Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին հանձնարարեց ներկայացնել կատարված միջոցառումների արդյունքները
ՀՀ կառավարության նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ընդգծեց, որ իրականացվող գործողությունները և միջոցառումները պետք է հանգեցնեն յուրաքանչյուր ոլորտում կիրառական և շոշափելի արդյունքների:
«Միաժամանակ մեր կողմից արձանագրվել է համայնքների և մարզերի զարգացման ծրագրերի կարևորությունը: Ակնհայտ է, որ առկա է այդ ծրագրերի իրագործման և խնդիրների բացահայտման համար լրացուցիչ խորհրդակցությունների անհրաժեշտություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:
ՀՀ վարչապետը hանրապետական գործադիր մարմիններին հանձնարարեց քսանօրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն 2017 թվականին իրականացված գործողությունների արդյունքում արձանագրված կոնկրետ արդյունքների վերաբերյալ, որոնք դրական ազդեցություն են ունեցել քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար, պարզեցրել են վարչարարությունը, կանխարգելել և նվազեցրել կոռուպցիոն ռիսկերը, նպաստել բիզնես միջավայրի զարգացմանը և այլն: