Պաշտոնական

USD BUY - 382.00-0.50 USD SELL - 384.00-1.00
EUR BUY - 451.00+3.00 EUR SELL - 454.50+0.50
OIL:  BRENT - 68.33+1.09 WTI - 64.40+1.50
COMEX:  GOLD - 3718.10-0.01 SILVER - 42.41-1.49
COMEX:  PLATINUM - 1401.50-0.50
LME:  ALUMINIUM - 2717.00+1.02 COPPER - 10126.50+0.59
LME:  NICKEL - 15428.00+0.24 TIN - 34881.00-0.27
LME:  LEAD - 2010.00-0.37 ZINC - 2992.00+1.18
FOREX:  USD/JPY - 146.49-0.39 EUR/GBP - 1.1852+0.64
FOREX:  EUR/USD - 1.1852+0.64 GBP/USD - 1.364+0.20
STOCKS RUS:  RTSI - 1065.88+0.03
STOCKS US: DOW JONES - 45757.90-0.27 NASDAQ - 22333.96-0.07
STOCKS US: S&P 500 - 6606.76-0.13
STOCKS JAPAN:  NIKKEI - 44902.27+0.30 TOPIX - 3168.36+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 26438.51-0.03 SSEC - 3861.87+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 9195.66-0.88 CAC40 - 7818.22-1.00
STOCKS EUR:  DAX - 23329.24-1.77
16/09/2025  CBA:  USD - 383.12+0 GBP - 522.04+0.73
16/09/2025  CBA:  EURO - 452.35+1.99
16/09/2025  CBA:  GOLD - 45053+80 SILVER - 519.8-0.74
Հանձնարարվել է ուսումնասիրել վերելակների պահպանմանը հատկացված ու հավաքագրվող միջոցների օգտագործման արդյունավետությունը
08/04/2015 15:30
Կիսվել

Հանձնարարվել է ուսումնասիրել վերելակների պահպանմանը հատկացված ու հավաքագրվող միջոցների օգտագործման արդյունավետությունը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, նախ շնորհավորել է ներկա բոլոր կանանց ու աղջիկներին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, բարեկեցություն և երջանկություն: 

«Ձեզ համար, կանայք» խորագրով մեկամսյա առողջապահական ակցիայի ընթացքի վերաբերյալ առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ չորս շաբաթների ընթացքում քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներ է դիմել 28 027 կին, որից 21 110-ը տեղում համապատասխան հետազոտություններ է անցել: Զեկուցվել է նաև, որ համակարգչային տոմոգրաֆիայի է ուղեգրվել 121 կին, 4 225-ը՝ ստացիոնար բուժման, իսկ 554 կին վիրահատվել է: Քաղաքապետը հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել ակցիայի շրջանակում բուժհաստատություններ դիմած և նախապես ուղեգրված այն կանանց սպասարկման նկատմամբ, ովքեր համապատասխան բժշկական օգնություն պետք է ստանան արդեն ակցիայի ավարտից հետո: 

Համայնքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի հետ կապված զեկուցվել է, որ 2015 թվականի առաջին եռամսյակի ընդհանուր կատարողականը գերակատարվել է՝ կազմելով 103 տոկոս: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները նույն սկզբունքով՝ հետագա ամիսներին ևս բարձր ցուցանիշ ապահովելու նպատակով:

Ապօրինաշինության և հողազավթման ուղղությամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է 19 դեպք: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է նաև, որ 2 հասցեներում իրականացվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: 

Սահմանված ժամանակացույցով վարչական շրջաններում ընթացքի մեջ են ֆրանսիական կառավարության կողմից տրամադրված վարկային միջոցներով իրականացվող ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքները: 

Անդրադառնալով մայրաքաղաքի հեղեղատար համակարգի աշխատանքին՝ քաղաքապետը հանձնարարել է գույքագրել և «Երևան ջուր» ընկերության հետ կարճ ժամկետում կազմակերպել անձրևատար, մասնավորապես վերջին տեղումների ժամանակ ջրակուտակումներ առաջացած հասցեների համակարգերի մաքրման ուղղությամբ: 

«Նախորդ շաբաթվա ընթացքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով երկու վարչական շրջաններում ունեցանք ջրակուտակումներ: Հարկ է, որ մեր համաքաղաքացիները տեղեկանան, որ երկու դեպքում էլ հարակից տարածքների սեփականատերերի մեղքով է առաջացել խնդիրը: Շենգավիթում «Նաիրիտ» գործարանի պատճառով, որը հեղեղատարի մեջ պատ է շարել ու փակել է այն, նաև արգելել է համապատասխան ծառայություններին մուտք գործել տարածք և կարգավորել խնդիրը՝ պատճառաբանելով, որ տվյալ տարածքը անվտանգության գոտի է: Իսկ Նուբարաշենի խճուղում հարակից հողերի սեփականատերերի մեղքով է ստեղծվել նման իրավիճակ, քանի որ նրանք հեղեղատար հանդիսացող ձորակում հողի մեծ զանգված են կուտակել, ինչն իր հերթին խցանման պատճառ է դարձել: Օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկենք այս ուղղությամբ և պատասխանատվության ենթարկեք մեղավորներին»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման հետ կապված զեկուցվել է, որ խախտման 10 դեպք է արձանագրվել: Քաղաքապետը հանձնարարել է խստացնել և հատկապես ոչ աշխատանքային օրերին Երևան քաղաքի ոստիկանության հետ համատեղ շրջայցեր կազմակերպել՝ նման դեպքերը վերացնելու նպատակով: 

Զեկուցվել է, որ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում վերանորոգվել է 7 կանգառասրահ: Հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքի բոլոր կանգառագոտիներում և մասնավորապես կանգառասրահներում առկա թերությունները և սեղմ ժամկետում վերցանել դրանք: 

Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 92 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կարևորելով հանրային իրազեկման աշխատանքները, պատասխանատուներին հանձնարարել է շարունակել հսկողությունը: 

Բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման ուղղությամբ քաղաքապետարանի կողմից տարվող աշխատանքների հետ կապված քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և ուսումնասիրել վերելակների շահագործման ու պահպանման նպատակով համայնքային բյուջեից տրամադրվող և համատիրությունների կողմից հավաքագրվող գումարների ծախսերի և կատարված աշխատանքների հաշվետվությունները, ինչպես նաև այդ միջոցների նպատակային օգտագործումը:

«Բոլորն էլ գիտեն, որ բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքները, ինչպես օրինակ մուտքերը և տանիքները, այնպես էլ վերելակները շենքի բնակիչների բաժնային սեփականությունն են, և դրանց նորոգման կամ այլ խնդիրների հետ կապված հարցերի լուծումը բնակիչների պարտականությունն է: Սակայն բազմիցս եմ նշել, որ այս ուղղությամբ մեր որդեգրած քաղաքականությամբ ամեն տարի համայնքային բյուջեից միջոցներ են հատկացվում բազմաբնակարան բնակելի շենքերի, այդ թվում վերելակների պահպանման համար: Ուստի ստեղծեք աշխատանքային խումբ և կարճ ժամկետում ուսումնասիրեք, թե որքանով են նպատակային օգտագործվել վերելակների պահպանման և շահագործման համար 2013, 2014 թվականների ընթացքում տրամադրված, ինչպես նաև համատիրությունների կողմից գանձված գումարները և ի°նչ աշխատանքներ են իրականացվել: Ընթացիկ աշխատանքներից բացի, ստուգեք նաև համատիրություննեի կողմից այս ուղղությամբ իրականացվող տարեկան ծրագրերը: Սա պետք է լինի ամենօրյա աշխատանք: Խստորեն հետևեք, որպեսզի այն գումարները, որոնք նախատեսված են վերելակների համար, ծախսվեն բացառապես իրենց նպատակին, և առաջնահերթ հիմնանորոգման ծրագրում ընդգրկվեն հրատապ լուծում պահանջող վերելակները»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման աշխատանքները: Ընթացքի մեջ է ծառերի ձևավորումն ու սիզամարգերի ցանքսը: Բնապահպանության վարչության պետը զեկուցել է նաև, որ մեկնարկում են ծառերի կրապատման և խոտհնձի աշխատանքները: Խոտհունձի հետ կապված հանձնարարվել է այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավել նաև տնտեսվարողներին:

Ապրիլի 11-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի պատշաճ կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են: Զեկուցվել է, որ հստակեցված են բոլոր տարածքները, ձեռք են բերվել անհրաժեշտ քանակությամբ տնկիներ և պարագներ: Բացի այդ, քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում շաբաթօրյակի նպատակով շինարարական կազմակերպությունների կողմից տրամադրվել է 59 միավոր տեխնիկա: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մեկ անգամ ևս իրազեկել և ապահովել համաքաղաքային ծրագրին քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների, ինչպես նաև համատիրությունների և բնակիչների ակտիվ մասնակցությունը:

Հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել ապրիլի 29-ին պարի և ապրիլի 30-ին ջազի միջազգային օրերի առիթով մայրաքաղաքում տարբեր միջոցառումների կազմակերպման ուղղությամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև մայիսի 9-ի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ վարչական բոլոր շրջաններում կազմակերպել տոնական միջոցառումներ:

16/09/2025
դրամ
Դոլար (USD)
383.12
+0
Եվրո (EUR)
452.35
+1.99
Ռուբլի (RUR)
4.6276
+0.0084
Լարի (GEL)
141.48
-0.15
45053
+80
Արծաթ
519.8
-0.74