Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտյեխի հետ
Հունիսի 2-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտյեխի հետ:
Ողջունելով Հովիկ Աբրահամյանին և պատվիրակության անդամներին՝ Սենատի նախագահը կարևորել է Հայաստանի վարչապետի այցը Չեխիա՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի երկու երկրների ջերմ և բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և կխթանի չեխ-հայկական համագործակցությունը տարբեր ուղղություններով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հայաստանի վարչապետը նույնպես վստահություն է հայտնել, որ այցը կարևոր նշանակություն կունենա երկկողմ հարաբերությունները զարգացնելու գործում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են տնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը, միջխորհրդարանական համագործակցության խորացումը, փոխգործակցությունը միջազգային հարթակներում: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանը: