Այլ Լուրեր

USD BUY - 386.00-2.50 USD SELL - 390.00-3.00
EUR BUY - 413.00-2.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 88.47+1.31 WTI - 83.45+1.48
COMEX:  GOLD - 2340.90+1.07 SILVER - 27.48+1.82
COMEX:  PLATINUM - 924.60+0.20
LME:  ALUMINIUM - 2670.50+0.06 COPPER - 9829.50-0.47
LME:  NICKEL - 19739.00+2.14 TIN - 34478.00-3.10
LME:  LEAD - 2170.00-2.19 ZINC - 2832.00-0.70
FOREX:  USD/JPY - 154.85+0.07 EUR/GBP - 1.0705+0.45
FOREX:  EUR/USD - 1.0705+0.45 GBP/USD - 1.2453+0.80
STOCKS RUS:  RTSI - 1163.50-0.91
STOCKS US: DOW JONES - 38503.69+0.69 NASDAQ - 15696.64+1.59
STOCKS US: S&P 500 - 5070.55+1.20
STOCKS JAPAN:  NIKKEI - 37552.16+0.30 TOPIX - 2666.23+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 16828.93+1.92 SSEC - 3021.98-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 8044.81+0.26 CAC40 - 8105.78+0.81
STOCKS EUR:  DAX - 18137.65+1.55
23/04/2024  CBA:  USD - 390.04-1.40 GBP - 481.74-0.75
23/04/2024  CBA:  EURO - 415.63-1.21
23/04/2024  CBA:  GOLD - 29280.45-668.28 SILVER - 347.80-7.60
Վարազդատ Հարությունյան. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վտանգները բիզնես միջավայրի համար
06/11/2021 14:24
Կիսվել

Վարազդատ Հարությունյան. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վտանգները բիզնես միջավայրի համար

Անցած տարի Ազգային ժողովը, չնայած իրավաբանական և ձեռնարկատիրական համայնքի խիստ քննադատություններին, ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը։

Ի՞նչի մասին է օրենքը

Եթե փորձենք համառոտ ներկայացնել օրենքի նպատակը, ապա կարելի է ձևակերպել այսպես. «հայտնաբերել ապօրինի միջոցներով ձեռք բերված գույքը և բռնագանձել այն հօգուտ պետության»։ Օրենքի քաղաքական բաղադրիչների և օրենսդրական նպատակահարմարության մասին շատ է խոսվել և շատ է քննադատվել, այնուամենայնիվ բաց են մնացել մի շարք հարցեր, որոնք շոշափում են ոչ միայն հավանական ապօրինի ծագում ունեցող գույքի սեփականատիրոջ, այլև երրորդ անձանց շահերը։

Բարեխիղճ ձեռք բերողները

Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձին պատկանող գույքը, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույք և ձեռք է բերվել այլ անձի կողմից, ենթակա չէ բռնագանձման բարեխիղճ ձեռք բերողից։ «Բարեխիղճ ձեռք բերողի» ինստիտուտին քիչ թե շատ ծանոթ անձանց առաջին հայացքից իրավակարգավորումը կարող է ողջամիտ թվալ, սակայն միայն առաջին հայացքից։

«Բարեխիղճ ձեռք բերողի» ինստիտուտը սահմանվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ըստ որի՝ բարեխիղճ ձեռք բերողն այն անձն է, որը հատուցմամբ ձեռք է բերել գույք և չի իմացել ու չէր կարող իմանալ, որ այդ գույքն իրեն օտարողը չուներ նման օտարման  իրավունք։ Ի՞նչ արեցին խնդրո առարկա օրենքի հեղինակները: Նրանք օրենքի կիրառման տեսանկյունից սահմանեցին այս ինստիտուտի լրացուցիչ չափանիշ։

Այսպես, օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «անձը չի հանդիսանում բարեխիղճ ձեռք բերող, եթե իրավասու մարմինն ապացուցում է, որ այդ անձը գույքը ձեռք բերելու պահին գիտեր կամ ողջամտորեն կարող էր իմանալ գույքի ապօրինի ծագման մասին»։ Ճիշտ է, այդ փաստն ապացուցելու պարտականությունը դրվում է հայցվորի, այսինքն՝ դատախազության վրա, սակայն այդպիսի փաստերի չափանիշների բացակայությունը խիստ անորոշ իրավիճակ է ստեղծում այն անձանց համար, որոնք ժամանակին գույք են ձեռք բերել պատասխանողից, քանի որ պարզ չէ, թե դատարանն ինչպես է գնահատելու դատախազության ներկայացրած այս կամ այն ապացույցը։ Օրինակ՝ ձեռքբերման ժամանանակ որևէ թերթում հրապարակված հոդվածի առկայությունը, որը պատասխանողի կոռուպցիոն կենսագրության մասին նշումներ է բովանդակում, կարո՞ղ է արդյոք համարվել ապացույց, որ ձեռք բերողը կարող էր իմանալ՝ իրեն վաճառվող գույքն ապօրինի միջոցներով է ձեռք բերվել այն վաճառողի կողմից։ Եթե այդ թերթի հրապարակման փաստին ավելացնենք նաև վաճառողին առնչվող ինչ-որ կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ հարուցված ու կարճված քրեական գործի առկայության հանգամանք, ապա իրավիճակն ավելի կբարդանա, բնականաբար, ի վնաս ենթադրյալ բարեխիղճ ձեռք բերողի։

Իհարկե, օրենքի տեսանկյունից ո՛չ դատախազությանը, ո՛չ էլ դատարանին հետաքրքիր չէ այն հանգամանքը, որ այդ գույքի ձեռքբերման ժամանակ, գործող օրենսդրությամբ, վաճառողի «հանցավոր» լինելու հանգամանքը գործարքի վավերականության տեսանկյունից իրավական որևէ ազդեցություն չի ունեցել։

Երրորդ անձինք՝ գրավառուները

Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Անձին պատկանող գույքի նկատմամբ նրա հետ չփոխկապակցված անձի սեփականության իրավունքից տարբերվող գույքային իրավունքները (այսուհետ սույն հոդվածի իմաստով՝ գույքային իրավունքներ) պահպանվում են, եթե իրավասու մարմինը չի ապացուցում, որ այդ իրավունքները ծագելու պահին անձը գիտեր կամ ողջամտորեն կարող էր իմանալ գույքի ապօրինի ծագման մասին»։

Կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնում, քանի որ չկան գույքի ապօրինի ծագման մասին իմանալու կամ իմանալու հնարավորության փաստի հաստատման համար չափանիշներ։ Դիցուք որևէ բանկ վարկավորել է մի իրավաբանական անձի, որի վարկային պարտավորության ապահովման նպատակով գրավադրվել է ինչ-որ պաշտոնյայի պատկանող գույք։ Ընդունենք նաև, որ գրավադրման պահին այդ անձի անվան շուրջ տարբեր խոսակցություններ են պտտվել նրա կոռուպցիոն գործունեության մասին։ Բնականաբար, քննարկվող ժամանակաշրջանում գրավադրման գործարքի կնքման և դրա օրինականության տեսանկյունից բանկի իրավաբանները որևէ խնդրահարույց բան չեն նկատել և չէին կարող նկատել։ Այժմ չի բացառվում, որ բանկերը ներգրավվեն այսպիսի սցենարներով դատական գործերում և չունենան բավարար որոշակիություն և կանխատեսելիություն այն առումով, թե ինչպես դատարանը կգնահատի դատախազության բերած ապացույցները, օրինակ՝ թերթի հոդվածները։

Երրորդ անձինք՝ բիզնես գործընկերները

Օրենքը չի շրջանցել նաև հավանական պատասխանողի, այսինքն՝ «ապօրինի հարստացածի» հետ փոխկապակցված անձանց, նույնիսկ  բիզնես գործընկերներին։

Այսպես, նույն 23-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «եթե գույքը ծանրաբեռնված է անձի հետ փոխկապակցված իրավաբանական անձի կամ նրա մերձավոր ազգականի գույքային իրավունքներով, կամ եթե տվյալ գույքային իրավունքների իրական շահառու է հանդիսանում այն անձը, որին պատկանում է գույքը, ապա այդ իրավունքները դադարում են գույքի բռնագանձման վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից»։

Փոխկապակցված անձանց սահմանումը տրված է նույն օրենքի 3-րդ հոդվածում, որը բավականին լայն է. փոխկապակցված են համարվում՝ անձի հետ փոխկապակցված իրավաբանական անձը, մերձավոր ազգականը կամ ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որի հետ տվյալ անձը վարում է ընդհանուր տնտեսություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն, կամ ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որին տվյալ անձն անհատույց կամ փաստացի անհատույց կամ շուկայականից էականորեն ցածր գնով փոխանցել է գույք։

Այս կատեգորիայի սցենարները ավելի բազմազան են։ Օրինակ՝ հավանական պատասխանողը որևէ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն ունի։ Այդ ընկերության ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնելու նպատակով հավանական պատասխանողը վարձակալությամբ տրամադրել է որևէ գույք, օրինակ՝ անշարժ գույք։ Օրենքի տեսանկյունից այդ իրավաբանական անձը համարվելու է հավանական պատասխանողի հետ փոխկապակցված, և իմպերատիվ կերպով իրավաբանական անձի վարձակալական իրավունքները դադարելու են այդ գույքի նկատմամբ։ Ստացվում է, որ հավանական պատասխանողի բիզնես գործընկերները, որոնք մասնակցություն ունեին իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում կկորցնեն իրենց բիզնեսում այդ վարձակալած գույքն օգտագործելու և դրանից պտուղներ քաղելու հնարավորությունից։ Մի պահ, եթե ենթադրենք, որ այդ գույքն օրինակ՝ գործարանի տարածք է կամ լավ տեղանքում խանութ, ապա ամենայն հավանականությամբ այդ գույքի նկատմամբ վարձակալության իրավունքի կորուստը կհանգեցնի բիզնեսի լիակատար ձախողման։

Ծախսեր, բաց թողնված օգուտ և համբավի ռիսկ

Օրենքի ռիսկայնությունը, բնականաբար, նախևառաջ անդրադառնալու է այն ներդրողների վրա, որոնք, իրենց կամքից անկախ, մասնակից կդառնան դատախազության հայցադիմումի հիման վրա հարուցված դատավարությանը։

Սա նախ ենթադրում է խոշոր դատական ծախսեր՝ փաստաբանի վարձատրություն, անհրաժեշտության դեպքում փորձաքննությունների վճարներ և այլն։

Երկրորդ խնդիրը օրենքով նախատեսված հայցի ապահովում կիրառելու հնարավորությունն է, ինչի հետևանքով կարող է արգելանք դրվել խնդրահարույց գույքի վրա, որը միգուցե ներդրողը պատրաստվում էր վաճառել, վարձակալության հանձնել կամ գրավադնել ֆինանսավորվելու նպատակով։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ ներդրողը որոշակի ժամանակով կզրկվի գույքի տնօրինման շնորհիվ օգուտներ քաղելու հնարավորությունից. փաստորեն՝ բաց թողնված օգուտ։

Չի բացառվում, որ նման դատավարության մասնակից դարձած ներդրողները կորցնեն իրենց նկատմամբ բիզնես միջավայրի վստահությունը (համբավի ռիսկ), հետևաբար կվտանգվեն ապագա համագործակցության ծրագրերը։ Ուստի մեծ է հավանականությունը, որ ներդրողի համար լրացուցիչ մարկետինգային ծախսեր անելու անհրաժեշտություն առաջանա, որպեսզի զսպի և չեզոքացնի համբավի ռիսկերը։

Ծախսեր, ժամանակի կորուստ և ձախողված գործարքներ

Ինչպես տեսնում ենք, օրենքի իրավակարգավորումները շատ անհարմար վիճակի մեջ են դնում բոլոր ներդրողներին՝ գույքի գնորդներին, գույքի գրավով վարկավորողներին և «հանցավորի» հետ փոխկապակցված իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում մասնակցություն  ձեռք բերողներին։ Ստացվում է, որ այս կատեգորիաներին պատկանող ներդրողները պետք է ծախսեն հավելյալ դրամական միջոցներ իրավաբանների կողմից հավուր պատշաճի ուսումնասիրություն իրականացնելու համար։ Բացի ծախսվող հավելյալ դրամից, ներդրողները կորցնում են նաև ժամանակ, իսկ իրավաբանների բացարձակ դրական եզրակացության բացակայության պարագայում նախատեսվող գործարքը, ամենայն հավանականությամբ, կա՛մ կձախողվի, կա՛մ կենթարկվի նոր փոփոխությունների՝ պայմանավորված չբացառվող ռիսկերով։

Ամփոփում

Օրենքի այսպիսի հպանցիկ ուսումնասիրությունն իսկ բավարար է եզրակացնելու համար, որ այն բավականին անորոշ վիճակում է դնում գրեթե բոլոր ներդրողներին։ Քանի դեռ օրենքի սահմանադրականությունը, առնվազն երրորդ անձանց իրավունքների մասով, չի վիճարկվել Սահմանադրական դատարանում և չկա նաև օրենքի կիրառման մասով ձևավորված կայուն դատական պրակտիկա, ներդրողներին խորհուրդ է տրվում լրացուցիչ ուշադրություն դարձնել օրենքի կիրառմամբ պայմանավորված ռիսկերին և գործարքների կնքման ժամանակ չանտեսել իրավաբանների կարծիքն ու հայտնաբերված այս կամ այն տեղեկությունը գործարքի առարկա գույքի սեփականատիրոջ հնարավոր կոռուպցիոն կենսագրության վերաբերյալ։

Վարազդատ Հարությունյան

23/04/2024
դրամ
Դոլար (USD)
390.04
-1.40
Եվրո (EUR)
415.63
-1.21
Ռուբլի (RUR)
4.18
-0.02
Լարի (GEL)
145.81
-0.93
29280.45
-668.28
Արծաթ
347.80
-7.60