
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԱՂԱՆԴՆԵՐԸ ԿՍԿՍԵՆ ԿԱՌԱՎԱՐՎԵԼ
«Մենեջմենթ Միքս» կազմակերպությունը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո եւ մասնակցությամբ հոկտեմբերի 28-ին Երեւանում կկազմակերպի ՀՀ-ում առաջին ազգային խորհրդաժողովը «Տաղանդների կառավարում, մարտահրավերներ եւ Հայաստանի կազմակերպությունները» խորագրով: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրին կազմակերպությունից, խորհրդաժողովը կհամախմբի ՀՀ մասնավոր, պետական եւ կրթական համակարգերի ներկայացուցիչներին, որոնք կներկայացնեն ու կքննարկեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` «Տաղանդների կառավարում` հիմնված հմտությունների (կոմպետենտությունների) վրա», «Տաղանդների կառավարման խնդիրները քաղաքացիական ծառայության համակարգում», «Բարձրագույն կրթության դերը տաղանդների արդյունավետ զարգացման մեջ», «Կրթության եւ աշխատանքային շուկայի կապն ու թերությունները», «Տաղանդների կառավարման ժամանակակից տեխնոլոգիաները» եւ այլն: Ազգային խորհրդաժողովում նախօրոք գրանցված մասնակիցները կներկայացնեն իրենց հետազոտությունները տաղանդների կառավարման ոլորտում: Լավագույն «բաց ներկայացումը» կստանա հատուկ մրցանակ «Մենեջմենթ Միքս» կազմակերպության կողմից:
«Մենեջմենթ Միքս»-ը «Սի Էս Փի Կովկաս» խորհրդատվական ընկերության իրավահաջորդն է: Խորհրդաժողովը կանցկացվի «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի եւ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի հովանավորությամբ: