Պաշտոնական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 369.50+0.00
EUR BUY - 425.00-1.50 EUR SELL - 432.00+0.00
OIL:  BRENT - 96.90+2.65 WTI - 94.71+3.51
COMEX:  GOLD - 4489.10-0.04 SILVER - 75.31+0.40
COMEX:  PLATINUM - 1936.60-0.70
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.86+0.10 EUR/GBP - 1.1627-0.05
FOREX:  EUR/USD - 1.1627-0.05 GBP/USD - 1.3462+0.04
STOCKS RUS:  RTSI - 1137.66+0.55
STOCKS US: DOW JONES - 51307.79+0.45 NASDAQ - 27093.90+0.03
STOCKS US: S&P 500 - 7609.78+0.13
STOCKS JAPAN:  NIKKEI - 68402.13+2.50 TOPIX - 3996.20+1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25633.21-1.56 SSEC - 4083.97+0.22
STOCKS EUR:  FTSE100 - 10373.51+0.33 CAC40 - 8209.09+0.77
STOCKS EUR:  DAX - 25124.17+0.48
03/06/2026  CBA:  USD - 368.52-0.01 GBP - 495.66-0.71
03/06/2026  CBA:  EURO - 428.04-1.08
03/06/2026  CBA:  GOLD - 53362+644 SILVER - 903.54+7.14
Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է ՀՀ տնտեսությունում արձանագրված վերջին զարգացումներին
23/01/2015 13:29
Կիսվել

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է ՀՀ տնտեսությունում արձանագրված վերջին զարգացումներին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել երկրորդ նախագահի ոչ պաշտոնական 2RD.AM վեբ կայքին:

Պարոն նախագահ, առաջին հերթին անդրադառնանք Գյումրու ողբերգությանը: Բառացիորեն այն պահից, ինչ մարդասպանին կալանավորեցին, Գյումրիում դժգոհության մեծ ալիք բարձրացավ: Զգացմունքային ծայրահեղ լարվածության մթնոլորտում բախումներ տեղի ունեցան ոստիկանական ուժերի հետ: Հայտնի է, որ այդ ամենի, ինչպես և հիմա անընդհատ ահագնացող դժգոհության պատճառը երկու անպատասխան հարցերն էին. ո՞ր երկրի օրենքներով պետք է դատվի մարդասպանը և ո՞ր պետության տարածքում պետք է կրի իր պատիժը: Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անեին իշխանությունները այդ իրավիճակում: 

Գյումրիում կատարված ոճրագործությունը, որ ցնցեց ամբողջ Հայաստանը, ապշեցնում է իր դաժանությամբ: Ակնհայտ էր, որ մարդկանց վրդովմունքը կարող է վերածվել զանգվածային գործողությունների՝ անկանխատեսելի հետևանքներով: Դա կանխելու համար անհրաժեշտ էին իշխանությունների կայծակնային առաջանցիկ գործողությունները: Եվ առաջին հերթին՝ միանշանակ հավաստիացումներն առ այն, որ ոճրագործությունը կհետաքննվի հայաստանյան իրավապահ մարմինների կողմից ու հանցագործը կկանգնի ՀՀ դատարանի առաջ (առավել ևս, որ մենք ունենք նման որոշման նախադեպ՝ 1999 թվականին): Վստահ եմ, որ դա ուղղակի անհրաժեշտ էր ինչպես հայկական, այնպես էլ ռուսական կողմին, քանի որ այդպիսով կկանխվեին բոլոր փորձերը դիտարկելու հայ-ռուսական հարաբերությունները՝ կոնկրետ ողբերգական դեպքի համատեքստում: Մեր պաշտոնյաների լղոզված, իրարամերժ և շփոթված հայտարարությունները յուղ լցրեցին կրակի վրա, և առանց այդ էլ լարված իրավիճակին ազգային նվաստացման երանգ հաղորդեցին: Իսկ դա արդեն պայթյունավտանգ համադրություն էր և, ցավոք, մարդկանց զայրույթը թափվեց հայ ոստիկանների վրա: Այսպես թե այնպես, Գյումրիում տեղի ունեցածը սարսափելի ողբերգություն էր: Ես և իմ ընտանիքը խորապես ցնցված ենք և կիսում ենք բոլորի վիշտը:

Դրամի փոխարժեքի կտրուկ անկումը, որ տեղի ունեցավ անցած տարեվերջին, իսկական շոկ առաջացրեց: Ազգային արժույթի այսպիսի արժեզրկում Հայաստանում վաղուց չէր եղել: Կառավարության ներկայացուցիչները տեղի ունեցածը բացատրեցին աշխարհաքաղաքական պատճառներով, մասնավորապես՝ ռուբլու և նավթի գների անկմամբ, հակառուսական պատժամիջոցների հետևանքներով և այլն: Ի՞նչ եք կարծում, իրո՞ք այսպես անվանվող «սև» դեկտեմբերը պայմանավորված էր բացառապես արտաքին գործոններով: Համարժե՞ք էին արդյոք իշխանությունների գործողությունները ստեղծված իրավիճակին: Եվ պե՞տք է արդյոք սպասել դրամի հետագա արժեզրկմանը: 

Վերջին 5 տարիներին սա արդեն երկրորդ դեպքն է: Իհարկե, շատ հեշտ է ամեն ինչ բարդել արտաքին գործոնների վրա և ներկայանալ որպես աշխարհաքաղաքական գործընթացների զոհ: 1998 թվականի օգոստոսի դեֆոլտի ժամանակ ռուսական տնտեսությունը շատ ավելի վատ վիճակում էր: Այն 6 տոկոսի անկում ապրեց, իսկ ռուբլին դոլարի նկատմամբ էժանացավ 3 անգամ: Սա շատ ավելին է, քան հիմա և, բացի այդ, ներկայումս Ռուսաստանը արտարժույթի և ոսկու պատկառելի պահուստներ ունի, ինչը բացառում է երկրի դեֆոլտը: Բայց նույնիսկ այդ պայմաններում հայկական դրամը պահպանեց կայունությունը, թեև այն ժամանակ Հայաստանի տնտեսությունն ու բանկային համակարգը շատ ավելի թույլ էին: 

Բնական է. արտաքին գործոնները նշանակություն ունեն, բայց անցած տարվա դեկտեմբերին դրանք ոչ թե մեր տնտեսության հիվանդանալու պատճառ դարձան, այլ ի ցույց դրեցին արդեն առկա հիվանդությունները: Դրամի և ռուսական ռուբլու վարքի այդպիսի համահարաբերականություն չպետք է լիներ: Սակայն, մեզանում գերիշխող տրամադրությունների և բացասական սպասումների պարագայում փոխարժեքի տատանումների վրա նույնիսկ աննշան սպեկուլյացիաները կարող են մարդկանց խուճապային վարքի պատճառ դառնալ և որոշիչ դերակատարություն ունենալ, նույնիսկ՝ թվացյալ ֆինանսական կայունության պարագայում: 

Ֆորմալ տեսանկյունից դրամի փոխարժեքի կայունության պատասխանատուն ՀՀ Կենտրոնական բանկն է, որն այդ օրերին կայունացմանն ուղղված որոշակի ջանքեր էր գործադրում՝ իր լիազորությունների շրջանակում: Բայց դեկտեմբերյան իրավիճակում դա ակնհայտորեն բավարար չէր: Իշխանության բոլոր ինստիտուտների հրատապ և համակարգված գործողություններ էին անհրաժեշտ, ազդեցության բոլոր՝ մոնետարային, ֆիսկալ և վարչական գործիքների կիրառմամբ: Դատելով արդյունքներից, այդ գործողությունները ուշացած ու թերի են եղել: Տնտեսագետների շրջանում տարածված կարծիք է, որ «Ճգնաժամին իշխանությունների համբավը և կառավարչական արդյունավետությունը հաճախ ավելի կարևոր են, քան հիմնարար գործոնները»:  

Որպես բացասական գործոն հիշատակեցիք նաև նավթի գնի անկումը: Ընդհակառակը: Նավթ ներմուծող երկրները շահում են գնանկումից: Էժան բենզինը և դիզվառելիքը լավ խթան են տնտեսության աճի համար, ու կարող են կոմպենսացնել Ռուսաստանից եկող մասնավոր տրանսֆերտների նվազման կորուստները, հաշվի առնելով էժան էներգակիրների մեծ մուլտիպլիկատիվ էֆեկտը տնտեսության վրա: Եթե, իհարկե, էներգակիրների շուկայում առողջ մրցակցություն կա /բենզինի գինը Հայաստանում՝ բացառապես սուբյեկտիվ գործոն է, որ արտացոլում է շուկայի մենաշնորհացման աստիճանը/: 

Ի դեպ, հաշվի առնելով համաշխարհային տենդենցները, կարող է վերանայվել նաև երկիր մատակարարվող գազի գինը, եթե, իհարկե, թույլ կտա վերջերս «Գազպրոմի» հետ ստորագրված խնդրահարույց պայմանագիրը: 

Ի՞նչ է լինելու մեր դրամի հետ: Դրամի փոխարժեքն արտացոլում է երկրի տնտեսության և վճարային հաշվեկշռի ընդհանուր վիճակը: Դրանց վատթարացումը էժանացնելու է դրամը, բարելավումը՝ ամրապնդելու է այն: Դրամը չի կարող ապրել իր սեփական կյանքով՝ ընդհանուր տնտեսությունից կտրված: Ամեն դեպքում, փոխարժեքի կտրուկ տատանումներն անթույլատրելի են. դրանք վտանգում են երկրի ֆինանսական համակարգը, խաթարում վստահությունը ազգային արժույթի նկատմամբ և պակասեցնում մեր քաղաքացիների գրպանի պարունակությունը:  

Անցած տարի հարցազրույցներից մեկում կանխատեսել էիք, թե երկիրը մտնում է բացասական սպասումների շրջան: Այդ սպասումներից որոշները, ցավոք, իրականություն են դարձել: Բացի այդ, ընդամենը մի քանի օր առաջ «Moody’s» գործակալությունը իջեցրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը և փոխել կանխատեսումը՝ գնահատելով այն որպես «նեգատիվ»: Ինչպե՞ս եք այսօր գնահատում Հայաստանի տնտեսական վիճակը մոտ ապագայում: 

Ցավոք, որևէ հուսադրող բան ասել չեմ կարող: Եթե տնտեսական քաղաքականութունն անփոփոխ մնա, ապա բոլորովին անհասկանալի է, թե ինչի հաշվին պետք է բարելավվի իրավիճակը, կամ ինչը կարող է դառնալ տնտեսության աճի և դրա արդյունավետության բարձրացման շարժիչը:  «Moody’s» գործակալության կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշի նվազեցումը էլ ավելի կթանկացնի մեզ համար արտաքին փոխառությունները, առավել ևս՝ մեծ արտաքին պարտքի պարագայում: Միջնաժամկետ ապագայում ԵՏՄ տնտեսությունը լինելու է ռեցեսիայի մեջ, այնպես որ շատ դժվար է լինելու այնտեղ որևէ նշանակալի դերակատարում ստանձնել:  Խիստ արժեզրկված ռուբլին լրջորեն կփոխի Ռուսաստանի հետ առևտրի կառուցվածքը՝ ոչ հօգուտ մեր ապրանքների: Ռուսաստանից լուրջ ներդրումների հավանականությունը ցածր է. պատժամիջոցների պատճառով իրենք իսկ խնդիր ունեն արևմտյան վարկերի վերաֆինանսավորման հետ: Արևմտյան ընկերությունների համար ԵՏՄ-ին անդամակցելու պատճառով մենք առանձնապես գրավիչ չենք: Պարզ չէ, թե ինչ է կատարվելու մեր և Իրանի միջև առևտրի ծավալների հետ: Գունավոր մետաղների համաշխարհային գներն, ըստ կանխատեսումների, չեն աճելու, այլ՝ թերևս հակառակը: ՀՀ բանկերի համար նորմատիվների վերջերս կիրառված խստացումը կբերի փոխառվող գումարների թանկացման, իսկ դա նշանակում է, որ բիզնեսի վարկավորումն էլ կթանկանա: Իսկ շինարարության մասին՝ այսպիսի մակրոտնտեսության, բնակչության արտահոսքի և անկումային տրամադրությունների պարագայում՝ չենք կարող նույնիսկ երազել: Տնտեսության մենաշնորհացումը ահագնանում է, ներդրումների ծավալները կայուն կերպով նվազում են, ներդրումային ակտիվությունը դեգրադացվում է: Քաղաքական մենաշնորհի պահպանման պարագայում ներքաղաքական իրավիճակը չի առողջանա:  Առանց արմատական փոփոխությունների չափազանց դժվար կլինի լուծել այս բազմաթիվ խնդիրները: Բացի ճառերից այն մասին, թե ամեն ինչ լավ է կամ ամեն ինչ լավ կլինի, պաշտոնյաներից որևէ ծրագրային խոսք չենք լսում: Ակներև է, որ իշխանությունների և հասարակության՝ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնահատականը տրամագծորեն տարբեր է, և ուրեմն կամ իշխանությունը, կամ հասարակությունը չի կարողանում համարժեք ընկալել իրականությունը: Գուցե իշխանությունները իրոք կարծում են, որ ամեն ինչ կարգին է, կամ էլ իրենք իրենց համոզել են, թե որևէ բան հնարավոր չէ փոխել: Երկու դեպքերն էլ լավատեսության տեղ չեն թողնում:  

Ինքնաբերաբար հարց է ծագում. ի՞նչ է պետք անել իշխանություններին` տնտեսական այս ծանր իրավիճակից դուրս գալու համար: 

Առաջին հերթին՝ ընդունել հիմնարար խնդիրների գոյությունը և անկեղծ երկխոսության տրամադրվել հասարակության ու բիզնեսի հետ՝ երկրում ստեղծված իրավիճակի և ճգնաժամից դուրս գալու ուղիների մասին: Իշխանության բոլոր գործողությունների հաջողության կարևորագույն պայմանը վստահությունն է, որն այսօր գործնականում բացակայում է: Երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, բայց խոսքը հաստատ սահմանադրական ռեֆորմների մասին չէ: Չէի ուզենա հերթով թվարկել բոլոր ակնհայտ ու անհրաժեշտ քայլերը: Հայաստանում և կոնկրետ՝ կառավարությունում, իմ կարծիքով, քիչ չեն այն մարդիկ, որոնք առնվազն հասկանում են, թե ինչ է պետք անել առաջին հերթին: Հաջողության հասնելու ճանապարհին ամենամեծ խոչընդոտը կլինի քաղաքական էլիտայի տնտեսական շահերի բախումը երկրի երկարատև շահերի հետ:

03/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.52
-0.01
Եվրո (EUR)
428.04
-1.08
Ռուբլի (RUR)
4.9908
-0.0721
Լարի (GEL)
138.32
-0.05
53362
+644
Արծաթ
903.54
+7.14