Պաշտոնական

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 392.00+0.50
EUR BUY - 406.00+0.00 EUR SELL - 411.00+2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ԱԺ-ն վավերացրել է 200 մլն դոլարի ռուսական վարկի համաձայնագիրը. Ռուսաստանը Հայաստանին Ինկանդեր-Մ հրթիռային համակարգեր կմատակարարի
03/07/2015 12:25
Կիսվել

ԱԺ-ն վավերացրել է 200 մլն դոլարի ռուսական վարկի համաձայնագիրը. Ռուսաստանը Հայաստանին Ինկանդեր-Մ հրթիռային համակարգեր կմատակարարի

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն եւ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 2-ին գումարել է արտահերթ նստաշրջան, որի օրակարգում էր «ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշել է, որ 2015 թվականի հունիսի 26-ին Երեւանում ստորագրված համաձայնագրով ՌԴ կառավարությունը ՀՀ կառավարությանը կտրամադրի մինչեւ 200 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար: Հայկական կողմը վարկն օգտագործելու է ռուսական ռուբլով հաշվարկված արտադրանքի մատակարարման վերաբերյալ պայմանագրերից յուրաքանչյուրի արժեքի մինչեւ 90 տոկոսի ֆինանսավորման համար, որոնք կնքվելու են համաձայնագրի համապատասխան պայմանագրերում նշված ռուսական եւ հայկական կազմակերպությունների միջեւ: Հայաստանը վարկն օգտագործելու է 2015-2017 թվականների ընթացքում: Վարկի մարման ժամկետը 13 տարի է, որից 3-ը՝ արտոնյալ: Վարկի տոկոսադրույքը կազմում է տարեկան 3 տոկոս: ՀՀ ֆինանսների եւ պաշտպանության նախարարությունները նպատակահարմար են համարել համաձայնագրի վավերացումը:

Հիմնական զեկուցող Արա Նազարյանը պատասխանել է պատգամավորներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են պաշտպանության ոլորտին, ինչպես նաեւ՝ վարկային միջոցների հաշվին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման փոխհատուցման հնարավորությանը: Արա Նազարյանը վերահաստատել է, որ քննարկվող վարկային միջոցներն օգտագործվելու են բացառապես նշված նպատակով: Նա հերքել է այն մտայնությունը, թե վարկի միջոցները ՀՀ կառավարությունն ուղղելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման փոխհատուցմանը: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը հարակից զեկույցում կարեւորել է համաձայնագրի վավերացումը՝ նշելով, որ այն դրական նշանակություն կունենա տարածաշրջանում անվտանգության ամրապնդման տեսանկյունից: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովի եզրակացությունը համաձայնագրի վերաբերյալ դրական է: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա եւս կարեւորել է համաձայնագրի վավերացումը, քանի որ, ըստ նրա, այն հնարավորություն է տալու անմիջապես արտադրողից լավագույն գներով գնել գերժամանակակից ռազմատեխնիկա:

Մտքերի փոխանակության փուլում Նիկոլ Փաշինյանը խոսել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման եւ նշված վարկային միջոցների փոխկապակցվածության վերաբերյալ: Նա մտավախություն է հայտնել, թե վարկից գումարներ են ուղղվելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման փոխհատուցմանը: Արտաշես Գեղամյանն անդրադարձել է գործընկերների հարցադրումներին եւ տվել պարզաբանումներ: Նա խոսել է տարածաշրջանային անվտանգությունից՝ այդ տեսանկյունից կարեւորելով համաձայնագրի վավերացումը: Զարուհի Փոստանջանն աննպատակահարմար է համարել համաձայնագրի վավերացումը, քանի որ այն, ըստ պատգամավորի՝ չի համապատասխանում Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին: Հրանտ Բագրատյանը խոսել է հանրապետության տնտեսության վիճակից, հանդես եկել հարցադրումներով, որոնք վերաբերում էին համաձայնագրի առանձին դրույթներին եւ արտաքին պարտքի սպասարկմանը: Հայկ Բաբուխանյանը կարեւորել է համաձայնագրի վավերացումը ռազմավարական տեսանկյունից: Նա անդրադարձել է որոշ ելույթներում հնչած քննադատությանը, տվել պարզաբանումներ: Նա գործընկերներին կոչ է արել խոսել ըստ էության: Արտակ Զաքարյանի կարծիքով՝ փաստաթղթի վավերացումը կարեւոր է ոչ միայն Հայաստանի Հանրապետության համար, այլ նաեւ` Հարավային Կովկասում երկարատեւ կայուն եւ խաղաղ զարգացումներ ապահովելու տեսանկյունից: Պատգամավորը կարեւորել է զինված ուժերի մարտունակության ամրապնդումը, խոսել միջազգային ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության մասին: Արծվիկ Մինասյանը, կարեւորելով համաձայնագրի վավերացումը, միեւնույն ժամանակ մտահոգություն է հայտնել համաձայնագրի եւ դրան կից ներկայացված փաստաթղթերում ֆինանսական բաղադրիչի բացակայության առնչությամբ: Հովհաննես Մարգարյանը չափազանց կարեւոր է համարել, որ համաձայնագրով տրամադրվելիք վարկն ուղղվելու է բանակի պաշտպանողականության բարձրացմանը: Պատգամավորն անդրադարձել է վարկի մարման ժամկետներին, տոկոսներին: Կորյուն Նահապետյանը, կարեւորելով եւ բարձր գնահատելով քննարկվող փաստաթուղթը, նշել է, որ այն հնարավորություն է ընձեռում լուծելու ՀՀ զինված ուժերի համար կարեւորագույն խնդիր, այն է՝ զինված ուժերն ապահովել ժամանակակից սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով ու ռազմատեխնիկական միջոցներով: Ըստ պատգամավորի՝ համաձայնագիրը բխում է ՀՀ ազգային անվտանգության շահերից: Ըստ Խոսրով Հարությունյանի՝ փաստաթուղթը կարելի է դիտարկել որպես հայ-ռուսական ռազմավարական համագործակցության արգասիք եւ բխում է գլոբալ անվտանգության պահանջներից: Պատգամավորը նշել է, որ կողմ է քվեարկելու: Մհեր Շահգելդյանը փաստաթղթի վավերացումը կարեւոր է համարել ՀՀ անվտանգության եւ հատկապես պաշտպանության ապահովման տեսանկյունից: Ըստ պատգամավորի՝ ՀՀ տնտեսական ներկա վիճակը թույլ չի տալիս երկիրը համալրել համապատասխան զինտեխնիկայով: Կարեւորելով ներկայացված փաստաթուղթը՝ Վարդան Այվազյանը նշել է, որ ռազմական հավասարակշռության պահպանումը եւ երկրի ռազմական ներուժի ավելացումը նախապայման են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Պատգամավորը նշել է, որ կողմ է քվեարկելու:

Արտահերթ ելույթով հանդես է եկել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Ողջունելով փաստաթղթի շուրջ առաջացած բանավեճը՝ ԱԺ փոխնախագահը միեւնույն ժամանակ կոչ է արել մնալ ողջամտության սահմաններում: Հերմինե Նաղդալյանը նախ անդրադարձել է այն հարցադրումներին, թե արդյոք հատկացվելիք վարկով կառավարությունը փոխհատուցելու է հոսանքի բեռը: Նա ընդգծել է, որ համաձայնագիրը հնարավորություն չի տալիս գումարներ տրամադրել էներգետիկ ոլորտին: Հերմինե Նաղդալյանը շեշտել է, որ այս համաձայնագիրը 2013 թվականի հունիսի 25-ին «ՀՀ-ՌԴ միջեւ ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի տրամաբանական շարունակությունն է: Փաստաթղթով ՀՀ-ն ստանում է բացառիկ հնարավորություններ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ Ադրբեջանին զենք են վաճառում ժամանակակից շուկայական գներով, իսկ Հայաստանին՝ այնպիսի պայմաններով, ինչպես մատակարարում են ռուսական բանակին: Հերմինե Նաղդալյանն ընդգծել է, որ ՀՀ-ի համար այս պայմանագրով բացառիկ պայմաններ են ապահովված` ստանալու գերժամանակակից ռուսական արտադրության սպառազինության զենքեր` արտոնյալ, գործարանային գներով: Նկատի ունենալով համաձայնագրի կարեւորությունը՝ նա գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել համաձայնագրին:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Ըստ պատգամավորի՝ համաձայնագրով հատկացվելիք փոխշահավետ արտոնյալ վարկը տարբերվում է մինչ այժմ ներգրավված այլ վարկերից. այն վերաբերում է պետության անվտանգությանը: Խմբակցության ղեկավարը մտահոգություն է հայտնել վարկն արտարժույթով ստանալու առնչությամբ: Ռուբիկ Հակոբյանը տեղեկացրել է, որ ինքը կողմ է քվեարկելու համաձայնագրին, իսկ խմբակցության մյուս անդամները քվեարկելու են ազատ: ԱԺ ՕԵԿ խմբակցության տեսակետն է ներկայացրել խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Անդրադառնալով վարկային համաձայնագրի նշանակությանը` պատգամավորը կարեւորել է հատկապես համաձայնագրի բովանդակությունը: Հեղինե Բիշարյանը կարեւորել է վարկային համաձայնագիրը տարածաշրջանային անվտանգության տեսակետից, քանի որ Հայաստանը տարածաշրջանում, ըստ նրա, կարող է դառնալ մրցունակ երկիր: Վարկային համաձայնագիրը, ըստ խմբակցության ղեկավարի, շահեկան է, քանի որ հնարավորություն է տալու մեր երկրին՝ գործարանային գներով գնել ռազմատեխնիկա: «Օրինաց երկիր» խմբակցությունը կողմ է քվեարկելու համաձայնագրին:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կարեւորել է վարկի նպատակային օգտագործումը, անդրադարձել ֆինանսական պայմաններին, խոսել արտաքին պարտքի ավելացումից: Պատգամավորի խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը եւ Թուրքիան ամեն կերպ փորձում են ապակայունացնել տարածաշրջանում իրավիճակը, եւ հաշվի առնելով Ռուսաստանի հետ մեր երկրի ռազմավարական համագործակցությունը՝ իրենք կողմ են քվեարկելու համաձայնագրին: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ իրենք կողմ են վարկային համաձայնագրին, քանի որ այն առաջին հերթին վերաբերում է մեր երկրի անվտանգությանը: Պատգամավորն անդրադարձել է համաձայնագրի ֆինանսական հատվածին, պետական պարտքի ավելացմանը՝ կարեւորելով արդյունավետությունը: Խմբակցությունը կողմ է քվեարկելու համաձայնագրին:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւս մեկ անգամ կարեւորել է համաձայնագրի նշանակությունը: Խմբակցության ղեկավարի դիտարկմամբ՝ նման վարկերի տրամադրումը շատ կարեւոր է, քանի որ այն ուղղվելու է զինված ուժերի կատարելագործմանը, որն էլ իր հերթին՝ կապահովի սահմանների անձեռնմխելիությունը եւ տարածաշրջանային անվտանգությունը: Վահրամ Բաղդասարյանը եւս մեկ անգամ շեշտել է, որ համաձայնագիրն ուղղվելու է այն նպատակին, որի համար այն տրամադրվում է: Խմբակցությունը կողմ է քվեարկելու համաձայնագրին: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը եզրափակիչ ելույթում եւս մեկ անգամ կարեւորել է վարկային համաձայնագիրը եւ անդրադարձել պատգամավորների ելույթներում հնչած հարցադրումներին: Խորհրդարանը քվեարկությամբ վավերացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ 2015 թվականի հունիսի 26-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը: Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

Վերջում հավելվենք, որ մամուլում հայտնված տեղեկատվության համաձայն համաձայնագրի շրջանակներում Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի Ինկանդեր-Մ օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգեր:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75