Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Նախագահին ԿԳ նախարարը զեկուցել է ոլորտում իրականացված աշխատանքների, դեռևս առկա խնդիրների և 2018 թվականի ծրագրերի մասին
28/02/2018 15:58
Կիսվել

Նախագահին ԿԳ նախարարը զեկուցել է ոլորտում իրականացված աշխատանքների, դեռևս առկա խնդիրների և 2018 թվականի ծրագրերի մասին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր զեկուցել է Նախագահի հանձնարարականների կատարման ընթացքը, հանրապետությունում հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում որակյալ կրթության ապահովման, այդ նպատակով նաև նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, նախարարության գերակա խնդիրներն ու 2018թ. ծրագրերը:

Նախարար Մկրտչյանը զեկուցել է, որ 2017թ. մշակվել և կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի գլխավոր նպատակն է ապագային միտված կրթական համակարգի ձևավորումը:

Անդրադառնալով գերազանցության կենտրոններին զուգահեռ իրականացվող նորարարական կրթական ծրագրերին՝ այդ թվում Արարատյան բակալավրիատի ծրագրին՝ Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ այն արդեն ստացել է միջազգային ճանաչում։ Նախարարի հավաստմամբ՝ Միացյալ Թագավորության ճանաչման ազգային գործակալության զեկույցը հաստատել է Արարատյան բակալավրիատը՝ որպես միջազգային լավագույն դպրոցական ծրագրերին համազոր ծրագիր, և այն ներառել Միացյալ Թագավորության բուհական ընդունելության միասնական համակարգում: Նախարար Մկրտչյանը զեկուցել է, որ Նախագահի հանձնարարությամբ գերազանցության կենտրոնների համակարգը ներդրվում է նաև հանրապետության ավագ դպրոցներում. մարզերի և Արցախի ավելի քան 20 դպրոց ներառվել է Արարատյան բակալավրիատի դպրոցների թեկնածության փուլում, իրականացվել է հիշյալ ծրագրով ուսուցիչների վերապատրաստում: Միաժամանակ, մշակվել է նաև «Ուսուցիչ» ծրագրի մաս կազմող ատեստավորման բաղադրիչը, որի նպատակն է բացահայտել որակյալ ուսուցիչներին, բարելավել տարակարգերի շնորհման համակարգը և ապահովել նոր որակյալ կադրերի մուտքը դպրոց:

Կրթության ոլորտում պետական և մասնավոր հատվածների համագործակցության զարգացման նպատակով Նախագահի մեկ այլ հանձնարարականի կատարման վերաբերյալ ԿԳ նախարարը զեկուցել է այս ուղղությամբ նոր ծրագրերի ներդրման մասին: Նա, մասնավորապես, նշել է, որ ընդլայնվել է «Թումո» կենտրոնի ցանցը՝ Երևանից բացի, այն մասնաճյուղեր ունի նաև Դիլիջանում, Գյումրիում, Ստեփանակերտում և հնարավորություն է տալիս տարեկան 14 հազար երեխայի մշտական և անվճար հիմունքներով հմտություններ զարգացնել արվեստի և ՏՏ ուսումնական ծրագրերով: Մեկ այլ նախագծով՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համատեղ ներդրվել է Ռոբոտաշինության զարգացման ծրագիրը. 2018 թվականի հունվարի դրությամբ գործում է 225 խմբակ, որոնցում ընդգրկված է շուրջ 5.000 երեխա: «Ավանգարդ Քլաբ» կազմակերպության հետ համագործակցությամբ սկսվել է Թվային պլանետարիումի գործարկումը, որի շրջանակներում նախատեսվում է տարեկան սպասարկել մարզային դպրոցների 7-ից 11-րդ դասարանների մինչև 120.000 աշակերտի՝ նպատակ ունենալով աշակերտների շրջանում խրախուսել բնագիտական առարկաների ուսուցումը, նպաստել նաև աստղագիտության ավանդական դպրոցի պահպանմանն ու զարգացմանը: Ըստ նախարարի՝ դպրոցներում ներդրվել են ֆինանսական և ձեռնարկատիրական կրթության փորձնական ծրագրեր, որոնցով վերապատրաստվել է 1260 դպրոցի ավելի քան 1400 ուսուցիչ, փորձնական ծրագրերում ընդգրկված է շուրջ 65 000 աշակերտ:

Նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրել է նաև կրթության որակի բարելավման նպատակով օտար լեզուների ուսուցման արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Նախարարի զեկուցմամբ՝ Հանրապետության Նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում գտնվող՝ չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են, նախատեսվում է չինական կողմից կատարված 83,4 մլն յուան (շուրջ 11 մլն ԱՄՆ դոլար) ներդրումների շնորհիվ դպրոցը շահագործման հանձնել սահմանված ժամկետում՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ին:

Հաշվետու տարում, ըստ նախարարի, մշակվել է հանրակրթական դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը, «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հետ համատեղ իրականացվում են ռուսերենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրեր:

Հանրապետության 6 համայնքում Միացյալ Թագավորության կառավարության հովանավորությամբ ստեղծվել են անգլերենի ուսուցման ակումբներ, որոնցում ընդգրկված է շուրջ 400 սովորող, վերապատրաստվել է շուրջ 200 ուսուցիչ: Հանրապետության 10 դպրոցում իրականացվում է ֆրանսերենով խորացված ուսուցում: Կրթության միջազգայնացման շրջանակում ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ Գերմանիայի կրթության և մշակույթի դաշնային խորհրդի որոշմամբ 2018թ.-ից միջնակարգ կրթության ատեստատը հիմք կհանդիսանա Գերմանիայի բուհերում կրթությունը շարունակելու համար:

ԿԳ նախարարը զեկուցել է նաև սոցիալական աջակցության ծրագրերի ընթացքը՝ նշելով, որ 2017թ. սահմանամերձ և սոցիալական աջակցություն ստացող 39 համայնքի 49 դպրոցի 1-12-րդ դասարանի բոլոր աշակերտներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվել են անվճար դասագրքեր: Սահմանամերձ համայնքների 1046 ուսանողի պետության կողմից տրամադրվել է 30-60 տոկոս ուսման վարձի փոխհատուցում, որը կազմել է շուրջ 154 մլն դրամ: Սոցիալապես անապահով ընտանիքների 2667 ուսանողի պետության կողմից տրամադրվել է 50-100 տոկոս ուսման վարձի փոխհատուցում, որը կազմել է շուրջ 655 մլն դրամ:

«Կայուն դպրոցական սնունդ» ազգային ծրագրի ընդլայնման արդյունքում 2017թ. ազգային ծրագրին միացել է Տավուշի մարզը, 2018թ. ծրագիրը կներդրվի նաև Շիրակի մարզում: Ներկայումս հանրապետության մարզերի տարրական դասարանների շուրջ 90.000 աշակերտ անվճար սնունդ է ստանում պետական բյուջեի և Պարենի համաշխարհային ծրագրի միջոցներով:

Ընդգծելով, որ հանրակրթության զարգացման գերակա ուղղություններից է անցումը համընդհանուր ներառականության, որի նպատակն է հանրակրթական դպրոցներում ստեղծել որակյալ կրթության հնարավորություններ բոլոր երեխաների համար, նախարար Լևոն Մկրտչյանը զեկուցել է, որ համընդհանուր ներառական կրթության են անցել Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերը, այս տարի ծրագիրը կներդրվի Արմավիրի մարզում:

Լևոն Մկրտչյանը զեկուցել է նաև դեպի աշխատաշուկա անցնելու հիմնախնդրի լուծման ուղղությամբ Հանրապետության Նախագահի հանձնարարականի շրջանակում կատարված աշխատանքների մասին, նշելով, որ մարզերի շուրջ 25 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ներդրվել է մարզերի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող, աշխատաշուկայում պահանջարկ և կարևորություն ունեցող ոլորտների գծով շուրջ 40 մասնագիտություն: Բացի այդ, կրթական համակարգ է ներմուծվել Գերմանիայի երկակի ուսուցման կրթության փորձը՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հետ համագործակցությամբ:

Նախարարը տեղեկացրել է, որ Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ ձևավորված բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումների մասնագիտական խումբն ավարտել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը: Օրինագիծն այժմ գտնվում է Ազգային ժողովում:

2018 թվականին իրականացվելիք ծրագրերի շարքում ԿԳ նախարարը նշել է բուհերի պետական ֆինանսավորման մեխանիզմների և ուսանողական կրթաթոշակների ու նպաստների տրամադրման սկզբունքների վերանայման, բնագիտական և ինժեներական ոլորտում բուհ-գիտահետազոտական ինստիտուտ-գործատու գիտակրթական կլաստերների և ցանցային համալսարանների ձևավորման, բարձրագույն կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգի ներդրման, բուհերի դասակարգման, հաշվետվողականության բարձրացման և մի շարք այլ ուղղություններով նախատեսվող աշխատանքները:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88