ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՐԱԶԵԼ Է «ԿՌԱԶ»-Ի ՎԱՐՈՐԴ ԴԱՌՆԱԼ
Այսօր` լրագրողների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանելով իր մանկության կապույտ երազանքին վերաբերող հարցին ասել է. «Գիտեք, այդ հարցը ինձ մի անգամ երեխաների հետ հանդիպման ժամանակ տվեցին, թե ինչ էի ես երազում։ Ես այն ժամանակ ասացի, հիմա էլ կրկնեմ։ 60-ական թվականներին Երեւանը կհիշեք։ Երբ Երեւանում մեծ մեքենաներ էին հայտնվում, երեխաների համար դա ապշեցուցիչ մի բան էր։ Երբ Անի հյուրանոցն էր կառուցվում, որի բակում մենք մեծանում էինք, այդ շինարարությունը մեզ համար ապշեցուցիչ էր, երբ մեծ մեքենաները գալիս էին։ Ես նայում էի, ասում էի` էս ի~նչ տեխնիկայի դրսեւորում է։ Ես ասում էի` երազում եմ դառնալ այդ «կռազի» վարորդը։ Ի~նչ երջանկություն է այդ տեխնիկայի, այդ հրաշքի ղեկին նստել եւ այդ մեծ մեքենան աշխատացնել։ Եվ մենք այն ժամանակ լկստված չէինք խաղալիքների քանակով, եւ եթե մեր բակում որեւիցէ մեկը ունենում էր այդպիսի մեքենա… Ընդ որում, Սովետական Միությունում այդ ռազմական արդյունաբերություն էր այդ խաղալիքները արտադրում։ Մեծ, ծանր խաղալիքներ էին, եւ երբ որեւիցէ մեկը այդ մեքենայից ունենում էր, մնացածը երազում էր դրա մասին։ Այդ մեքենայից իրենք էլ ունենան` «կռազ»։