Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ  ԵՎ ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
28/03/2011 11:27
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Նախագահ Սերժ Սարգսյանը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով, երեկ` մարտի 27-ին, աշխատանքային այցով ժամանել էր Թեհրան: Այցի շրջանակում Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է ԻԻՀ նախագահին և Իրանի ժողովրդին՝ Նովրուզի տոնի կապակցությամբ և իր ու ամբողջ հայ ժողովրդի անունից հղել բարեմաղթանքներ:

Հանդիպման ընթացքում նախագահներ Սարգսյանը և Ահմադինեժադը քննարկել են երկկողմ փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր: Նախագահները կարևորել են հատկապես էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի և մի շարք այլ բնագավառներում հաջողությամբ զարգացող փոխգործակցությունը, անդրադարձել՝ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրին:

ԻԻՀ նախագահի հետ հանդիպումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը, Թեհրան ժամանած այլ երկրների ղեկավարների հետ, «Վահդաթ» համալիրում մասնակցել է Նովրուզի տոնակատարությանը և հանդես եկել շնորհավորական խոսքով:

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Նովրուզի տոնակատարությանը

Իրանի Իսլամական Հանրապետության մեծարգո՛ պարոն Նախագահ,
Ձե՛րդ Գերազանցություններ,
Տոնական հանդիսության հարգարժա՛ն մասնակիցներ,

Ուրախ եմ ներկա գտնվել Նովրուզի միջազգային երկրորդ տոնակատարության այս գեղեցիկ և հիրավի խորհրդանշական արարողությանը:

Նովրուզի տոնն իր գեղեցիկ ու բարի ավանդույթներով և ծեսերով հազարամյակների ընթացքում յուրաքանչյուր գարուն նշվում է մեր տարածաշրջանում` ջերմ ու բարեկամական մթնոլորտում միավորելով տարբեր ժողովուրդների:

«Նովրուզ» բառն իր մեջ խորհուրդ ունի։ Այն նշանակում է «նոր օր», ինչն ազդարարում է գարնան գալուստը, կյանքի զարթոնքը: Հենց այդ օրերին է, որ բնությունն իսկապես արթնանում է, և ամեն ինչ սկսվում է նորից. ահա թե ինչպես է հնագույն քաղաքակրթություն ունեցող Իրանի ժողովուրդը պատկերել ու արժևորել կյանքի հավերժականությունը։ Աշխարհի շատ ու շատ ժողովուրդների հոգեկերտվածքում գարունը սկիզբ է, գարնան գալուստը կյանքի նոր էջ է բացում։ Գեղեցիկ է այս տոնը` որպես մարդկային կյանքի՝ բնության հետ ներդաշնակության արտահայտություն: Այն նաև ուրույն դեր է խաղում մարդկային շփումներն ու կապերը ակտիվացնելու և, ընդհանրապես, խաղաղությունն ու համերաշխ գոյակցությունն ամրապնդելու գործում: Իր մեջ պարունակող համերաշխության, բարեկամության և համախմբման մեծ ներուժի արտացոլումն է նաև այսօրվա վեհաշուք հավաքը «Վահդաթ»` «Միասնականություն» անվանումը կրող այս հիասքանչ սրահում:

Հարուստ ավանդույթներով այս հրաշալի տոնը չի վրիպել նաև համաշխարհային հանրության տեսադաշտից: Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից Նովրուզի ճանաչումը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից դրա գրանցումը` որպես Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն, դրա իսկական վկայություններն են: Ուղիղ մեկ տարի առաջ Նախագահ Ահմադինեժադի գլխավորած կառավարության նախաձեռնության և ջանքերի շնորհիվ այսօր գերազանց առիթ է ընձեռվել միմյանց հանդիպելու, շփվելու և ամենայն բարիք մաղթելու` արժևորելով համամարդկայինը, տիեզերականը, որ միավորում է մեզ: Այս հավաքը նաև տարբեր քաղաքակրթությունների միջև երկխոսության, միջմշակութային համագործակցության և փոխըմբռնման խրախուսման գեղեցիկ դրսևորում է:

Գարնանային զարթոնքի ծեսը հոգեհարազատ է նաև մեզ` հայերիս։ Տյառնընդառաջը, որ հայկական հնագույն տոներից է, ավանդույթի համաձայն նշվում է փետրվարի 14-ին: Թեև տոնը ձմռանն է, սակայն այդ օրն արդեն զգացվում է գարնան շունչը, և, ըստ մեր պապերի հնագույն պատկերացումների, տոնը մեղմում է ցուրտը և ազդարարում գարնան սկիզբը։ Տոնը խորհրդանշում է լույս, ջերմություն, երիտասարդություն, սեր, պտղաբերություն և օրհնանք է բերում նորապսակ զույգերին:

Բացի այդ, 301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն աշխարհում առաջինն ընդունած մեր հավատավոր ժողովրդի գլխավոր տաղավար տոնը Սուրբ Զատիկն է` մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը, և ակնհայտ է նրա ծիսակարգի նմանությունը Նովրուզի ծեսերի հետ: Տոնի ընթացքում հայերն էլ իրենց տոնական սեղանները զարդարում են հավիտենականության խորհրդանիշը հանդիսացող գունավոր հավկիթներով և բնության վերածնունդի խորհուրդն արտահայտող նորածիլ բույսերով:

Սրանք ընդամենը մի համեստ օղակն են ընդհանրությունների այն մեծ շղթայի, որը դարերի ընթացքում ձևավորվել է Հայաստանի, Իրանի և մեր տարածաշրջանի այլ ժողովուրդների միջև։ Հենց դրանք են կազմել հայ­իրանական դարավոր դրացիության ու բարեկամության ամուր հիմքերը, որ Հայաստանի անկախացումից ի վեր վերածվեցին երկու պետությունների միջև լիարժեք գործընկերային միջպետական հարաբերությունների։

Հարգելի՛ բարեկամներ,

Հայաստանի և Իրանի բարիդրացիական հարաբերություններն իսկապես օրինակելի են: Մեր բարեկամությունը, իրանական միջավայրում հայկական ծաղկուն համայնքի ներկայությունը քրիստոնեական և իսլամական քաղաքակրթությունների համագործակցության և փոխադարձ հարստացման լավ օրինակ է: Հայաստանի և Իրանի համագործակցությունը բարեկամության, հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի, մշակութային երկխոսության պատմություն է:

Օգտվելով տոնական այս հիասքանչ միջոցառման ընձեռած գեղեցիկ հնարավորությունից` ցանկանում եմ Նովրուզի շնորհավորանքներ հղել Իրանի Իսլամական Հանրապետության Հոգևոր առաջնորդին, Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահին, այսօր մեզ հետ ներկա գտնվող մյուս Նախագահներին և բոլոր ներկաներին: Շնորհավորանքս եմ հղում նաև Իրանի բարեկամ ժողովրդին և բոլոր նրանց, ովքեր նշում են այս տոնը և ընդհանրապես բոլոր նրանց, ովքեր արժևորում են տոնի խորհուրդները՝ բարությունը, սերը, ծնունդը, խաղաղությունը:

Մաղթում եմ բարգավաճում և խաղաղություն մեր տարածաշրջանին ու համայն աշխարհին:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08