«Հարգելի՛ ուսուցիչներ,

Ինչպես հիշում եք, հուսով եմ, որ հիշում եք, ես հրապարակավ ասել եմ, որ նոր ուսումնական տարվա սկզբին մենք կրթական ոլորտում հանդես ենք գալու ևս մեկ կարևոր ու էական նախաձեռնությամբ: Այսօր ես պատիվ ունեմ հայտարարելու այդ նախաձեռնության մեկնարկը: Կրկնակի հաճելի է դա անել այսպիսի լսարանում, Հայաստանի տեխնոլոգիական զարգացման հեռանկարը խորհրդանշող նոր և արդիական տեխնոպարկի հարկի տակ հավաքված հրաշալի ուսուցիչների միջավայրում:

Եվ այսպես: Ամենևին էլ նորություն ասած չեմ լինի, եթե մեկ անգամ ևս պնդեմ, որ ապագան կանխորոշվում է կրթությամբ: Ցանկացած ազգային ծրագիր իրագործելի է միայն այն դեպքում, եթե ամրապնդված է համապատասխան մարդկային ներուժ ձևավորելու կարողությամբ ու վճռականությամբ:

Հզոր երկիր ունենալու համար պետք է ունենալ որակյալ և մրցունակ մարդկային ռեսուրս, վերջինս ապահովելու համար անհրաժեշտ է բարձրորակ կրթական համակարգ և դրան համապատասխան ուսուցչական համայնք: 


Դարեր ի վեր հայերն ուսուցչին ավանդաբար վերապահել են ամենաբարձր դիրքը հասարակության մեջ: Այսօր, կրթությամբ անընդհատ վերափոխվող աշխարհում մենք առավել ևս կարիք ունենք վերաիմաստավորելու և վերարժևորելու ուսուցչի մասնագիտությունը: Ի վերջո, ո՞վ է ուսուցիչը: Մարդ, որ սերունդ է կերտում: Մարդ, որի ձեռքում է մեր ամենաթանկ գանձը` մեր երեխաները: Մարդ, որի կատարած աշխատանքից առավելապես կախված է մեր ապագան: Հետևաբար` հասարակությունը պետք է ունենա լավագույն կրթության նպատակադրում և դառնա դրան հասնելու պահանջատեր: Մենք պետք է որակական բարձր չափանիշների հասնելու հնարավորություն ստեղծենք, որպեսզի մեր ուսուցիչները պատրաստվեն ըստ միջազգային չափորոշիչների, ապահովեն լավագույն կրթական բովանդակություն և ստանան արժանապատիվ վարձատրություն:

Սա գիտակցելով է, որ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, մեկամյա նախապատրաստական աշխատանքից հետո, սկսում են մի մեծամասշտաբ կրթական նախաձեռնություն, որը կոչվում է «Կրթության գերազանցության ազգային ծրագիր»:


Ծրագրի նպատակն է` կարևորել ուսուցչի դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել կրթության սպասավորի մասնագիտությունը, լավագույն մարդկային ռեսուրսներն ուղղել դեպի կրթություն և ձևավորել մրցունակ, առաքելության զգացողություն ունեցող ուսուցիչների համայնք: Ծրագիրն իրականացվելու է միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական համակարգով, ըստ որի ուսուցիչները պետք է ստանան համապատասխան որակավորում: Այն լրամշակվելու և ամբողջովին բերվելու է միջազգային չափորոշիչներին համապատասխանության: Այնուհետև գրանցվելու է Հայաստանի Հանրապետության և միջազգային որակավորման համապատասխան հաստատությունների կողմից:


Նախատեսվում է, որ Հայաստանում մեկ տասնամյակի ընթացքում Կրթության գերազանցության ազգային ծրագիրը կհավաստագրի շուրջ 2000 միջազգային որակավորման ուսուցիչների: Նրանք կդառնան փոփոխություններ իրականացնողներ՝ օրինակ ծառայելով Հայաստանի դպրոցների ուսուցիչների ներկայիս ու նոր սերնդի համար, ինչպես նաև կստեղծեն դպրոցներում դասավանդման նորագույն մոտեցումների տարածումը խթանող ցանց:

Ծրագրի շրջանակներում կստեղծվի ռեսուրսների հարուստ կենտրոն, որը կաջակցի Հայաստանի ողջ ուսուցչական համայնքին՝ կատարելագործելու դասավանդման բովանդակությունը և հմտությունները, կօգնի` ներդաշնակեցնելու տեղական և միջազգային կրթական չափորոշիչները և տեղայնացնելու համաշխարհային լավագույն փորձը Հայաստանում:


Կրթության որակի շարունակական բարձրացումը ոչ միայն պետական կառույցների, այլև հասարակության գերխնդիրն է: Սա նշանակում է, որ որակը ոչ թե պետք է վերևից պարտադրվի, այլ պահանջված լինի տեղում: Պետք է ստեղծել կրթությամբ հաջողության հասնելու երազանք և հնարավորություն ընձեռել այդ երազանքն իրականացնելու համար: Այս առումով Կրթության գերազանցության ազգային ծրագիրը առաքելություն է, իսկ այդ ծրագրի ուսուցիչները պետք է լինեն կրթության նոր մշակույթի առաքյալները: Իհարկե, որևէ առաքելություն չի կարող պսակվել հաջողությամբ, եթե չկա դրա անհրաժեշտության հանրային գիտակցում: Եթե հասարակությունը կրթության սպառող է և ոչ թե` մասնակից, ապա այդ կրթությունից ոչ մի լավ բան չի ստացվի:

Այսօր մենք կարիք ունենք ծրագրի մասին իրազեկելու և առավել ևս լսելու բոլորին, ձեզ բոլորիդ: Անցկացվելու են ծրագրի հանրային քննարկումները: Մենք պետք է վստահ լինենք, որ կա կրթության որակի բարձրացման հանրային պատվեր և մասնակցության պատրաստակամություն, մենք պետք է վստահ լինենք, որ ծրագիրն ըստ ամենայնի բյուրեղացնում է մեր միասնական պատկերացումները: Ուստի, պետք է վստահ լինենք, որ յուրաքանչյուրիդ ձայնը լսված է:

Այսքանը որպես սկիզբ: Այսօր այստեղ է գտնվում այս գաղափարի ու այս ծրագրի, ինչպես ասում են, ակտիվ կրողն ու առաջ տանողը, Մեսրոպ քահանա Արամյանը, բայց, ցավոք, այստեղ չէ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով գործուղման մեջ է: Ես արդեն խնդրել եմ տեր Մեսրոպին և Արմեն Աշոտյանին, որպեսզի եկող շաբաթվա ընթացքում նրանք կազմակերպեն մեծ մամուլի ասուլիս, խոսեն ծրագրի ու նաև մեր քայլերի հաջորդականության մասին: Այս պահին եկեք համարենք, որ մենք այս լավ միջավայրում հայտարարեցինք, ազդարարեցինք մի կարևոր ծրագրի սկիզբ, և գոնե այս պահին այս դահլիճում մի քանիսը, ովքեր ծանոթ են ծրագրին, վստահ են, որ մի քանի տարի հետո այն լինելու է արդեն իրականացված որոշ մասով և արդեն իր օգուտն է բերելու մեր կրթական համակարգին: Մոտավորապես այնպես, ինչպես մի քանի տարի առաջ, երբ խոսում էինք Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան դպրոց ունենալու մասին, շատ թերահավատներ եղան, շատ քննադատներ եղան, բայց, փառք Աստծո, ուղիղ չորս շաբաթ հետո մենք բացելու ենք Դիլիջանի միջազգային դպրոցը, որ կառուցվեց Ռուբեն Վարդանյանի և իր ընկերների կողմից և որը, անշուշտ, շատ մեծ դերակատարություն է ունենալու մեր կրթական համակարգում: Դա, գիտեք, շատ լավ շտրիխ է մեր կրթական համակարգի համար: Վստահ եմ, որ հետո տեսնելու եք: Յուրաքանչյուր ոք, ով այսօր գնում և հեռվից տեսնում է այդ դպրոցը, արդեն կարծիք է կազմում բովանդակության մասին: Ես վստահ եմ, որ մեր այս ծրագիրը շատ մեծ դերակատարություն է ունենալու Հայաստանի ապագայի համար: Շատ շնորհակալ եմ: Հաջողություն»,-տեխնոլոգիական կենտրոնում ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ի նշանավորումն Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի բացման, Սերժ Սարգսյանը կենտրոնի բակում ծառատունկ է կատարել:

Գյումրի քաղաքում Նախագահն այցելել է նաև «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության՝ վերականգնված «Գյումրի-2» ենթակայան, որտեղ շրջայցի ընթացքում Սերժ Սարգսյանին ներկայացվել են ենթակայանի վերականգնման վարկային ծրագիրն ու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում իրականացվող այլ ներդրումային ծրագրերը:

Ենթակայանը կառուցվել է դեռևս 1972-1973թթ. և ունի տեղական ու տարածաշրջանային ռազմավարական կարևորություն: Այն սնում է Գյումրի քաղաքը և Շիրակի տարածաշրջանը, ինչպես նաև 110 ԿՎ օդային գծով կապվում է Վրաստանի էներգահամակարգի հետ, իսկ «Ղարս» 220 ԿՎ օդային գծով` Թուրքիայի հետ: Շահագործման ընթացքում ենթակայանի հիմնական և օժանդակ սարքավորումները տասնամյակների ընթացքում ենթարկվել են ֆիզիկական և բարոյական մաշվածության:

Գերմանիայի զարգացման բանկի (KfW), ՀՀ ֆինանսների նախարարության և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի միջև ստորագրված «Գյումրի-2 ենթակայանի վերականգնում» վարկի տրամադրման և ծրագրի ֆինանսավորման պայմանագրով ենթակայանի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2011թ. հոկտեմբերի
14-ին: Պայմանագրով սահմանված ժամկետում` 2014թ. փետրվարի 13-ին, ամբողջ ծավալով ավարտվել են ենթակայանի շինարարական, մոնտաժային, կարգաբերման աշխատանքները, և սարքավորումները դրվել են լարման տակ:

Ծրագրի շրջանակներում ենթակայանի մաշված և հնացած սարքավորումները փոխարինվել են նոր, արդիական, միջազգային ստանդարտներին ու նորմերին համապատասխան սարքավորումներով, որի արդյունքում, պատասխանատուների հավաստմամբ, կնվազեն ենթակայանի տեխնիկական կորուստները, շահագործման ծախսերը, վթարային անջատումները, չմատակարարվող էլեկտրաէներգիայի քանակը, կբարձրանա ենթակայանի, ինչպես նաև ողջ էներգահամակարգի հուսալիությունը և անվտանգությունը:

«Գյումրի-2»-ն ամբողջությամբ վերակառուցված 220 ԿՎ լարման 4-րդ ենթակայանն է «Վանաձոր-2», «Կամո» և «Ալավերդի-2» ենթակայաններից հետո:

Շիրակի մարզ այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել նաև Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի բացման արարողությանը: Ակադեմիան հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) և երկու միջազգային կազմակերպությունների՝ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կողմից իրականացված համատեղ ներդրումային ծրագրի արդյունքում:

Ծրագիրը մեկնարկել է 2011թ. նոյեմբերին, ավարտվել՝ 2014թ. օգոստոսին: Ակադեմիան ունի ժամանակակից ֆուտբոլի սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Նախագահին ներկայացրել են ակադեմիայի ծրագրերը, որոնց շրջանակներում նախատեսում է տեղի մասնագետների համար կազմակերպել մարզչական կրթական դասընթացներ, դրանց արդյունքում վերապատրաստված ու համապատասխան արտոնագրեր ստացած մարզիչներն իրավունք կստանան աշխատելու ակադեմիայում: Ակադեմիայում կարող են մարզվել մինչև 1000 մարզիկներ, աշխատանք գտնել՝ շուրջ 40 գյումրեցիներ:

Սերժ Սարգսյանն այցելել է նաև Գյումրիի «Լենտեքս» ընկերություն, ծանոթացել տեքստիլ արդյունաբերության նախկին ավանդույթների վերականգնման ուղղությամբ աշխատանքներ իրականացնող այս ընկերության գործունեությանը և զարգացման ծրագրերին: Նախագահին ներկայացրել են, որ ընկերության արտադրանքն այսօր հաջողությամբ իրացվում է ՀՀ-ում և ԼՂՀ-ում, որոշակի քանակով արտահանվում է Ֆրանսիա, Վրաստան, Ռուսաստան և Միացյալ Արաբական Էմիրություններ: 2012-2014թթ. կատարելով շուրջ 600 մլն դրամի ներդրումներ՝ ընկերությունը կառուցել է նոր արտադրամաս, որոնց շնորհիվ ընկերության արտադրանքը դարձել է է՛լ ավելի մրցունակ: Ներկայումս ընկերությունում աշխատում է շուրջ 200 մարդ՝ 70 հազ. դրամ միջին աշխատավարձով:

Նախագահը Գյումրիից մեկնել է Աշոցք, որտեղ ներկա է գտնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գյուղական համայնքների զարգացման ծրագրի շրջանակներում Աշոցք համայնքում կառուցված դպրոցի բացման արարողությանը, շրջել 360 աշակերտի համար նախատեսված ուսումնական այդ հաստատությունում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագիրը մեկնարկել է 2011թ. հուլիսին, ավարտվել՝ 2014թ. հուլիսին: Ներկայումս դպրոց է հաճախում 261 աշակերտ:

Աշոցքում Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզ ևս, ծանոթացել կատարված աշխատանքներին: Ծրագրի իրագործման արդյունքում համայնքի նա-խադպրոցական տարիքի շուրջ 115 երեխաներից 90-ն այժմ հաճախում է մանկապարտեզ:

Նախագահն այնուհետև մեկնել է Ամասիա, որտեղ ներկա է գտնվել ֆուտբոլի մարզադաշտի բացման արարողությանը: Մարզադաշտի կառուցման ծրագիրը նախաձեռնել և իրականացրել են ՀՖՖ-ն և «Յուքոմ» ընկերությունը: Ծրագիրը մեկնարկել է 2013թ. սեպտեմբերին, ավարտվել՝ 2014թ. սեպտեմբերին:

Սերժ Սարգսյանն այցելել է նաև համայնքի՝ ամբողջովին հիմնանորոգված արվեստի դպրոց, ծանոթացել իրականացված աշխատանքներին և հանդիպում ունեցել դպրոցի սաների հետ: Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 2012թ. սեպտեմբերին կայացրած վճռով տիրազուրկ ճանաչված և Ամասիա համայնքի սեփականությանը հանձնված նախկին «Խնայբանկի» շենքը 2013թ. «Յուքոմ» ընկերության ֆինանսավորմամբ ամբողջովին հիմնանորոգվել է և գործում է որպես արվեստի դպրոց: Ծրագիրը մեկնարկել է 2013թ. մայիսին, ավարտվել՝ 2013թ. օգոստոսին: Նախագահին ներկայացրել են, որ ծրագրի շրջանակներում իրականացվել են ներքին հարդարման, ջեռուցման, ջրամատակարարման և գազաֆիկացման աշխատանքներ, փոխարինվել են պատուհանները, իրականցվել են մի շարք այլ աշխատանքներ: Դպրոցը կարող է սպասարկել Ամասիայի տարածաշրջանի համայնքների մինչև 200 երեխայի: Ներկայումս դպրոց է հաճախում 92 երեխա:

Ամասիայում Նախագահին ներկայացրել են նաև ՀՍՆՀ ծրագրով կառուցվող մարզամշակութային կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքը: Կենտրոնի շենքը կառուցվել է 1976թ.-ին: ՀՍՆՀ-ի ծրագրով նախատեսվել է ապամոնտաժել գոյություն ունեցող թիթեղյա տանիքը, ծածկերը, քարե պատերը, փոխարինել հատակները, դռները և լուսամուտները, ուժեղացնել պատերը, անցկացնել ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրասնուցման և գազամատակարարման ներքին և արտաքին ցանցերը, ջեռուցման համակարգը: Ծրագիրը մեկնարկել է 2013թ. նոյեմբերին, նախատեսված է ավարտել 2014թ. հոկտեմբերին:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58