Երևանի քաղաքապետարանի և մանկավարժական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան: Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի ու համալսարանի շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է համալսարանում, ծանոթացել ուսանողների համար ստեղծված պայմաններին, զրուցել դասախոսների հետ: Համալսարանի ռեկտորը քաղաքապետին է ներկայացրել բուհում գործող Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոնը, որի առաքելությունն է նպաստել դպրոցներում շախմատի դասավանդման շարունակական բարելավմանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև համալսարանի թանգարան, ծանոթացել բուհի ստեղծման պատմությանն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին:
Այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Ըստ այդմ, կողմերը պարտավորվել են ամրապնդել փոխգործակցությունն ու իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք ուղղված կլինեն համալսարանի ուսանողների, մագիստրոսների, շրջանավարտների, ասպիրանտների, ինչպես նաև հայցորդների աշխատանքային ու մասնագիտական առաջընթացին:
Կարևորելով համալսարանի հետ ակտիվ փոխգործակցության ձևավորումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ ստորագրված հուշագրի շրջանակում այն կլինի երկուստեք շահավետ:
«Համաձայնագրի ստորագրումն իսկապես կարևոր քայլ է, քանի որ ուսանողներին հնարավորություն է ընձեռվում պրակտիկան անցկացնել ինչպես Երևանի քաղաքապետարանում, այնպես էլ մեր ենթակայության կրթական ու մշակութային հաստատություններում: Սա նաև լավ հնարավորություն է ընտրել լավագույն մասնագետներին, ովքեր հետագայում աշխատանքի կանցնեն Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, մանկապարտեզներում, թանգարաններում ու գրադարաններում: Նաև համոզված եմ, որ այս համագործակցության շրջանակում կձևավորվի հրաշալի թիմ, որն իր աշխատանքով կնպաստի մեր երկրի ու մայրաքաղաք Երևանի զարգացմանը: Համոզված եղեք, որ առաջիկա տարիներին մենք կարձանագրենք այն շոշափելի հաջողությունները, որ կունենանք այս համագործակցության շրջանակում», – ընդգծել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության համար՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն էլ իր հերթին նկատել է, որ քաղաքապետարանի հետ համագործակցության հաստատումը հնարավորություն կտա համալսարանին գրանցելու նոր ձեռքբերումներ ու հաջողություններ տարբեր ուղղություններով:
«Մանկավարժականը տարիներ ի վեր գտնվել է քաղաքամայր Երևանում և շատ որոշակի լումա է ներդրել մայրաքաղաքի կրթության ու մշակույթի զարգացման գործում: Բոլորի անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, պարոն քաղաքապետ, Ձեր պատրաստակամության համար և վստահեցնում եմ, որ նախանշված բոլոր ուղղություններով մենք կապահովենք զգալի արդյունքներ»,- նշել է Ռուբեն Միրզախանյանը:
Ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգևատրել է համալսարանի բարձրագույն պարգևով՝ «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալով:
Նույն պարգևին է արժանացել նաև Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Կրթության և գիտության ասպարեզում ունեցած մեծ հաջողությունների, Երևան քաղաքի հանրային կյանքում նշանակալի վաստակի համար համալսարանի մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանն ու համալսարանի շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանն էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Նշենք նաև, որ ստորագրված հուշագրի շրջանակում կկազմակերպվեն և կանցկացվեն կոնֆերանսներ, սեմինարներ, հանդիպումներ, մրցույթներ ու խորհրդակցություններ, որոնք կնպաստեն ժամանակակից կրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ուսուցման որակի շարունակական բարելավմանը: