
Վարչապետ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էրլունին: Զրուցակիցները քննարկել են հայ-չինական հարաբերություններին, մասնավորապես, վարչապետ Աբրահամյանի՝ Չինաստան կատարելիք աշխատանքային այցին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Վարչապետը բարձր է գնահատել հայ-չինական համագործակցությունը տարբեր ոլորտներում և կարևորել երկու երկրների միջև տնտեսական կապերի հետագա զարգացման ու խորացման ուղղությամբ համատեղ նոր ծրագրերի իրականացումը:
Դեսպան Թյան Էրլունը Հովիկ Աբրահամյանին է փոխանցել Չինաստանի վարչապետի ջերմ ողջույնները և ընդգծել, որ իր երկիրը մեծապես շահագրգիռ է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության ընդլայնմամբ: Դեսպանը վստահություն է հայտնել, որ ՀՀ վարչապետի այցը Չինաստան նոր ազդակ կհաղորդի հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանը և կնպաստի երկու երկրների միջև տնտեսական կապերի խորացմանը: